- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի Զինված ուժերի Սևծովյան նավատորմի նոր հրամանատար է նշանակվել փոխծովակալ Վիկտոր Սոկոլովը: Այդ մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Նավատորմի կենտրոնական շտաբը գտնվում է Սևաստոպոլ քաղաքում:
«Գլխավոր հրամանատարի հրամանն արձակվել է, փոխծովակալին ներկայացրել են ռազմական խորհրդին, հանրային միջոցառում չի եղել և, հավանաբար, չի լինի Սևաստոպոլում ահաբեկչության վտանգի «դեղին» աստիճանի հռչակման կապակցությամբ»,- ասել է ռուսաստանյան լրատվական գործակալության անանուն աղբյուրը:
Սևծովյան նավատորմի նախորդ հրամանատարը ծովակալ Իգոր Օսիպովն էր, ով այդ պաշտոնը ստանձնել էր 2019 թվականի մայիսին:
Ղրիմում անցած օրերի ընթացքում տեղի են ունեցել հուժկու պայթյուններ, որոնք էական վնաս են հասցրել ռուսական ուժերին:
Ծովակալ Օսիպովին Սևծովյան նավատորմի հրամանատարի պաշտոնից հեռացնելու հրամանագրի ընդունմամբ արձանագրվել է Ռուսաստանում բարձրաստիճան սպայակազմի շրջանում առաջին պաշտոնանկությունը մոտ վեց ամիս տևող այս պատերազմի ընթացքում:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ուկրաինայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ Լլոյդ Օսթինը և Օլեքսի Ռեզնիկովը հեռախոսով քննարկել են Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու հարցը, հայտնել է Պենտագոնի մամլո ծառայությունը:
Նշվում է, որ Ռեզնիկովը հեռախոսազրույցի ընթացքում Օսթինին վերջին տեղեկություններն է հայտնել Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների մասին:
Երկու նախարարները նաև անդրադարձել են Ուկրաինային ռազմական ոլորտում սատարելու հարցով միջազգային շփման խմբի կայանալիք նիստի օրակարգին:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ հեռախոսով քննարկել է Կիևին ամերիկյան ռազմական օգնության հեռանկարը, հաղորդում է Պենտագոնի մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են Ուկրաինային անվտանգության բնագավառում աջակցության «անմիջական և երկարաժամկետ կարիքները»: Նշվում է, որ Ռեզնիկովն Օսթինին տեղեկացրել է պատերազմական գոտում իրավիճակի մասին։
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի հաջորդ հանդիպման անցկացման թեմային։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարչակազմը հայտնել է, որ Անտոնիու Գուտերեշը ծրագրում է վաղն այցելել Լվով՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
«Գլխավոր քարտուղարը հինգշաբթի օրը կայցելի Լվով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրավերով, մասնակցելու եռակողմ հանդիպմանը, որին կմասնակցի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
Հանդիպումից հետո Գուտերեշը կայցելի Օդեսա՝ այն նավահանգիստներից մեկը, որտեղից մեկնում են ուկրաինական հացահատիկով նավերը՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հետ ՄԱԿ-ի համաձայնագրով։ Թուրքիան որպես միջնորդ է հանդես եկել այս համաձայնագրերի ստորագրման հարցում։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, ռուսական ուժերը շարունակում են գերճշգրիտ զենքով հարվածներ հասցնել ուկրաինական թիրախներին: Մինչդեռ, Կիևը հայտնում է, որ ուկրաինացիները կարողացել են ետ մղել ռուսների գրոհները:
Ըստ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության, ռուսները Խերսոնի շրջանում հարվածներ են հասցրել Ուկրաինայի բանակի 46-րդ բրիգադի 3-րդ գումարտակի դիրքերին:
Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնում է, որ ուկրաինացիները ետ են մղել ռուսների գրոհը Սլովյանսկի, Կրամատորսկի և Բախմուտի շտջաններում, իսկ Ավդեևկայի և Զապորոժիեի ուղղությամբ մարտերը դեռ շարունակվում են:
Ուկրաինայի միջուկային էներգիայի պետական ընկերության պաշտոնյաները հայտնել են, որ ռազմական գործողությունները սպառնում են Զապորոժիեի ատոմակայանին, որտեղ հրետակոծությունների հետևանքով կարող են վնասվել ռեակտորները կամ միջուկային թափոնների պահեստները:
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուսական դատարանը ДДТ ռոք խմբի մենակատար Յուրի Շևչուկին մեղավոր ճանաչեց բանակը վարկաբեկելու համար և նրան վարչական պատասխանատվության ենթարկեց՝ տուգանելով 50 հազար ռուբլով։ Շևչուկը նիստին չէր ներկայացել։
Իրավապաշտպան Պավել Չիկովը Տելեգրամի իր էջում հրապարակել է ճանաչված երգչի հայտարարությունը, որտեղ նա ասում է, թե միշտ դեմ է պատերազմներին և նաև դեմ է Ուկրաինայի ներկայիս պատերազմին։
Մայիսի 18-ին սոցցանցերում տարածվեցից Պերմում կայացած համերգի ժամանակ Յուրի Շևչուկի խոսքերը։ Նա ասել էր, թե «Հայրենիքը նախագահի հետույք չէ, որ ամեն անգամ պետք է համբուրել։ Հայրենիքը կայարանում կարտոֆիլ վաճառող աղքատ տատիկն է»։ Հանդիսատեսը ծափահարություններով էր ընդունել նրա խոսքերը։ Իսկ իրավապահները արձանագրություն էին կազմել։
Դատարանի նիստին մասնակցել է արձանագրության հեղինակ՝ ոստիկանության աշխատակցուհի Կամալովան։ Նա ասել է, թե Շևչուկի կողմից օրինախախտման նշաններ է տեսել «մենք դեմ ենք պատերազմին» խոսքում։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ղրիմի հյուսիսում զինամթերքի պահեստի պայթյունը դիվերսիոն գործողության հետևանք է։ Ռազմամթերքի պահեստից բացի վնասվել է նաև երկաթգծի 5 կիլոմետրանոց հատված, էլեկտրակայան, բարձրավոլտ էլեկտրալարերի հենասյուներ, բնակելի տներ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջանկոյի շրջանում զորամասերից մեկի զինամթերքի պահեստում հրդեհ էր բռնկվել, որն առաջացրել էր պայթյուններ ու զիամթերքի դետոնացիա։
Միջադեպի առնչությամբ Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինական նավահանգստից պարենով բեռնված նավը ուղղություն է վերցրել դեպի Աֆրիկա։ Սա Ուկրաինայից Աֆրիկա նավարկող առաջին նավն է ռուս-ուկրաինական պատերազմից ի վեր։
ՄԱԿ-ի, Թուրքիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչներից կազմված համատեղ կոորդինացիոն կենտրոնը ավելի վաղ հավանություն էր տվել նավի երթուղուն։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ ընդհանուր առմամբ ուկրաինական նավահանգիստներից 5 նավ է դուրս եկել հացահատիկով ու եգիպտացորենով բեռնված։
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Աշխարհի 40-ից ավելի պետություններ կոչ են արել Մոսկվային դուրս բերել զորքերը Զապորոժիեի ատոմակայանի տարածքից։ Հայտարարության տեքստը տեղադրվել է ԵՄ պաշտոնական կայքում։
Մոսկվային ուղղված կոչի տակ ստորագրել են ԵՄ անդամ բոլոր պետությունները, ինչպես նաև Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, մի շարք այլ երկրներ։ Հետխորհրդային տարածքի պետություններից այս կոչին միացել են Վրաստանը և Մոլդովան։
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Լեհաստանը դիտարկում է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը համաեվրոպական մակարդակով կասեցնելու հնարավորությունը՝ անկախ խոշոր երկրների դիրքորոշումից։ Այս մասին ասել է փոխարտգործնախարար Պյոտր Վավժիկը:
Այժմ այս քայլին դեմ են Գերմանիան, Ֆրանսիան և Նիդերլանդները։ Վավժիկը նշել է, որ Վարշավայի դիրքորոշումը կիսում են նաև Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Չեխիան և Սլովակիան։ Նա հավելել է, որ Լեհաստանն արդեն մի քանի ամիս է, ինչ զբոսաշրջային վիզաներ չի տրամադրում ռուսներին։
Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսն այսօր նաև կոչ է արել վերանայել արդեն տրված կացության թույլտվությունները և վիզաները նրանց համար, ովքեր աջակցում են Ուկրաինա ռուսական ներխուժմանը:
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը կարծում է, որ ռուսաստանցիներին շենգենյան վիզաների տրամադրման հնարավոր արգելքը կարող է հանգեցնել Ռուսաստանում անկարգությունների։