- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Հացահատիկով բեռնված չորս նավ կիրակի առավոտյան դուրս է եկել ուկրաինական նավահանգիստներից` ուղևորվելով Ստամբուլ, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։
Ուկրաինան և Ռուսաստանը հուլիսի 22-ին ՄԱԿ-ի և Թուրքիայի աջակցությամբ են կնքել ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի և բուսական յուղի փոխադրման գործարքը:
Առաջինն Ուկրաինայից՝ Օդեսայի նավահանգստից, «Ռազոնի» նավն է դուրս եկել Սև ծով: Այն փոխադրում է մոտ 30 հազար տոննա եգիպտացորեն Մերձավոր Արևելքի համար և պետք է խարիսխ գցի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում:
Մի քանի օր անց Ուկրաինայից եգիպտացորենով ևս երեք բեռնատար նավ է մեկնել։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինական «Էնորգոատոմ» ընկերությունը այսօր հաղորդել է, որ Զապորոժիեի ատոմակայանի վրա կատարված հարձակման հետևանքով էներգաբլոկներից մեկում աշխատել է վթարային պաշտպանության համակարգը՝ անջատվել է երեք գործող էներգաբլոկներից մեկը։
Նախօրեին ատոմակայանը ենթարկվել էր հրետակոծության։ Առաջին հարվածը վնասել էր էլեկրամատակարարման «Լուչ» ենթակայանը։ Երկրորդ հարվածը, ըստ «Էներգոատոմի», տեղի է ունեցել ատոմակայանի տարածքի վրա՝ միջուկային ռեակտորի էերգաբլոկի մոտ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մեղադրում է ուկրաինական կողմին, իսկ ուկրաինացիները պնդում են, որ ատոմակայանի տարածքին հարվածում են ռուսական ուժերը։
Ռուսական ուժերը հարձակման են անցել Բախմուտի և Ուկրաինայի արևելյան Դոնեցկի շրջանի մի շարք այլ քաղաքների վրա, որտեղ շաբաթներ շարունակ ծանր մարտեր են ընթանում, օգոստոսի 6-ին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
Ըստ ուկրաինական կողմի տարածած հաղորդագրության, հարձակումները հաջողությամբ հետ են մղվել Յակովլիվկայում, Վերշինում, Կոդեմում և Զայցևում։
Անկախ աղբյուրները պատերազմի պայմաններում չեն կարող ստուգել ռուսական և ուկրաինական կողմերի հրապարակած տվյալների արժանահավատությունը:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Կիևի կոշտ քննադատությունից հետո էլ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարում է՝ վերահաստատում է մեղադրանքները Ուկրաինայի հասցեին՝ կրկին պնդելով, որ ուկրաինական զինված ուժերը ռազմական հենակետեր, ծանր սպառազինություն են տեղակայում բնակելի շրջաններում՝ վտանգելով քաղաքացիական բնակչության կյանքը։
Հեղինակավոր կառույցի այդ մասին ծավալուն զեկույցը կոշտ քննադատության է արժանացել Ուկրաինայի իշխանությունների կողմից: Նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրավապաշտպան կազմակերպությունը «փորձում է արդարացնել ահաբեկիչ պետությանը և պատասխանատվությունը դնել ագրեսորի զոհի վրա»։
«Եզրահանգումները հիմնված են ապացույցների վրա, որոնք ձեռք են բերվել լայնածավալ հետաքննության ընթացքում», - «Ֆրանս Պրեսսին» ուղարկված գրավոր պատասխանում հայտարարել է Amnesty International-ի գլխավոր քարտուղար Ագնես Կալլամարը:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդում է, որ վերջին մեկ օրում ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է մինչև 150 ուկրաինացի զինվոր, ոչնչացվել է ամերիկյան M-777 երկու հաուբից, 8 հրանոթ և 7 անօդաչու թռչող սարք։
Ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն, ուկրաինական բանակը Խարկովի մարզում փորձել է «բռնի կերպով տարհանել խաղաղ բնակիչներին իրենց տներից՝ օտարերկրյա վարձկաններին տեղավորելու համար», որի արդյունքում բախում է տեղի ունեցել զինվորականների և տեղի բնակիչների միջև, վիրավորվել է 9 խաղաղ բնակիչ։
Ուկրաինայի զինված ուժերն իր հերթին հաղորդում է, որ ռուսական բանակն ուժերը կենտրոնացրել է Բախմուտ և Ավդիվկա ուղղություններով առաջխաղացման վրա, այդուհանդերձ ռուսաստանցի զինվորականները Բախմուտի ուղղությամբ հաջողության չեն հասել։
Պատերազմի պայմաններում անկախ աղբյուրներին չի հաջողվում հրատապ ստուգել կողմերի հաղորդած տվյալները։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Անկարայից ստացված հաղորդագրության համաձայն, ուրբաթ օրը՝ օգոստոսի 5-ին, Ուկրաինայի նավահանգիստներից Սև ծով դուրս կգան պարենով բեռնված 3 նավեր: Այդ մասին օգոստոսի 4-ին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
«Միասնական համակարգող խորհրդի ակտիվ գործունեության ծրագրի շրջանակներում վաղը ծրագրում ենք Ուկրաինայի նավահանգիստներից Սև ծով ուղարկել հացահատիկով երեք նավ»,- ասել է Աքարը:
- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը «չի կարող անտարբերությամբ նայել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի «ռազմական գործողություններին»:
«Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային»,- ասել է Ստոլտենբերգը, խոստովանելով, որ Արևմուտքը բարձր գին է վճարում դրա համար. «Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, օրինակ, հանգեցրել են գնաճի անգամ դաշինքի անդամ երկրներում: Սա, սակայն, համեմատելի չէ այն գնի հետ, որը վճարում է Ուկրաինան»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շեշտել է, որ դաշինքը չի կարող թույլ տալ Ռուսաստանին հաջողության հասնել Ուկրաինայում. «Աշխարհը, որտեղ Պուտինը կարող է դաս քաղել, թե հնարավոր է ուզածիդ հասնել` ռազմական ուժ կիրառելով, վտանգավոր է մեզ համար։ Եթե Ռուսաստանը հաղթի այս պատերազմում, դա կհաստատի, որ բռնությամբ կարող ես ստանալ, ինչ ուզում ես։ Այդ դեպքում հաջորդը կարող են լինել հարևան մյուս երկրները»։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է զեկույց, որում քննադատել է Ուկրաինայի զինուժի գործելակերպը:
Զեկույցում նշվում է, որ Ռուսաստանի ներխուժման դեմ պայքարող ուկրաինացի զինծառայողները վտանգի են ենթարկում խաղաղ բնակիչներին, քանի որ հենակետեր և սպառազեն են տեղակայում բնակելի թաղամասերում, այդ թվում` դպրոցների և հիվանդանոցների շենքերում:
Այդ գործելակերպն, ըստ Amnesty International-ի, հակասում է միջազգային մարդասիրական իրավունքին, քանի որ քաղաքացիական օբյեկտները ռազմական թիրախ է դարձնում:
Կազմակերպության փորձագետները ապրիլ-հուլիս ամիսներին զննություն են կատարել ռուսների կողմից հրթիռակոծված Խարկովի և Նիկոլաևի շրջաններում, զրուցել են հարձակումները վերապրածների և զոհվածների ազգականների հետ և, բացի այդ, ուսումնասիրել են արբանյակային լուսանկարները:
Փորձագետները եկել են այն եզրակացության, որ ուկրաինական ուժերը կրակ են բացել բնակելի թաղամասերից և այդ շրջանների 19 քաղաքներում ու գյուղերում դիրքավորվել են քաղաքացիական շինություններում:
Ըստ փորձագետների, բնակելի թաղամասերից շատերը, որտեղ տեղակայվել են ուկրաինական ստորաբաժանումները, գտնվել են ռազմաճակատի գծից բավական հեռու, հետևաբար, զինծառայողները տեղակայման հարցում ունեցել են այլընտրանքի հնարավորություն:
«Պաշտպանական դիրքը որևէ պարագայում ուկրաինացի զինծառայողներին չի ազատում միջազգային մարդասիրական իրավունքի կանոնները պահպանելու պարտավորությունից: Ուկրաինայի կառավարությունը պետք է անհապաղ ապահովի ռազմական ստորաբաժանումների հեռացումը բնակավայրերից կամ տարհանի խաղաղ բնակիչներին այն շրջաններից, որտեղ զինվորականեր են գտնվում»,- ասվում է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության գլխավոր քարտուղար Անյես Կալամարի հայտարարությունում:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինական պարենով բեռնված «Ռազոնի» նավն անցել է Բոսֆորի նեղուցով և ուղևորվում է դեպի Լիբանան: Նավը մոտ 30 հազար տոննա եգիպտացորեն է փոխադրում:
Դա առաջին նավն է, որը պետք է ռուսների կողմից պաշարված ուկրաինական նավահանգիստներից հացահատիկ և բուսական յուղ հասցնի սովի սպառնալիքի տակ հայտնված մերձավոր-արևելյան և աֆրիկյան երկրներ:
Մինչդեռ ավստրալացի ուսանողների հետ հեռուստակապով կազմակերպված հանդիպման ընթացքում Ուկրաինայի նախագահ Վադիմիր Զելենսկին ասել է, թե 30 հազար տոննան շատ փոքր քանակություն է:
«Վերջերս ՄԱԿ-ի և Թուրքիայի գործընկերությամբ մենք ծով ուղարկեցինք առաջին նավը, բայց դա մեկ կաթիլ է ծովում, սակայն մենք հուսով ենք, որ սա կշարունակվի: Այս պատերազմի հետևանքները սոսկալի են ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ աշխարհի համար»,- ասել է Զեկլենսկին:
- Հեղինակ՝ Գեւորգ Ստամբոլցյան
Գերմանիայի նախկին դաշնային կանցլեր Գերհարդ Շրյոդերը Stern հանդեսին տված հարցազրույցում հաստատել է, որ օրերս Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։1998-ից 2005 թվականներին կանցլերի պաշտոնը զբաղեցրած Շրյոդերի խոսքով՝ քննարկման հիմնական թեմաներն են եղել Ուկրաինայում ստեղծված կացությունն ու ռուսական էներգակիրների մատակարարումը Եվրոպա։
«Լավ լուրն այն է, որ Կրեմլը [Ուկրաինայում առկա] խնդիրների լուծումը ցանկանում է գտնել բանակցությունների միջոցով», - նշել է Շրյոդերը։