- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի կառավարությունն այս տարվա ջեռուցման շրջանից առաջ պարտադիր եղանակով տարհանելու է Դոնբասում ռուսների հսկողության տակ չգտնվող տարածքներում ապրող բնակիչներին: Այդ մասին ասել է երկրի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը:
«Դոնեցկի շրջանում ամբողջությամբ բացակայում է գազամատակարարումը, բոլոր խողովակները, որոնք հնարավոր էր նորոգել, մենք նորոգել ենք, բայց թշնամին, ավաղ, ամեն անգամ ոչնչացնում է այն ամենն, ինչի օգնությամբ հնարավոր է ձմռանը ջեռուցում ապահովել, չկա բնականոն էլեկտրամատակարարում, մի խոսքով, Դոնբասի շրջանում ձմռանը տները տաքացնելու հնարավորություն չի լինի»,- ասել է Վերեշչուկը:
Նրա փոխանցմամբ, Դոնեցկի շրջանից կտարհանվի առնվազն 200 հազար բնակիչ:
Փոխվարչապետի խոսքով, մարդիկ կարող են հրաժարվել տարհանումից, բայց այդ դեպքում պարտավորված կլինեն գրավոր հաստատել, որ գիտակցում են դրա հնարավոր հետևանքները և անձնական պատասխանատվություն են կրում իրենց կյանքի համար:
Պարտադիր տարհանում կարող է իրականացվել նաև Զապորոժիեի շրջանում, որտեղ տարածքի 65 տոկոսն այլևս չունի գազամատակարարում:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Մեծ Բրիտանիայի հետախուզության (MI-6) ղեկավար Ռիչարդ Մուրը Թվիթերում գրել է, թե ռուսական ստորաբաժանումներն Ուկրաինայում «արդեն շնչահեղձ են լինում»:
Մուրի համոզմամբ, դա «պատերազմին ոչ պատշաճ մակարդակով պատրաստվելու և դրան նախորդող շրջանում, ինչպես նաև դրա ընթացքում սխալներ թույլ տալու հետևանք է»:
Բրիտանական հետախուզության փոխանցմամբ, ռուսական ուժերի կորուստներն Ուկրաինայում «հասնում են տասնյակ հազարների, և այդ կորուստներն արդեն դժվար է լրացնել»:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ «հատուկ ռազմական գործողությանը» մասնակցում են բավարար թվով զինծառայողներ, և այդ առումով երկրում զորահավաքային միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտություն չկա:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Մոսկվան Ուկրաինայում ռուսների հսկողության տակ հայտնված տարածքների ղեկավարներից պահանջում է կազմակերպել Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեներ:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հետախուզական վարչության փորձագետները ենթադրում են, որ այդ «հանրաքվեները» կարող են տեղի ունենալ մինչև այս տարեվերջ:
«Տեղական իշխանությունները բնակիչներին համոզում են հայտնել անձնական տվյալները, որոնք հետագայում կօգտագործվեն ընտրողների ցուցակները կազմելու համար», - հայտնել են բրիտանացի փորձագետները:
Խերսոնում Մոսկվայի կողմից նշանակված ռազմական վարչակազմը մի քանի շաբաթ առաջ արդեն հայտնել է, որ ցանկանում է հանրաքվե անցկացնել Ռուսաստանին միանալու հարցով:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի զինված ուժերի հարավային խմբավորման հրամանատարությունն այսօր հաղորդել է Խերսոնի շրջանում ավելի քան 100 ռուսաստանցի զինծառայողներ և զինամթերքի երկու պահեստներ ոչնչացնելու մասին:
Ըստ հարավային խմբավորման հրամանատարության, Խերսոնի շրջանում Դնեպրի գետի վրայով երկաթուղային հաղորդակցությունը խափանված է, ինչն էլ ավելի է դժվարացնում ռուսական ուժերի մատակարարումը:
Ուկրաինացիներն արևմտյան զինատեսակներով են թիրախավորել Դնեպրի վրայով գցված երեք կամուրջները: Ըստ հարավային խմբավորման հրամանատարության, հուլիսի 29-ին ոչնչացվել է մոտ 170 ռուսաստանցի զինծառայող և առնվազն 7 հրասայլ:
Անկախ աղբյուրներն այս պահի դրությամբ չեն կարող ստուգել ուկրաինական կողմի հայտնած տվյալների արժանահավատությունը:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանը պայմանավորվել են աշխատել՝ «թեթևացնելու ուկրաինական պատերազմի հետևանքները»: Այս մասին հայտարարում է Ելիսեյան պալատը Փարիզում երկու առաջնորդների բանակցություններից հետո:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինական պատերազմով պայմանավորված էներգակիրների և պարենային ապրանքների թանկացումների ֆոնին հուլիսին եվրոյի գոտում գնաճը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 8,9 տոկոսի։
Եվրոպական միության «Եվրոստատ» վիճակագրական գործակալության այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ գնաճի հիմքում էներգակիրների գներն են, որոնք տարեկան կտրվածքով աճել են 39,7 տոկոսով, և պարենային ապրանքների գները անցած տարվա համեմատ աճել են 9,8 տոկոսով:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Վլադիմիր Զելենսկին հայտարարում է՝ Ուկրաինան պատրաստ է սկսել հացահատիկի առաքումները։
«Մենք պատրաստ ենք ուկրաինական հացահատիկի առաքումներին։ Մեզ համար կարևոր է մնալ համաշխարհային պարենային անվտանգության երաշխավոր։ Մինչ ինչ-որ մեկը Սև ծովն արգելափակելով այլ պետություններից կյանքեր է խլում, մենք ապրելու հնարավորություն ենք տալիս», - Օդեսայի նավահանգիստ այցելության ընթացքում հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
«Հենց թուրքական կողմը և ՄԱԿ-ը ազդանշան տան, որ պատրաստ են ընդունել բեռները, ամեն ինչ կսկսվի։ Կարծում՝ եմ այսօր-վաղը կսկսվի», - ասել է Զելենսկին:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հերքում է ռուսական կողմի պնդումները, թե ուկրաինական զորքերը հրթիռային հարվածներ են հասցրել Ելենովկայի բանտին, որտեղ ուկրաինացի ռազմագերիներ են պահվում:
Ուկրաինայի գլխավոր շտաբը հրետակոծությունը ռուս զինվորականների սադրանք է որակել։ «Ուկրաինայի զինված ուժերի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության ենթադրյալ գնդակոծության մասին նման հայտարարությունները բացահայտ սուտ են և սադրանք, որի պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը՝ ագրեսորը, օկուպանտը և ահաբեկչությունը հովանավորողը», - ասվում է հայտարարությունում:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ուկրաինական զինուժի հարվածների հետևանքով Դոնեցկում զոհվել է 40 ուկրաինացի գերի։
Ռուսաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ անցած գիշեր ուկրաինական ուժերը HIMARS հրթիռներով հարվածներ են հասցրել Դոնեցկի շրջանի Ելենովկայի մեկուսարանին, որտեղ պահվում էին ուկրաինացի ռազմագերիներ՝ այդ թվում Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի պաշտպաններ։
Ռուսաստանի ՊՆ-ի հաղորդագրության համաձայն՝ ևս 75 ռազմագերիներ, մեկուսարանի 8 աշխատակիցներ վիրավորվել են։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ուշադրություն կհատկացնի հեռախոսազրույցի մասին Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խնդրանքին, երբ նրա ժամանակը թույլ կտա, երեկ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ուշադրություն կհատկացնի այդ խնդրանքին, երբ ժամանակը թույլ կտա: Այժմ նա ունի միջազգային շփումների զբաղված գրաֆիկ», - ասել է Զախարովան «Ինտերֆաքս»-ին տված մեկնաբանությունում:
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը երեկ ավելի վաղ ասել էր, որ ամերիկյան կողմն աշխատում է Բլինքենի և Լավրովի միջև հեռախոսազրույց կազմակերպելու ուղղությամբ: Նա ընդգծել է, որ Բլինքենը մտադիր է շոշափել միայն մի շարք թեմաներ, և զրույցը բանակցություն չի լինելու Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ և չի կարող համարվել նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև փոխգործակցության նորմալացում։
Բլինքենը նախօրեին ասել էր, որ մտադիր է մոտ օրերս զրույց ունենալ Լավրովի հետ։ Նա ակնկալում է, մասնավորապես, քննարկել Ռուսաստանում պահվող ամերիկացիներ Բրիթնի Գրեյների և Փոլ Ուիլանի ճակատագիրը։