Մատչելիության հղումներ

Ուկրաինա - Ռուսական հրթիռի բեկոր Լվովի տարածաշրջանի երկաթուղային հանգույցներից մեկում, 25-ը ապրիլի, 2022թ.

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

Լրացված

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Ուկրաինայում պատերազմի 92-րդ օրն է։

Ռուսաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել, որը Ուկրաինայի Խերսոնի և Զապորոժիեի մարզերի բնակիչներին իրավունք է տալիս պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալ։

Մոսկվան չի դիտարկում «Ազով»-ի զինյալների փոխանակում մինչև նրանց դատավճիռը, հայտարարում է Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը:

Ռուսական զորքերը հրթիռակոծել են Զապորոժիե քաղաքը:

Ուկրաինայի նախագահն Արևմուտքից ավելի շատ ծանր սպառազինություն է պահանջում:

Ուկրաինայում ռուսական զորքերի հարձակումը գիտակցաբար դանդաղեցվում է, որպեսզի խաղաղ բնակիչները տարհանվեն, և բնակչության շրջանում զոհեր չլինեն, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարը:

22:21 13.5.2022

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վստահ է՝ Ռուսաստանի հետ պատերազմ չի լինի։ Ղարիբաշվիլին հիշեցրել է, որ Վրաստանը անցած տասնամյակների ընթացքում մի քանի անգամ պատերազմել է Ռուսաստանի դեմ և բախվել «կործանարար հետևանքների», «տարածքների օկուպացման, որը շարունակվում է առայսօր»։

Վրաստանի ղեկավարի խոսքով՝ եթե երկիրը չվերլուծի ամեն ինչ և շարունակի «այս անպատասխանատու հռետորաբանությունն ու անպատասխանատու գործունեությունը, ներառյալ՝ ներքին թշնամիների ավերիչ գործունեությունը», ամեն ինչ վատ կավարտվի: «Բայց, իհարկե, մեր կառավարությունը դա թույլ չի տա», - հայտարարել է Ղարիբաշվիլին:

«Մենք բնակչությանը երաշխիքներ ենք տալիս, որ երկրում երկարաժամկետ խաղաղություն կլինի, երկրորդ ճակատ, պատերազմ չի լինի։ Հակառակը՝ կլինի զարգացում, շինարարություն և խաղաղություն»,- հավաստիացրել է Իրակլի Ղարիբաշվիլին։

22:19 13.5.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն առաջարկել է Ուկրաինային «որոշ զիջումների գնալ ինքնիշխանության հարցում»՝ «օգնելու Պուտինին փրկել դեմքը»։ Այս մասին իտալական Rai 1 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի գնահատմամբ` Մակրոնի առաջարկը «կոռեկտ չէ»: Զելենսկին պնդել է, որ Ուկրաինան չի պատրաստվում «ինչ-որ մեկի համար ինչ-որ բան փրկել և դրա համար տարածքներ կորցնել»։ Թե երբ և կոնկրետ ինչ է առաջարկել Մակրոնը, Զելենսկին բառացի չի ասել։

16:56 13.5.2022

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ուրբաթ օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում կոչ է արել հնարավորինս շուտ հրադադար հաստատել Ուկրաինայում, տեղեկացնում է գերմանական կառավարության մամլո ծառայությունը։

«Ուկրաինայում հումանիտար իրավիճակը բարելավելու և հակամարտության դիվանագիտական լուծում գտնելու հարցում առաջընթացի հասնելու համար անհրաժեշտ է հրադադար», - փոխանցել է կանցլերի խոսնակը՝ հավելելով, որ Պուտինի հետ 75 րոպե տևած հեռախոսազրույցի ընթացքում Շոլցը մատնանշել է Ռուսաստանի պատասխանատվությունը համաշխարհային պարենային իրավիճակի հարցում:

Կրեմլի հաղորդագրության համաձայն, Գերմանիայի առաջնորդի հետ զրույցի ընթացքում «Վլադիմիր Պուտինը մանրամասն ներկայացրել է Դոնբասի ժողովրդական հանրապետությունների պաշտպանությանն ուղղված ռազմական հատուկ օպերացիայի հիմնական խնդիրներն ու տրամաբանությունը, պատմել խաղաղ բնակիչների անվտանգության ապահովմանն ուղղված ձեռնարկվող քայլերի մասին»։

16:52 13.5.2022

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատի, այդ թվում՝ Ալինա Կաբաևայի նկատմամբ, որոնց Լոնդոնը անվանում է «Պուտինի դրամապանակներ»։

Բրիտանական իշխանությունները թիրախավորել են նաև Պուտինի նախկին կնոջը՝ Լյուդմիլային, Կաբաևայի տատիկին՝ Աննա Զացեպիլինային (բրիտանական ԱԳՆ փաստաթղթում նա ներկայացվում է որպես Գենադի Տիմչենկոյի մերձավոր), Պուտինի երեք հարազատներին և նրա դստեր հարազատներին։

Բրիտանական կառավարության կայքում տեղադրված պարզաբանման մեջ նշվում է, որ Ռուսաստանի առաջնորդի պաշտոնական ունեցվածքը բավական համեստ է, սակայն ընկերներն ու ռուսական էլիտայի անդամները ֆինանսավորում են նրա ճոխ ապրելակերպը։

Կաբաևայի դեմ պատժամիջոցներ են պահանջել ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի թիմակիցները` պնդելով, որ Պուտինի հետ մտերմությամբ հայտնի մարզուհին մեծ դեր ունի ռուսական քարոզչության մեջ։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG