- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը սկսել է Ուկրաինայի արևելքից վիրավորների և տարեցների տարհանումը։ Տարհանման գնացքը վերածվել է հիվանդանոցի։
- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
Associated Press-ի հարցազրույցում Վլադիմիր Զելենսկին խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր բանակցություններից՝ ասելով, թե դրանք կարող են արագացնել հրադադարը և կյանքեր փրկել, ու հենց այդ պատճառով ուկրաինական կողմը պատրաստ է նույնիսկ այսօր շարունակել բանակցությունները ռուսական կողմի հետ։
«Այնուամենայնիվ, կընդունենք խաղաղությունը, քանի որ ցանկանում ենք, որ պատերազմն ավարտվի՝ մեր պայմաններով, անկախության պայմաններով, Ուկրաինայի պայմաններով։ Ոչ ոք չի ցանկանում բանակցել այն մարդկանց հետ, ովքեր խոշտանգել են մեր մարդկանց, բայց մենք չենք կարող կորցնել դիվանագիտական լուծման հնարավորությունը, եթե դա ունենք», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
- Հեղինակ՝ Ազա Բաբայան, Մոսկվա
Associated Press-ի հարցազրույցում Վլադիմիր Զելենսկին բողոքել է արևմտյան երկրներից՝ ասելով, թե որոշ զինատեսակներ, որոնք տրամադրվել են արևմտյան երկրների կողմից, շատ ուշ են հասել Ուկրաինա։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ մի շարք եվրոպական երկրներ 100 տոկոս աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային, մինչդեռ մյուսները փոխել են իրենց դիրքորոշումը։ Զելենսկին չի ասել, թե եվրոպական հատկապես որ երկրներից է դժգոհ։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ապրիլի 9-ին Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպած Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերն ապրիլի 11-ին կմեկնի Մոսկվա, որտեղ նախատեսված է հանդիպում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին հաղորդում է Kronen Zeitung ավստրիական պարբերականը:
Ըստ պարբերականի, կանցլերն իր այցը համաձայնեցրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Նեհամերն ասել է, թե ցանկանում է «կամուրջ գցել կողմերի միջև և փորձել մի փոքր մոտեցնել խաղաղությունը»:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ վաղը տեսակապով քննարկելու է Ուկրաինայի պատերազմի խնդիրը: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամլո ծառայությունը:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
ՄԱԿ-ի Փախստականների հարցով գերագույն հանձնակատարի գրասենյակը հայտնել է, որ ապրիլի 10-ի դրությամբ ուկրաինացի փախստականների թիվը գերազանցել է 4 և կես միլիոնը: Մեկ օրում այդ թիվն ավելացել է ավելի քան 62 հազարով:
Ուկրաինայի վրա փետրվարի 24-ին Ռուսաստանի նախաձեռնած ռազմական հարձակումից փախչող մարդիկ՝ հիմնականում կանայք, երեխաներ և տարեցներ, ապաստանում են հարևան պետություններում:
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Խոսելով այն աջակցության մասին, որն այժմ ստանում է Ուկրաինան արևմտյան երկրներից՝ Զելենսկին ևս մեկ անգամ կշտամբել է ՆԱՏՕ-ի երկրներին, որ չեն հասկանում այն սպառնալիքները, որոնք Ռուսաստանը (երկար ժամանակ) կրում էր իր հետ. «Եթե մենք լինեինք ՆԱՏՕ-ում, այս պատերազմը չէր լինի, կամ էլ ամեն ինչ այնպես չէր լինի, ինչպես հիմա է»:
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
Կիևի մերձակայքում գտնվող Բուզովայա գյուղում տասնյակ ուկրաինացի խաղաղ բնակիչների մարմիններով գերեզման է հայտնաբերվել։
Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Բուզովայան ընդգրկող Դմիտրով գյուղական համայնքի ղեկավար Տարաս Դիդիչին։ Դիդիչը հայտնել է, որ գազալցակայանի մոտ հայտնաբերվել է զանգվածային գերեզման՝ տասնյակ մահացածներով։ Գերեզմանում դիակների ստույգ թիվը դեռ պարզված չէ։
- Հեղինակ՝ Սերինե Գաբրիելյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքով` դաշինքը նոր ծրագրեր է մշակում արևելքում մշտական զինված ուժերի տեղակայման համար։
Նա ասել է, որ ՆԱՏՕ-ն գտնվում է «ֆունդամենտալ վերափոխման» մեջ, որը տեղի է ունենում Ռուսաստանի ռազմական գործողության արդյունքում։
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը կարծում է, որ կառույցի առաջնորդները կորոշեն այդ հարցը, երբ հանդիպեն Մադրիդում հունիսին կայանալիք գագաթնաժողովին։