- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարն ապրիլի 7-ին հեռախոսով քննարկել են Ուկրաինայի պատերազմի խնդիրը:
Այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, նշելով, որ զրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ:
«Քննարկման ընթացքում հատուկ ուշադրություն է հատկացվել մարդասիրական հարցերին», - ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը Sky News բրիտանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ընդունել է, որ ռուսական կողմն Ուկրաինայի պատերազմում «նշանակալից կորուստներ է կրել»:
«Դա մեծ ողբերգություն է մեզ համար», - ասել է Պեսկովը՝ կորուստների վերաբերյալ որևէ թիվ չհայտնելով:
- Հեղինակ՝ Հեղինե Բունիաթյան
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը երեկ որոշեց դադարեցնել Ռուսաստանի անդամակցությունը Մարդու իրավունքների խորհրդին՝ Ուկրաինայի դեմ ռազմական հարձակման, և ռուս զինվորականների կողմից «մարդու իրավունքների կոպիտ և համակարգված խախտումների համար»։
Ռուսաստանի դեմ ներկայացված բանաձևին հավանություն են տվել կառույցի անդամ 93 պետություններ, 24-ը՝ դեմ, 58-ը՝ ձեռնպահ։
Ռուսաստանը երկրորդ երկիրն է, որի անդամակցությունը դադարեցվում է 47 անդամ ունեցող խորհրդում․ ավելի վաղ՝ 2011-ին, կառույցից հեռացվել էր նաև Լիբիան՝ նախկին բռնապետ Մուամար Քադաֆիի օրոք տեղի ունեցած հանցագործություններին ի պատասխան։
Հայաստանը քվեարկությանը չի մասնակցել։
«Ռոյթերզ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է, թե Ռուսաստանը քվեարկությունից առաջ զգուշացրել է ՄԱԿ-ի անդամներին, որ բանաձևին կողմ կամ ձեռնպահ քվեարկությունը կդիտարկվի որպես «ոչ բարեկամական քայլ, որն իր ազդեցությունը կունենա հետագա երկկողմ հարաբերությունների վրա»։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ այսօր նիստ է անցկացրել՝ քննարկելով Ուկրաինայում «հատուկ գործողության» ընթացքը, ինչպես նաև ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև բանակցային գործընթացը, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, որ բանակցային խմբում Ուկրաինան ապրիլի 6-ին համաձայնության նոր նախագիծ է ներկայացրել, որտեղ, նրա խոսքերով՝ ակնհայտորեն նահանջ կա Ստամբուլում մարտի 29-ի հանդիպմանը ամրագրված կարևոր դրույթներից։
«Ընդ որում, փաստաթղթով ամրագրված, որտեղ կա ուկրաինական պատվիրակության ղեկավար Արախամիի ստորագրությունը»,- նշել է Լավրովը։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ, գեներալ Իգոր Կոնաշենկովը այսօր ասել է, որ անցած գիշերը ռուսական ուժերը օդային և ծովային տեղակայման սպառազինություններից հրթիռակոծել են Ուկրաինայի բանակի վառելիքի չորս բազաները՝ Նիկոլաևում, Զապորոժիեում, Խարկովում և Չուգուևում։
Ամենօրյա հաղորդագրությունում նա հայտնել են, որ անցած մեկ օրվա ընթացքում թիրախավորվել է ուկրաինական 29 ռազմական օբյեկտ։
Ուկրաինայի Զինված ուժերի այսօր ներկայացրած տվյալների համաձայն՝ պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայում առնվազն 18 հազար 900 ռուսաստանցի զինվոր է զոհվել։ Ոչնչացվել է շուրջ երեք հազար զինտեխնիկա՝ տանկեր, զրահամեքենաներ, օդանավեր, ուղղաթիռներ։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Ուկրաինացի հազարավոր փախստականներ հասել են նաև Մեքսիկա։ Կալիֆորնիային սահմանակից Տիխուանա քաղաքում նրանք սպասում են սահմանը հատելու և Միացյալ Նահանգներ մտնելու ժամին։
ՄԱԿ-ի տվյալներով՝ Ռուսաստանի ներխուժումից հետո Ուկրաինայում 10 միլիոն մարդ տեղահանվել է մշտական բնակության վայրից, որոնցից 4 միլիոնը դուրս է եկել երկրից, մեծ մասը ապաստանել է հարևան Լեհաստանում։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտնել է, որ առաջիկա օրերին Եվրահանձնաժովի ղեկավարի հետ այցելելու են Կիև՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահին և պաշտպանության նախարարին։
Ուկրաինայի նախագահի մամուլի խոսնակ Սերգեյ Նիկիֆորովը ազգային հեռուստատեսությամբ ասել է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը Կիևում բանակցելու է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Նա ասել է, որ Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ժոզեպ Բորելը ևս այս շաբաթվա ընթացքում այցելելու է Կիև։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Բրյուսելում այսօր մեկնարկել է ՆԱՏՕ-ի անդամ Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարների հանդիպումը, որին հրավիրվել է նաև Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մինչ հանդիպման մեկնարկը նա լրագրողներին ասել է, որ Ուկրաինան ավելի շատ զենք է խնդրում Ռուսաստանի ագրեսիային դիմակայելու համար։
«Իմ օրակարգը շատ պարզ է՝ զենք, զենք և նորից զենք։ Մենք գիտեք ինչպես պայքարել, մենք գիտենք ինչպես հաղթել, բայց առանց Ուկրաինայի խնդրած զենքի կանոնավոր և բավարար մատակարարումների այդ հաղթանակը կուղեկցվի բազմաթիվ զոհերով», - ասել է Դմիտրի Կուլբան։
Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կրկնել է հայտնի դիրքորոշումը՝ ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինային, բայց զորք չի ուղարկի Ուկրաինա։