- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ղազախստանը չի ճանաչում Ուկրաինայի արևելքում գտնվող Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները, հայտարարել է երկրի արգործնախարար Մուխթար Թլեուբերդին։
«Այս պահին մենք չենք ճանաչում ո՛չ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունը, ո՛չ Դոնեցկի հանրապետությունը», - «Ազատության» ղազախական ծառայության հետ զրույցում ասել է Թլեուբերդին, միևնույն ժամանակ հավելել, որ Նուրսուլթանը չի պատրաստվում նաև միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Եվրոպական մի շարք երկրներ արտաքսում են տասնյակ ռուսաստանցի դիվանագետների։ Գերմանիան՝ 40, Իտալիան՝ 30, Շվեդիան՝ 3, Դանիան՝ 15, Իսպանիան՝ 25 ռուսաստանցի դիվանագետների են արտաքսում։
Ավելի վաղ նման որոշում է կայացրել նաև Ֆրանսիան, Լիտվան ու Լատվիան էլ արտաքսել են Ռուսաստանի դեսպաններին։ Լատվիան նաև հայտարարել է Մոսկվայից իր դեսպանի հետկանչի մասին։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի հետ դեմ առ դեմ հանդիպումը «կարող է տեղի չունենալ», սակայն նույնիսկ Բուչայի ողբերգությունից հետո անհրաժեշտ է շարունակել Մոսկվայի հետ բանակցությունները։
Ուկրաինայի նախագահը Բուչայում տեղի ունեցածն անվանել է «մեծ ողբերգություն» և «ցեղասպանություն»՝ վստահություն հայտնելով, որ բոլոր ռազմական հանցագործները կպատժվեն։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կայցելեն Կիև։
Եվրահանձնաժողովի մամլո խոսնակ Էրիկ Մամերի փոխանցմամբ՝ այցը տեղի կունենա այս շաբաթ, Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները Կիևում կհանդիպեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, ապրիլի 9-ին Վարշավայում կմասնակցեն Ուկրաինային նվիրված միջոցառման։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Փարիզում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Մեշկովին այսօր կանչել են Ֆրանսիայի արտգործնախարարություն, հաղորդում է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։
Ըստ նույն աղբյուրի՝ դեսպանին տեղեկացնելու են Ֆրանսիայից ռուս դիվանագետների խմբի վտարման մասին, որոնց գործունեությունը Փարիզը դիտել է որպես պետության անվտանգությանը սպառնալիք։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Ռուսաստանն այս պահին, ամենայն հավանականությամբ, փոխում է նպատակները, որոնց մտադիր էր հասնել Ուկրաինայում պատերազմի ընթացքում։ Այս մասին երկուշաբթի ուշ երեկոյան հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ Ռուսաստանը հարձակողական գործողությունները կկենտրոնացնի Ուկրաինայի արևելքում և հարավում՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում, փորձելով ավելի մեծ տարածքներ գրավել Դոնբասում, «որպեսզի քողարկի նախորդած ռազմական ձախողումները»։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ամերիկացի 44 կոնգրեսականներ՝ Հանրապետական և Դեմոկրատական կուսակցություններից, երեկ դիմել են նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով արձագանքել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խնդրանքին և ընդլայնել զենքի մատակարարումները Ուկրաինա։
Կոնգրեսականները հիշեցրել են, որ Ուկրաինան արդեն նշել է իրեն անհրաժեշտ սպառազինությունների հիմնական տեսակները, և կոչ են արել մատակարարել Կիևին նաև «երկիր-օդ» հեռահար հրթիռներ, կործանիչներ ու հականավային հրթիռներ:
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում: Այն անցկացվելու է այսօր և նվիրված կլինի Ուկրաինային, կքննարկվեն նաև Բուչայում տեղի ունեցած սպանությունները:
Ուկրաինայի ղեկավարն արդեն տեսակապով ելույթ է ունեցել ավելի քան մեկ տասնյակ խորհրդարանների դիմաց, այդ թվում՝ ԱՄՆ Կոնգրեսի, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի և Եվրախորհրդարանի:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան առաջարկում են Ռուսաստանին վտարել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից:
Այդ առաջարկով երկու երկրները հանդես են եկել Ուկրաինայում ռուսական բանակի բիրտ գործողությունների և մասնավորապես Բուչա ավանում պատերազմի ենթադրյալ հանցագործությունների մասին տեղեկատվության հրապարակման կապակցությամբ: