- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ վերստին պնդել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դեմ առ դեմ բանակցությունների անհրաժեշտության մասին՝ ասելով, թե հնարավոր չէ ավարտել պատերազմն առանց Պուտինի հետ հանդիպման:
«Ես կրկնում եմ այն, ինչ տարիներ շարունակ առաջարկել եմ, ես համոզված եմ, որ առանց այդ հանդիպման դու չես կարող հասկանալ, թե իրականում նրանք ինչ են պատրաստում, ինչ են առաջարկում պատերազմը դադարեցնելու համար և ինչ կանեն, եթե մենք պատրաստ չլինենք փոխզիջման», - ասել է Զելենսկին:
- Հեղինակ՝ Անուշ Մկրտչյան
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) վեց ամսով որակազրկել է ռուս շախմատիստ Սերգեյ Կարյակինին Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժմանը հրապարակայնորեն աջակցելու համար։
«Սերգեյ Կարյակինը մեղավոր է ճանաչվել ՖԻԴԵ-ի էթիկայի կանոնագրքի 2.2.10 հոդվածը խախտելու մեջ», - ասված է ՖԻԴԵ-ի հայտարարության մեջ։
Կարյակինը չի կարող մասնակցել աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին, որի մեկնարկը նախատեսվում է հունիսի 16-ին:
- Հեղինակ՝ Անուշ Մկրտչյան
Ռուս հայտնի դերասանուհի Չուլպան Խամատովան Լատվիայում անցկացրած արձակուրդից հետո չի վերադարձել Ռուսաստան՝ իր երկրի՝ Ուկրաինա ներխուժման հետևանքով:
YouTube-ով հեռարձակված հարցազրույցում 46-ամյա դերասանուհին, որ նաև ղեկավարում է մանկական քաղցկեղի դեմ պայքարի «Նվիրիր ինձ կյանք» բարեգործական հիմնադրամը, իր իրավիճակը որակել է աքսոր:
«Ստորագրեցի պատերազմի դեմ խնդրագիրը, հետո ինձ հասկացրին, որ անցանկալի կլինի վերադարձս: Ես գիտեմ, որ դավաճան չեմ, ես շատ եմ սիրում իմ հայրենիքը», - հայտարարել է դերասանուհին։
- Հեղինակ՝ Անուշ Մկրտչյան
Դիվանագիտական աղբյուրների հաղորդմամբ՝ ակնկալվում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այս շաբաթ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա դատապարտելու մասին հայտարարություն կդնի քվեարկության՝ մեղադրելով Կրեմլին «սարսափելի» հումանիտար իրավիճակ ստեղծելու մեջ:
ՄԱԿ-ի հայտարարությունը Մոսկվայից կպահանջի դադարեցնել մարտերը, դուրս բերել զորքերը և թույլ տալ, որ մարդասիրական օգնությունը հասնի խաղաղ բնակչությանը։
Քվեարկության օրը հայտնի չէ:
- Հեղինակ՝ Անուշ Մկրտչյան
Ռուսաստանի հետ պատերազմին վերջ տալու համար խաղաղ բանակցություններում համաձայնեցված ցանկացած հավանական գործարք կներկայացվի ուկրաինացի ժողովրդին՝ հանրաքվեի միջոցով։ Այս մասին հայտարարել է Ուկրիանայի նախագահը տեղական լրատվական կայքին տված հարցազրույցում:
«Հետևաբար, ես պատրաստ եմ անել այն, ինչ անհրաժեշտ է, եթե մեր ժողովուրդը աջակցի իմ որոշումներին», - ավելացրել է Զելենսկին՝ վերահաստատելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «ցանկացած ձևաչափով» հանդիպելու անհրաժեշտությունը՝ մարտերը դադարեցնելու համար։
- Հեղինակ՝ Անուշ Մկրտչյան
Կրեմլին մոտ կանգնած «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը Ուկրաինայում մարտերում զոհված ռուսաստանցի զինվորների թիվ հրապարակելուց վայրկաններ անց ջնջել է այդ տեղեկատվությունը։
Մի քանի վայրկան գոյություն ունեցած առցանց հրապարակումը, վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը, նշում էր, որ փետրվարի 24-ին պատերազմի սկսվելուց ի վեր զոհվել է 9 հազար 861 ռուս զինվոր:
- Հեղինակ՝ Անուշ Մկրտչյան
Մոսկվան փորձում է «ոչնչացնել» Ուկրաինան, տեղական լրատվամիջոցներին ասել է Վլադիմիր Զելենսկին։ Կիևը չի կարող կատարել ռուսական վերջնագրերը, ընդգծել է Ուկրաինայի նախագահը։
«Նախ մեզ պետք է ոչնչացնել, հետո նրանց վերջնագիրը կիրականացվի։ Ռուսները ցանկանում են, որ Ուկրաինան հանձնի Կիևը, Խարկովը, Մարիուպոլը, սակայն ո՛չ ուկրաինացի ժողովուրդը, ո՛չ ես՝ որպես նախագահ, չենք կարող դա անել», - հայտարարել է Զելենսկին:
Երեկ Պենտագոնը մեղադրել է ռուսական ուժերին Ուկրաինա արյունալի ներխուժման ժամանակ ռազմական հանցագործություններ կատարելու մեջ՝ հայտնելով, որ ապացույցները հավաքագրվում են։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ռուսաստանի ամենախոշոր օդանավակայանը՝ Մոսկվայից մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող «Շերեմետևո»-ն, գրեթե չի գործում:
Օդանավակայանի աշխատակիցների 40 տոկոսը մարտի 16-ից պարապուրդի է մատնվել: Ըստ ռուսական լրատվամիջոցների, կարգադրությունը ստորագրել է օդանավակայանի գլխավոր տնօրեն Միխայիլ Վասիլենկոն:
Հրամանագրում նշվում է, որ պարապուրդի պատճառն «ուղևորափոխադրումների ծավալի կրիտիկական նվազումն է»:
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Եվրոպական միությունը մտադիր է աստիճանաբար՝ երկու տարում հրաժարվել ռուսական գազից: Այդ մասին երեկ Բրյուսելում Եվրամիության արտգործնախարարների ժողովից հետո ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Զբիգնև Ռաուն:
Նրա խոսքով, փորձագետները կարծիք են հայտնել, որ Եվրոպական միության պարագայում ռուսական էներգակիրներից հնարավորինս արագ հրաժարվելու իրատեսական ժամկետը մոտ երկու տարի է: