- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
«Նովայա գազետա» թերթի գլխավոր խմբագիր, Նոբելյան խաղաղության մրցանակակիր Դմիտրի Մուրատովը իր ձայնն է բարձրացրել ընդդեմ Ուկրաինայի դեմ պատերազմի։
«Նովայա գազետայի» այս համարը մենք կթողարկենք երկու լեզուներով՝ որովհետև մենք երբեք Ուկրաինան թշնամի չենք ճանաչի, իսկ ուկրաներենը՝ թշանամու լեզու», - ասել է նա իր տեսաելույթում։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Եվրոպական առաջնորդները «բարբարոսական» են համարում Ռուսաստանի հարձակումը։ Եվրամիությունը կշարունակի աջակցել Ուկրաինային և նրա ժողովրդին, ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ տեղեկացնելով՝ այսօր եվրոպական առաջնորդների հաստատմանը կներկայացնեն զանգվածային և նպատակային պատժամիջոցների փաթեթ։
«Սա Եվրոպայի ամենամռայլ ժամերն են երկրորդ համաշխարհային պատերազմից հետո», - հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ նշելով․ - «Սա ոչ միյան միջազգային իրավունքի ամենամեծ խախտումն է, այլև մարդկային համակեցության հիմնարար սկզբունքների խախտում»։
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
«Եվս մեկ անգամ ցանկանում եմ դիմել Թուրքիայի իշխանություններին և ժողովրդին՝ օգնեք Ուկրաինային», - Անկարայում կայացած ճեպազրույցում հայտարարել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլ Բոդնարը։
«Մենք կոչ ենք անում փակել օդային տարածքը և Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները։ Մեր պահանջները փոխանցել ենք թուրքական կողմին։ Միաժամանակ ցանկանում ենք պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի հանդեպ», - ասել է Բոդնարը։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
ՆԱՏՕ-ն ավելացնում է Արևելյան Եվրոպայում զինվորականների թիվը։ «Ռուսաստանի գործողությունները լրջագույն սպառնալիք են եվրատլանտյան անվտանգության համար, և դրանք կունենան աշխարհա-ռազմավարական հետևանքներ։ ՆԱՏՕ-ն շարունակում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը իր դաշնակիցների պաշտպանության և անվտանգության համար։ Մենք լրացուցիչ ցամաքային և օդային ուժեր ենք ուղարկում դաշինքի արևելյան սահմաններ, ինչպես նաև ուժեղացնում ենք նավատորմը։ Մենք բարձրացրել ենք մեր ուժերի պատրաստականությունը ցանկացած չնախատեսված հանգամանքներին արձագանքման համար», - ասվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հայտարարությունում։
Խցանումներ, հերթեր
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ուկրաինական կողմը լուրջ կորուստներ ունի, և դոնորներին կոչ է արել արյուն հանձնել։
Ռուսաստանի ներխուժման առաջին ժամերի մասին տեղեկությունները հակասական են, մասնավորապես հաղորդվել է, որ 40 ուկրաինացի է զոհվել, ևս 10-ը վիրավորվել են։
- Հեղինակ՝ Տաթևիկ Սարգսյան
Անկարան անընդունելի է համարում Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի նկատմամբ սկսված ռազմական գործողությունները:
«Թուրքիան դեմ է զենքի միջոցով սահմանների փոփոխմանը», - հայտարարել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը, Ռուսաստանին կոչ արել անհապաղ դադարեցնել «այս անօրինական գործողությունը»՝ աջակցություն հայտնելով Ուկրաինայի քաղաքական միասնությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:
- Հեղինակ՝ Ռոբերտ Զարգարյան
Մի խումբ քաղաքացիներ, այդ թվում` ուկրաինացիներ այսօր Երևանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց բողոքի ցույց էին կազմակերպել՝ հաջակցություն Ուկրաինայի: «Ուզում ենք, որ Հայաստանը աջակցի մեզ այս դժվար պահին»,- ասում են այստեղ բնակվող ուկրաինացիները:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
«Սարսափելի օր Ուկրաինայի համար, մութ օր Եվրոպայի համար»․ - այսպես է որակել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այն օրը, երբ Մոսկվան սկսեց ռազմական ագրեսիան Կիևի դեմ։ Եվրամիության առանցքային պետության ղեկավարը հայտարարել է, որ աշխարհը չի մոռանա Ռուսաստանի «խայտառակությունը»։ Ռուսական հարձակումը, Գերմանիայի առաջնորդի խոսքով, «միջազգային իրավունքի բացահայտ խախտում է և որևէ արդարացում չունի»։
«Գերմանիան համերաշխ է Ուկրաինայի և նրա ժողովրդի հետ», - վստահեցրել է Շոլցը
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Կրեմլի վաղեմի դաշնակիցն անսպասելի քննադատություն է հնչեցնում Ռուսաստանի հասցեին։ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը խստորեն դատապարտել է ռուսական ագրեսիան, իր աջակցությունն է հայտնել Ուկրաինային և կոչ արել չափազանց կոշտ պատժամիջոցներ կիրառել Կրեմլի դեմ, մասնավորապես՝ Ռուսաստանին անջատել SWIFT միջազգային ֆինանսական հաղորդակցության համակարգից։ «Խելագարներին պետք է մեկուսացնել», - ասել է Չեխիայի նախագահը։