- Հեղինակ՝ Արման Հովհաննիսյան
Ուկրաինայի զինված ուժերը վստահեցնում են, որ ետ են մղում «զավթիչների» օդային հարձակումները։
«Այսօր ժամը 5։00 Ռուսաստանյան Դաշնության զինված ուժերը սկսել են արևելքում մեր ստորաբաժանումների ինտենսիվ հրետակոծություններ, ինչպես նաև հրթիռային հարվածներ են հասցրել ու ռմբահարել օդակայանները Բորիսպոլում, Օզերնոյեում, Կուլբակինոյում, Չուգուևում, Կրամատորսկում, Չերնոբաևկայում, Ուկրաինայի զինված ուժերի ռազմական օբյեկտները», - ասված է Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբի հաղորդագրությունում։
«Պետության պաշտպանության ուժերը լիակատար մարտական պատրաստականության վիճակում են, գրավել և պահպանում են պաշտպանական դիրքեր։ Իրավիճակը վերահսկելի է», - վստահեցնում է գլխավոր շտաբը՝ միաժամանակ հերքելով հաղորդումը ռուսական զորքերի դեսանտի Օդեսա մտնելու վերաբերյալ։
Նախագահ Վլադիմիր Զելենսկին Անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրել, երկրում ռազմական դրություն է հայտարարվել։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, մինչդեռ, վստահեցնում է, թե Ուկրաինայի քաղաքներին հրետանային և ավիացիոն հարվածներ չեն հասցվում, այլ «ռազմական ենթակառուցվածքն է խոցվում բարձր ճշգրտության զենքով»։
Գերատեսչությունը հերքում է Ուկրաինայի երկնքում ռուսական օդանավի խոցման մասին հաղորդումները։
- Հեղինակ՝ Լիլիթ Հարությունյան
Հաղորդվում է Կիևում և Ուկրաինայի այլ քաղաքներում պայթյունների և կրակոցների մասին՝ Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունից հետո, որը կարող է ազդարարել երկու երկրների միջև ծանր մարտերի սկիզբը:
Այսօր վաղ առավոտյան արևմտյան լրատվական գործակալությունների հաղորդագրություններում ասվում է, որ բազմաթիվ քաղաքներ ենթարկվել են հարձակման, և որ ցամաքային ուժերը Ուկրաինա են մտնում Ռուսաստանի և Բելառուսի տարբեր դիրքերից:
Ուկրաինայի ՆԳՆ ներկայացուցիչն ասել է, որ լայնամասշտաբ ներխուժում է սկսվել, որից վաղուց վախենում էին:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Twitter-ում գրել է. - «Պուտինը հենց նոր լայնածավալ ներխուժում սկսեց Ուկրաինա։ Ուկրաինայի խաղաղ քաղաքները հարվածների տակ են: Սա ագրեսիայի պատերազմ է»։
Այսօր վաղ առավոտյան իր հեռուստատեսային ելույթում Պուտինը փորձել է արդարացնել հարձակողական գործողությունը՝ պնդելով, որ պետք է խոչընդոտել Ուկրաինային միջուկային զենք ձեռք ստանալու հարցում: Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել վայր դնել զենքերը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անմիջապես դատապարտել է գործողությունը՝ այն անվանելով «չհրահրված և չարդարացված» հարձակում Ուկրաինայի վրա, և ասել, որ աշխարհը «Ռուսաստանին պատասխանատվության կենթարկի»։
«Նախագահ Պուտինն ընտրեց կանխամտածված պատերազմը, որը կարող է հանգեցնել կյանքերի աղետալի կորստի և մարդկային տառապանքի։ Միայն Ռուսաստանն է պատասխանատու մահվան և ավերի համար, որ այս հարձակումը բերելու է, և Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները և գործըկերները կպատասխանեն միասնական ու վճռական ձևով։ Աշխարհը Ռուսաստանին պատասխանատվության կենթարկի», - հայտարարել է Բայդենը։
Բայդենն ասել է, որ այսօր կդիմի ժողովրդին։