Մատչելիության հղումներ

Երևանը հուսով է, որ ՌԴ-Ադրբեջան հռչակագիրը լրացուցիչ հնարավորություն կընձեռի առաջ մղելու եռակողմ հայտարարությունների դրույթները


Երևանը հուսով է, որ Մոսկվայում Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի միջև ստորագրված հռչակագիրը լրացուցիչ հնարավորություն կընձեռի առաջ մղելու Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված եռակողմ երեք հայտարարությունների դրույթների իրականացումը: Սա, ինչպես նշել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը, կարող է նպաստել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորմանը:

«Հայաստանի և Ռուսաստանի միջև հաստատված միջպետական դաշնակցային համագործակցությունը, որը հիմնված է ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, իր բնույթով ինքնաբավ է և որևէ կերպ պայմանավորված չէ երրորդ երկրների հետ հարաբերություններով, եթե դրանք կողմերը չեն զարգացնում ի վնաս հայ-ռուսական դաշնակցության: Դրա մասին են վկայում նաև պատմությունն ու կնքված փաստաթղթերը», - ասել է Արտգործնախարարության խոսնակը` ի պատասխան հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի Հայաստանը այդ երկու երկրների միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ստորագրման վերաբերյալ:

Վահան Հունանյանը հավելել է, որ Երևանն ու Մոսկվան տարբեր մակարդակներում, այդ թվում` բարձր և բարձրագույն, «հետևողականորեն քայլեր են ձեռնարկում հարաբերությունները թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում ընդլայնելու ուղղությամբ՝ ի շահ անվտանգության երաշխավորված պայմաններում» երկու երկրների զարգացման։

Մոսկվայում երեկ Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ստորագրած 43 կետից բաղկացած փաստաթղթում անդրադարձ կա ռուս-ադրբեջանական փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցերի, այդ թվում՝ ռազմական, քաղաքական, տնտեսական, առողջապահական ու մշակութային։ Երկու երկրները պայմանավորվել են դիտարկել միմյանց ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը, Ռուսաստանն ու Ադրբեջանը հռչակագրով հարգում են միմյանց պետական ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու երկու երկրների պետական սահմանների անձեռնմխելիությունը։

XS
SM
MD
LG