Մատչելիության հղումներ

Հայաստանում հայտնաբերվել է օմիկրոնի նոր՝ BA2 ենթատիպը


Մասնագետների խոսքով, մինչև այս պահը եղած ուսումնասիրություններով, սա նախորդ շտամից ավելի արագ է տարածվում, հիվանդության ընթացքն էլ թեթև չի լինում։

Ռոմելլա Աբովյան
Ռոմելլա Աբովյան

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբան Ռոմելլա Աբովյանն ասում է՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այս նոր ենթատիպը դեռ ուսումնասիրում է. - «Կան որոշ գիտական հետազոտություններ, որ BA2 տեսակը շատ ավելի ծանր է ընթանում՝ ի տարբերություն նախորդ ենթատեսակների»։

Մասնագետների խոսքով, եթե օմիկրոնի ախտանշաններն ավելի շատ սուր շնչառական վարկներին էին բնորոշ են՝ քթից արտահոսք, հազ, բարձր ջերմություն, ապա այս նոր տեսակը գրեթե աննկատ է սկսվում։

Նաիրա Ստեփանյան
Նաիրա Ստեփանյան

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ Նաիրա Ստեփանյանը հիշեցնում է, որ հիվանդանոցները շարունակում են ծանրաբեռնված աշխատել, ազատ մահճակալներ գրեթե չկան։ Իրենց կլինիկայի փորձով է համոզվել, որ չնայած դելտայի համեմատ օմիկրոնն ավելի թեթև է ընթանում, այդուհանդերձ վտանգները նույնն են, դրանք հիմնականում ժամերի ընթացքում են զարգանում. - «Բարդությունները նույնն են եղել բոլոր շտամերի ժամանակ, դրանք հիմնականում տրոմբոէմբոլիտ բարդություններ են՝ սուր սիրտ-անոթային բարդությունները, շնչառական բարդությունները, մասնավորապես գլխուղեղի ախտահարումով պայմանավորված բարդությունները»։

Երեկվա տվյալներով, քովիդը ևս 16 մարդու կյանք է խլել, գրանցվել է 753 նոր դեպք։ Երկրում այս պահին ավելի քան 12 հազար մարդ է բուժվում։

Հայաստանյան երկու տարվա փորձն ու միջազգային ուսումնասիրությունները, ըստ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի գլխավոր բժշկի, ցույց են տալիս, որ մարդիկ հիվանդանոցից դուրս են գրվում հիմնականում ոչ թե առողջացած, այլ լավացած։ Որովհետև քովիդն ախտահարում է բոլոր օրգանները, քովիդից հետո մարդկանց մոտ կա'մ եղած հիվանդություններն են սրվում, կա'մ նոր խնդիրներ են առաջ գալիս՝ այդ թվում նաև հոգեկան առողջության հետ կապված սրացումներ, աճում են ինսուլտի դեպքերը, սրտանոթային խնդիրներն են սրվում և այլն։

Օմկիրոնն իր բոլոր տեսակներով վտանգավոր է նաև երեխաների համար

Առողջապահության նախարարության մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը վիճակագրական տվյալներ ներկայացրեց. հունվար-փետրվար ամսիներին 0-18 տարեկանների շրջանում 39 հազար 189 դեպք է արձանագրվել։ Այս պահին հանրապետությունում քովիդով վարակված 190 երեխա է հոսպիտալացված, նրանցից 3-ի վիճակը ծանր է, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։

Սերգեյ Սարգսյան
Սերգեյ Սարգսյան

«Այս շտամը երեխաների մոտ ամենամեծ թվով իհարկե վերին շնչուղիների ախտահարումն էր։ Մյուս արտահայտություններն էին աղե-ստամոքսային խանգարումները, եղել են մաշկային տարբեր արտահայտնություններ, եզակի դեպքեր այլ հիվանդությունների հետ զուգակցմամբ՝ ներառյալ մենինգետ։ Մենք եթե այսօր այստեղ նստած ենք, մենք բոլոր դիֆտետրիայի մեջ խեղդված չենք, բոլորս տիֆի մեջ չենք, այդ ամեն ինչը արել է բժշկագիտությունը։ Այսօր բժշկագիտությունը այսպիսի արդյունքներ է մեզ տալիս, և մենք պետք է կարողանանք դրանից օգտվել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սարգսյանը։

Հայաստանում ամբողջական պատվաստում է ստացել չափահաս բնակչության շուրջ 40 տոկոսը։ Պաշտոնական տվյալներով, քովիդով վարակված ավելի քան 12 հազար մարդկանց 70 տոկոսից ավելին պատվաստված չեն։ Չեն պատվաստվել նաև հոսպիտալացվածների 80 տոկոսից ավելին։

Գայանե Սահակյան
Գայանե Սահակյան

Բժիշկների 96 տոկոսը պատվաստված է։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը թվերով է ներկայացնում պատվաստումների արդյունավետությունն ու հիշեցնում, որ ՀՀ-ում այս պահին 6 պատվաստանյութ կա. - «Մոտ 890 հազար մարդ ստացել է երկրորդ դեղաչափը, և նրանցից ընդամենը 3,6 տոկոսն են դարձել քովիդ դրական։ Հենց թեկուզ այս թիվը, այս տոկոսային համամասնությունը խոսում է այն մասին, որ այսօր իրոք պատվաստումները արդյունավետ են, և պետք է շարունակել նույն պատվաստումային գործընթացը»։

«Համաճարակաբանական վիճակագրական տվյլաներն այս օրերին իրատեսական չեն», - նշում են մասնագետներն ու բացատրում, թե ինչու. - «Ասենք, մեկ ընտանիքում ունենք մեկ քովիդ դրական դեպք։ Ընտանիքի մյուս անդամները, ունենալով նույն ախտանշանները, արդեն չեն տեստավորվում, որպես այդպիսին այս նոր դեպքերի մեջ չեն ներառվում»։

Եվրամիության ցուցանիշներով Հայաստանն այս պահին գտնվում է առավել վտանգավոր՝ մուգ կարմիր գոտում։ Նախարարության ներկայացուցիչներն ասում են, որ պատվաստումների ակտիվության առումով Հայաստանը գրեթե հավասարվում է հարևան Վրաստանին, թեև ավելի ուշ է սկսել մասսայական պատվաստումները։

XS
SM
MD
LG