Մատչելիության հղումներ

Մոսկվան և Կիևը «համաձայնել են շարունակել բանակցությունները»


Հինգշաբթի օրը Գերմանիայի մայրաքաղաքում կայացած ռուս-ուկրաինական գրեթե 9 ժամ տևած բանակցությունները չհանգեցրին համատեղ փաստաթղթի ստորագրման հարցում բեկման, սակայն երկու կողմերը համաձայնեցին շարունակել բանակցությունները։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Բեռլինում բանակցություններին մասնակցած Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարին։

Ուկրաինայի և Ռուսաստանի կառավարությունների բարձրաստիճան ներկայացուցիչները հանդիպել են Գերմանիայի մայրաքաղաքում՝ մասնակցելու Ուկրաինայի արևելյան հակամարտությունը դադարեցնելու բանակցություններին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, լրագրողների հետ ճեպազրույցում, ասել է, որ կողմերը, հավանաբար, շուտով կրկին կհանդիպեն և հույս հայտնել, որ առաջընթաց կլինի գերիների փոխանակման և Արևելյան Ուկրաինայում ճանապարհային անցակետերի բացման հարցում։

Ռուսաստանը հայտարարել է, որ Ուկրաինայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ բանակցությունների վերջին փուլը Ուկրաինայի արևելյան հակամարտության կարգավորման շուրջ որևէ նոր համաձայնագրի չի հանգեցրել։ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակի խոսքով՝ հնարավոր չի եղել հաղթահարել մինսկյան պայմանավորվածությունների մեկնաբանման հետ կապված տարաձայնությունները։

XS
SM
MD
LG