Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյանը մեկնում է Մյունխեն


Հայստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր կմեկնի Մյունխեն՝ մասնակցելու Մյունխենի 58-րդ անվտանգության համաժողովին:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև մի շարք հանդիպումներ կունենա գործընկերների հետ, ֆեյսբուքում գրել է արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը։

Հայաստանում Գերմանիայի դեսպնատունը տեղեկացնում է, որ համաժողովը մեկնարկում է այսօր և այս հարթակում ավելի քան 30 պետությունների ղեկավարներ հնարավորություն ունեն վարել առանձնազրույցներ, քննարկել անվտանգության քաղաքականության հարցեր և փնտրել խաղաղ կարգավորման լուծումներ։

«Բացի այդ, լայն հասարակայնությանն առիթ է ընձեռնվում իրազեկվել անվտանգության թեմաների մասին և մասնակցել քննարկումներին։ Ուրախ ենք, որ Հայաստանը կրկին ներկայացված է այս ֆորումին», - ասված է հաղորդագրությունում, որը տեղադրված է դեսպանության ֆեյսբուքյան էջում։

Մյունխենի անվտանգության խորհրդաժողովը սովորաբար տեղի է ունենում փետրվարին և տասնամյակներ շարունակ համարվել է տարվա ամենակարևոր քաղաքական միջոցառումներից մեկը, այն հաճախ անվանում են «անվտանգության Դավոս»: Քննարկումներին մասնակցում են տասնյակ պետությունների քաղաքական և զինվորական ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ: Անցած տարի ավանդական ձևաչափով հանդիպումը կորոնավիրուսի պատճառով չեղարկվեց։

XS
SM
MD
LG