Մատչելիության հղումներ

Քոչարյանը չի՞ հասկանում Փաշինյանի ելույթները. ՔՊ պատգամավոր


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վահագն Ալեքսանյան
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վահագն Ալեքսանյան

Իշխող «Քաղաքացիական պայմանագրից» (ՔՊ) հակադարձում են երկրորդ նախագահին՝ պնդելով, որ իրականությանը չի համապատասխանում Ռոբերտ Քոչարյանի ներկայացրածը, թե Հայաստանի իշխանությունները դիտավորյալ խուսափում են ղարաբաղյան թեմայից, որպեսզի արցախահայությունն այլևս հույսեր չկապի պաշտոնական Երևանի հետ ու հարցերը փորձի լուծել ռուսների միջոցով։

Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը տարակուսած էր՝ ինչ է, Ռոբերտ Քոչարյանը չի՞ հասկանում Նիկոլ Փաշինյանի ելույթները։

«Պետք է դիտել կամ լսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին մի քանի ասուլիսները, որտեղ ղարաբաղյան բանակցությունների թեման ընդհանրապես, կարելի է ասել, գերակայում է մյուս բոլոր թեմաների նկատմամբ, ամենաշատն է դրա մասին խոսվում՝ թե՛ ասուլիսների ժամանակ, թե՛ Ազգային ժողովի ամբիոնից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ալեքսանյանը՝ շարունակելով․ - «Ես չգիտեմ՝ Ռոբերտ Քոչարյանը չի՞ լսում այդ ասուլիսները կամ ելույթները, թե՞ լսում է, բայց չի հասկանում, ինչպես վերջերս դատարանում իր մեղադրանքը չէր հասկացել»։

Պատգամավորի ներկայացմամբ, Հայաստանի իշխանությունները հետամուտ են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, որը շուրջ բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։

Երեկ հրավիրած ասուլիսում Արցախում 1994-1997 թվականներին նախագահած Ռոբերտ Քոչարյանը քննադատեց նաև Լեռնային Ղարաբաղի իշխանություններին․ - «Իմ տպավորությունն այնպիսին է, որ բոլոր կողմերը, զգայուն թեմա է, ծանր թեմա է, և չեն ուզում այս հարցը քննարկել։ Հայաստանը խուսափում է ընդհանրապես այդ հարցի շուրջ խոսալ՝ ես բացատրեցի ինչ պատճառներով, Ղարաբաղի իշխանությունը, իմ տպավորությունն այդպիսին է, ես ուրախ կլինեի, եթե ես սխալվեմ այս հարցում, չեն ուզում այս թեման սրել՝ հարաբերությունները չփչացնելու համար»։

Երեկվա ասուլիսին Քոչարյանը վերստին անդրադարձավ Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը Երևանի միանալու հարցին։ Հայաստանը տասը տարի ղեկավարած Ռոբերտ Քոչարյանը շարունակում է հրապարակավ հասկացնել, թե ամենևին էլ դեմ չէ, որ Երևանը մաս կազմի Կրեմլի ու Լուկաշենկոյի ձևավորած միությանը, որը արևմտյան ու հետխորհրդային երկրների բազմաթիվ դիտորդների գնահատմամբ՝ Մոսկվայի անթաքույց փորձն է վերականգնել երբեմնի կայսրությունը։

«Նման կարգի գործընթացներին պետք է վերաբերվել շատ պրագմատիկ և, կրկնում եմ, հաշվարկի հիմքի վրա։ Եթե դու գնում ես գործոն դառնալու ուղղությամբ՝ այս տարածաշրջանում, քո համբավը վերականգնելու և այն պետությունը լինելու, որի հետ հաշվի են նստելու այս տարածաշրջանում, ուրեմն պիտի լուծումներ գտնես։ Հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել այդ միութենական պետության շրջանակներում, կարող է լինել», - հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահը։

Վահագն Ալեքսանյանն ընդգծեց՝ Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը միանալու հարց Հայաստանի օրակարգում չկա։

«Նախ պիտի փաստեմ, որ նման հարց մեր օրակարգում առհասարակ չկա։ Իսկ ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի կողմից Հայաստանի՝ իր դիրքերը վերականգնելու մասին խորհրդատվությանը, էստեղ թույլ տվեք չմեկնաբանել պարզապես», - հայտարարեց ՔՊ պատգամավորը։

XS
SM
MD
LG