Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը սուր քննադատության է ենթարկում Փաշինյանին՝ ղարաբաղյան խնդրի մասին նրա խոսքերի պատճառով


Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսի ժամանակ։ 24-ը հունվարի 2022

Ընդդիմությունը սուր քննադատության ենթարկում  ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա խոսքերը՝ պնդելով, թե Հայաստանի ղեկավարը ավելի շատ արտահայտում էր Ադրբեջանի տեսակետները։

«Գոյություն չունի բնության մեջ որևէ փաստաթուղթ, որով Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է անհատապես ադրբեջանական հանրապետության ամբողջականությունը», - ասում է Հայ Ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Սա առաջին դեպքը չի, որ նա այդպիսի վարվելակերպ է որդեգրել։ Նպատակը մեկն է՝ ձեռքերը լվալ ամբողջությամբ Արցախի ապագայի նկատմամբ պատասխանատվությունից», - նշում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Երեկ առցանց ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ դեռևս 1991թ. կնքված ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրով, որը 1992թ. վավերացրել է նաև Հայաստանի խորհրդարանը, Երևանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Բացի այդ, խոսելով ղարաբաղյան կարգավորման մադրիդյան սկզբունքների մասին՝ Փաշինյանը հիշատակեց միայն տարածքային ամբողջականության մասին սկզբունքը, որը Հայաստանն ու Ադրբեջանը ընդունել են որպես բանակցությունների հիմք։

«Գիտեք, որ Մարդրիդյան սկզբունքները երբ որ բանակցությունների հիմք են դարձել, այդտեղ արձանագրված սկզբունքներից մեկը տարածքային ամբողջականության սկզբունքն է, որ երկու կողմն էլ ընդունել են որպես բանակցությունների հիմք։ Եվ էստեղ նկատի ունեմ, որ դե յուրե Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանը դեռևս 1992 թվականից ճանաչել են սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը։ Ընդ որում, ԱՊՀ-ում գոյություն ունեցող սահմանների և տարածքների շրջանակում», - ասել էր Փաշինյանը։

Այնինչ և՛ ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագիրը, և՛ 2007թ.-ին ներկայացված Մադիրիդյան սկզբունքները հիշատակում են 1975թ. Հելսինկյան եզրափակիչ ակտի հայտնի երեք դրույթները ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքից խուսափելու, պետությունների տարածքային ամբողջականության, իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման վերաբերյալ:

Լևոն Զուրաբյան
Լևոն Զուրաբյան

«Ազատության» հետ զրույցում Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն այսօր ընդգծելով նշված հանգամանքը՝ հարց բարձրացրեց, թե ինչու է Հայաստանի վարչապետը խոսում միայն տարածքային ամբողջականության սկզբունքից. - «Դուք կարող եք, դա արել են, ասենք, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, ճանաչեք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Միևնույն ժամանակ, դուք կարող եք պատկերացնել հակամարտության այնպիսի լուծում, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ձեռք է բերում անկախություն Ադրբեջանից»։

Զուրաբյանը, ով Հայաստանի անկախության նվաճումից ի վեր՝ 1991թ.-ից առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օգնականն էր, փաստաթուղթ հրապարակեց՝ 1997թ. -ի հուլիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած ղարաբաղյան կարգավորման փաթեթային տարբերակին պաշտոնական Երևանի պատասխանը. - ««Հայաստանը, ինչպես հայտնի է, չի կարող հարցի կարգավորման հիմք ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքն այնքան ժամանակ, քանի դեռ չեն ճշգրտվել Ադրբեջան - Լեռնային Ղարաբաղ հարաբերությունները և չի հստակեցվել Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակը»։ Եվ հետո շարունակության մեջ ասում է. «Ինչպես նշել ենք վերևում, Հայաստանի չի կարող հարցի կարգավորման հիմք ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը։ Հետևաբար, համաձայնագրի նախագծում տեղ գտած առաջին և երկրորդ հոդվածները (դրանք հենց տարածքային ամբողջականության մասին հոդվածն էր և որ Ղարաբաղը ճանաչվում է Ադրբեջանի մաս) Հայաստանի համար քննարկման ենթակա չեն»։

Փաշինյանը նպատակ ունի ձեռքերը լվանալ Արցախի ապագայի նկատմամբ պատասխանատվությունից. Աշոտյան

Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի պնդմամբ, Ղարաբաղյան կարգավորման մասին նման կերպ խոսելով՝ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի ձեռքերը լվանալ Արցախի ապագայի նկատմամբ պատասխանատվությունից. - «Տարբեր պետություններ, մտնելով տարբեր միջազգային կառույցներ, ճանաչում են դեկլարատիվ մակարդակով ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունը և այլն։ Ինչո՞ւ մենակ ԱՊՀ։ Կարող ենք շարունակել այդ շարքը՝ Եվրոպայի խորհրդի անդամ դառնալիս, ՄԱԿ-ի անդամ դառնալիս։ Հիմա էդ շարքի մեջ ձեզ օրինակ բերեմ, տեսեք, որ Նիկոլը ստում է։ Որովհետև, եթե էդ մակարդակով, անդամության մակարդակով պետությունները ճանաչում են իրար տարածքային ամբողջականությունը, ապա ո՞նց ա Ճապոնիան և Ռուսաստանի Դաշնությունը, որ ունեն մաքուր տարածքային վեճ, ՄԱԿ-ի անդամ են երկուսն էլ։ Ո՞նց ա լինում, որ Հունաստանը և Թուրքիան, որոնք ունեն տարածքային վեճ, ջրային սահմանների առնվազն, կղզիների և այլն, ՆԱՏՕ-ի անդամ են։ Ո՞նց է լինում, որ Կիպրոսն ու Թուրքիան, որոնք ունեն տարածքային վեճ, միաժամանակ հանդիսանում են Եվրոպայի խորհրդի անդամ պետություններ։ Այսինքն՝ տարածքային ամբողջականության ճանաչումը անդամության ժամանակ կրում է արարողակարգային, դեկլարատիվ, դիպլոմատիկ, մակերեսային բնույթ»։

Ինքը՝ Փաշինյանը երեկ, սակայն, վերահաստատեց՝ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է առաջնային պատասխանատվություն ունենալ ղարաբաղյան հարցում։

Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյան

Աշոտյանը շարունակեց, թե Արցախյան խնդիրը երբեք չի վերաբերել տարածքային ամբողջականության հարցին, տարածքային վեճ չի եղել, և խնդիրը նման կերպ ներկայացնելը եղել է Բաքվի մոտեցումը. - «Այնինչ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականությունը իրար չհակասող են։ Բացատրեմ ինչու։ Երկու պետությունների միջև տարածքային ամբողջականության խնդիրը երկու պետությունների հարաբերությունների խնդիր է։ Ինքնորոշման իրավունքի խնդիրը մի պետության ներսում սեցեսիայի այսպես ասած եղանակով, որպես կանոն ռեֆերենդում, երբեմն պատերազմ և այլն, էս պետությունից անջատվելու խնդիր է։ Այսինքն՝ դա բացարձակ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ հայկական նկրտումների հետ։ Հայաստանը երբեք Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջատիրություն չի ունեցել»։

Գրեթե երեսուն տարի առաջ՝ 1992թ. հուլիսի 8-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանը՝ Գերագույն խորհուրդը ընդունեց մի որոշում՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին», որի երկրորդ կետում նշված է. «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG