Մատչելիության հղումներ

«Մեր հանձնառությունն՝ ապահովելու խաղաղ տարածաշրջան, չի դադարելու»․ Թորոսյան


«Մեր հանձնառությունն՝ ապահովելու խաղաղ տարածաշրջան, չի դադարելու», - «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ հակադարձելով ընդդիմադիրների պնդումներին, թե «խաղաղության օրակարգը չի աշխատում, որովհետև աշխատեցնողը Նիկոլ Փաշինյանն է»։

Ընդգծելով, որ իրենց նախընտրական փաստացի խոսույթում ամենահիմնական դերը տվել են հենց խաղաղության դարաշրջանին՝ Թորոսյանը շեշտեց՝ ոչ մեկ չի ասել, որ խաղաղությունը լիում է մեկ օրում, մեկ րոպեում, մեկ ամսում՝ նկատելով՝ ընդհանրապես խաղաղությունը միշտ զարգանալու տեղ ունի։

«Եթե նույնիսկ դու այսօր ունես հարաբերականորեն խաղաղ վիճակ, վաղը դու կարող ես ունենալ ավելի լավ վիճակ և այլն, և մենք էդ ճանապարհով գնալու ենք առաջ։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ այդ խաղաղության օրակարգին դեմ կան ուժեր՝ և՛ արտաքին, և՛ ներքին, դա ակնհայտ է, և մենք պետք է փորձենք այդ բոլոր մարտահրավերների դեմ պայքարելով գնանք առաջ», - ասաց իշխանական պատգամավորը՝ շեշտելով՝ պատրաստ են եղած ռեսուրսները զարգացնելով աճեցնելով ծառայեցնել խաղաղության օրակարգին։

«Այո, տեսնելով էդ բոլոր մարտահրավերները՝ և՛ անկայունությունը սահմանների վրա, և՛ ճնշումները՝ արտաքին, նաև, դժբախտաբար, ներքին, որովհետև փաստացի կան ներքին ուժեր, որոնք էլի չեն ուզում խաղաղություն, մենք այնուամենայնիվ պատրաստ ենք մեր եղած ռեսուրսների շրջանակում և էդ ռեսուրսները զարգացնելով աճեցնելով՝ մեր ռազմական ներուժը, բանակի բարեփոխումները, մեր դիվանագիտական ներուժը, տնտեսական ներուժը, մեր մտավոր և բոլոր ներուժերը ծառայեցնել էդ օրակարգին, որպեսզի մենք էդ մարտահրավերները հաղթահարելով գնանք առաջ, ու էդ առաջը վերջ չունի, մենք պետք է հավերժ գնանք առաջ էդ ճանապարհով», - եզրափակեց Թորոսյանը։

Կառավարության նիստերից մեկի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ չնայած սահմանային բախումներին, հավատարիմ են մնալու խաղաղության օրակարգին՝ շեշտելով երկրի և տարածաշրջանի խաղաղ զարգացման օրակարգ բացելու համար ամուր նյարդերի անհրաժեշտությունը։ «Շատ-շատերը մեզ անընդհատ փորձելու են ապացուցել, կամ ցույց տալ, կամ մղել այն մտքի, որ դա հնարավոր չէ, մենք հետևողականորեն շարժվելու են այս ճանապարհով և պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր երկրի շուրջ ձևավորվի կայուն և անվտանգ միջավայր, և սա մեր քաղաքական ամենակարևոր անելիքն է առավել ևս 2020 թվականի պատերազմից և 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, մենք այս օրակարգն առաջ ենք մղելու», - ասել էր Հայաստանի կառավարության ղեկավարը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG