Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիայի մասնակիցները կառավարությունից պահանջում են տեր կանգնել «խաղաղության դարաշրջանի» խոստմանը


«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստացած խաղաղության դարաշրջանն առայժմ բացվել է միայն սահմանային լարումներով և զոհերով», - մի խումբ քաղաքացիներ այս մտահոգությամբ էին այսօր կառավարության շենքի առջև հավաքվել։

Բողոքի ակցիայի կազմակերպիչ, քաղհասարակության ներկայացուցիչ Իզաբելլա Սարգսյանն ասում է՝ կառավարությունը պետք է տեր կանգնի խաղաղության դարաշրջանի իր խոստմանը: Սարգսյանը հիշեցնում՝ օրերս սահմանային լարվածության հետևանքով, հակառակորդի գնդակից, Հայաստանի սուվերեն տարածքում երեք հայ զինծառայող է սպանվել, ևս երկուսը վիրավորվել են։

«Ցանկացած պետություն երաշխավորն է անվտանգության, մարդկանց կյանքի: Կառավարությունը, իշխանությունը և պետությունը պարտավոր են այս հարցերը լուծել, որ մարդիկ չզոհվեն, որ մարդիկ իրենց ապահով զգան: Մենք տեսնում ենք, որ դա տեղի չի ունենում, մենք չունենք կոնկրետ, հստակ պահանջ, ըստ էության, մեր պահանջն ավելի լայն է՝ ապահովել հայաստանցիների ապահովությունը», - հայտնեց Սարգսյանը:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը դատարկ թուղթը ձեռքին էր եկել բողոքի ակցիային, ասաց՝ այն ավելի խոսուն է։ Տարածաշրջանային անվտանգության ընդհանուր միջավայր ստեղծելու համար, դեռ 30 տարի առաջ ստեղծված ՀԱՊԿ-ը, ըստ բողոքի ակցիայի մասնակից իրավապաշտպանների, սպառել է իրեն։

«Լինեն միջազգային խաղաղապահ ուժեր, որոնց առկայությունը ամբողջությամբ չի փակի խնդիրները, բայց գոնե նվազագույն ինչ-որ ապահովություն կտա, որովհետև այլևս փաստ է, որ այս համակարգը չի աշխատում, այս տարբերակը, որ մենք ընտրել ենք և համարում ենք՝ վստահելի չի աշխատում: ՀԱՊԿ-ը և ռուսական խաղաղապահ զորքերի առկայություն չի աշխատում», - նշեց Կարապետյանցը:

Մինչ դրսում շարունակվում էր բողոքի ակցիան, ներսում ընթանում էր կառավարության նիստը, որի ընթացքում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, թե կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկը երկրի պաշտպանունակությունը բարձրացնելն է։ Ընդգծեց, որ երկրի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման օրակարգ բացելու հարցում ամուր նյարդեր են պետք։

Ակցիայի մասնակիցներն ասում են՝ այլևս ոչ մի նյարդ չի դիմանում, երբ պատերազմից հետո նոր զոհերի մասին են լսում։

«Չորրորդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթևոսյանը նույնպես մասնակցում էր այսօրվա ակցիային, իշխանություններից պահանջում է նորակոչիկներին առաջնագծից հեռու պահել, վերջ տալ սողացող պատերազմին, իսկ եթե դա չի հաջողվում, ասաց, թող հրաժարական տան։

«Այսօր 18-20 տարեկան երեխաները չպիտի գնան և չպիտի կանգնեն անպաշտպան, բաց օդով, վատ հանդերձանքով, առանց զենքի սահմանին: Նրանք թնդանոթի միս չեն, պետք է իշխանությունը տեսնի, որ ընդդիմացող կա և այսպես չի կարող շարունակվել», - ասաց Մաթևոսյանը:

Անդրադառնալով Ալիևի երեկվա հայտարարություններին, թե օրերս սահմանային լարվածությունը սկսվել է հայկական կողմի սադրանքների հետևանքով, և որ նվազագույն սպառնալիքի դեպքում այդ վտանգները արագ կոչնչացվեն՝ իրավապաշտպան Նինա Կարապետյանցը հարցնում է՝ իսկ հայկական կողմի արձագանքն ո՞ւր է. - «Ալիևն ասում է և անում է այն, ինչը բխում է Ադրբեջանի շահերից, դա նորմալ է, իրենց համար նորմալ է: Ի՞նչ ենք անում մենք դրա հակադարձումը տալու համար, ես անկեղծորեն չեմ տեսնում ոչ մի քայլ: Ի՞նչ է ասում Պուտինը, իրենց երկրի շահերից է բխում, լավ են անում, մեր շահերից որևիցե մեկը խոսո՞ւմ է, թե՞ չէ, առհասարակ»:

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը կարծում է, որ հետպատերազմյան Հայաստանում բանակային խոշոր ռեֆորմ է հարկավոր, պետք է հնարավորինս արագ պրոֆեսիոնալ բանակ ստեղծել, առաջնագիծն ամբողջությամբ կահավորել։ Միացել էր այսօրվա բողոքի ակցիային, որ կառավարությունից տեսնեն՝ պահանջատեր քաղաքացիներ կան:

«Հերիք է լռենք, հերիք է լացենք, հերիք է Ֆեյսբուքում ստատուսներ գրելով բան անենք, իրենք պետք է տեսնեն, որ մարդիկ կան և բողոքում են: Ակնկալիքներ իրենցից ունենք, որ տեսնեն էս մարդկանց, իրենց գրածները կարդան ու էդ գրածներին ուղղված քաղաքականություն մշակեն, որովհետև այս մարմինը քաղաքականություններ մշակող մարմին է», - հայտարարեց Հովհաննիսյանը:

Մեկ ժամ հետո ակցիայի մասնակիցները հեռացան Կառավարության շենքի առջևից, ասացին, ցանկանում էին պարզապես իրենց պահանջը հրապարակավ ներկայացնել:

Բանակային միջադեպերն արձանագրում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։ Նրանց տվյալներով՝ անցած տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 65 զինծառայողի մահվան դեպք է գրանցվել, ընդ որում՝ 45-ը մահացել են ոչ մարտական պայմաններում։

XS
SM
MD
LG