Միացյալ Նահանգները Հայաստանի անկախացումից ի վեր մեր երկրի հաստատուն գործընկերն ու բարեկամն է, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ հանդիպման ժամանակ այսօր ասել է Հայաստանի նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը:
Նախ միմյանց շնորհավորելով Հայաստան-ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ՝ կողմերն անդրադարձել են Սիմոնյանի գլխավորած պատվիրակության՝ հունվարին Վաշինգտոն կատարած աշխատանքային այցին։
Ըստ նախագահի գրասենյակի, Ալեն Սիմոնյանը խոսել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպումից, մանրամասներ ներկայացրել այցից՝ ընդգծելով ԱՄՆ գործընկերների հետ մի շարք հանդիպումների արդյունավետությունն ու շարունակական ծրագրեր մշակելու պատրաստակամությունը։
Մտքեր են փոխանակվել Հայաստան-ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում համատեղ նախագծերի կյանքի կոչման շուրջ։