Մատչելիության հղումներ

Ադրբեջանը հրաժարվում էր վերցնել իր զոհերի մարմինները. Լարիսա Ալավերդյան


Լարիսա Ալավերդյան, Արմեն Կապրիելյան
Լարիսա Ալավերդյան, Արմեն Կապրիելյան

Ադրբեջանական կողմը արցախյան առաջին պատերազմի ժամանակ հրաժարվում էր վերցնել իր զոհերի մարմինները, ասում է «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարական կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանը։

«Հանցավոր ձևով շատ հրամանատարներ Ադրբեջանի կողմից չեն վերցնում։ Անգամ հայտարարելուց հետո, որ եկեք վերցրեք», - հավելում է նա։

Ալավերդյանը հենց 90-ականներից է զբաղվում անհայտ կորածների, գերիներ հարցերով։ Վերջին օրերին առաջին պատերազմում անհետ կորածների ճակատագիրը դարձյալ օրակարգում է հայտնվել, այն բանից հետո, երբ Ադրբեջանը 8 հայ ռազմագերիներին վերադարձնելով՝ ընդգծեց, թե դրա դիմաց ակնկալում է տեղեկություններ առաջին պատերազմի ընթացքում զոհված ադրբեջանցի զինծառայողների և խաղաղ բնակիչների մասին։ Նրանք, ենթադրում են Ադրբեջանում, հուղարկավորվել են եղբայրական գերեզմաններում։

«Մարդկանց ճակատագրերով չենք սակարկում», - երեկ խորհրդարանական ամբիոնից հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ շեշտելով, որ 108 ադրբեջանցու մարմին առանց նախապայմանի են արդեն վերադարձրել են. - «Ադրբեջանն անընդհատ խոսում է այն մասին, որ առաջին Ղարաբաղյան պատերազմից հետո իրենք ունեն շուրջ չորս հազար անհետ կորածներ։ Բայց ես ուզում եմ ընդգծել, որ հայկական կողմը նույնպես ունի անհետ կորածներ, պաշտոնական թվերով՝ 777 անհետ կորածներ ունենք»։

«Մենք թույլ չենք տա, որ Հայաստանը ևս 30 տարի լռի 3700 ադրբեջանցիների ճակատագրի մասին». այսպես է Հայաստանի վարչապետի հայտարարությանն արձագանքել Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան։ Նա շեշտել է, թե առաջին պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի հստակեցումը Բաքվի առաջնահերթությունների թվում է։

Լարիսա Ալավերդյանը օրինակներով է հիշում՝ Քարին տակի մարտերում բազմաթիվ ադրբեջանցիներ զոհվեցին ու նրանց մարմինները ոչ ոք չտարավ. - «Ինքնապաշտպանական ջոկատից ինչքան էլ հայտնում էին, որ եկեք վերցրեք այդ մարմինները, նրանք չէին գալիս։ Դրա համար պետք չի այդ հարցերը օդում տալ։ Դեռ ողջ են բավականին մեծ թվով դաշտային հրամանատարներ թե' Ադրբեջանում, թե' Հայաստանում»։

Դեռ 2003 թվականին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախաձեռնած համաժողովի ժամանակ, որպես Հայաստանի ներկայացուցիչ Ալավերդյանն ինքն է դիմել Ադրբեջանին՝ սկսկել անհայտ կորածների ցանկերի հետ աշխատանքը։ Այդ երկրի ներկայացուցիչը, ասում է Ալավերդյանը, երկու շաբաթ ժամանակ խնդրեց և այդ ժամկետը դեռևս չի լրացել։

Ադրբեջանական կողմի ներկայացրած թվերն էլ, ըստ Ալավերդյանի, հստակ չեն, ուռճացված են. - «Իրենք վեց ու կեսից, եթե ոչ ավել, կամաց-կամաց իջեցնելով, եկել կանգնել են ինչ-որ չորս հազար քանիսի վրա։ Ցուցակները ինչքան էլ իրենք շտկում են, մնում է շատ մեծ անորոշություն»։

Դեռ այդ տարիներին մենք խնդրում էինք նրանց անուն-ազգանուններ տալ, հստակ անվանացանկ, սակայն ադրբեջանական կողմը երբեք չի ընդառաջել, ասում է Ալավերդյանը՝ հավելելով, որ տասնամյակներ առաջ դեռ կարողանում էին կապ հաստատել նույնիսկ ադրբեջանցի ծնողների կամ այդ հարցով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ։ Հետո այդ ամենն էլ անհնար դարձավ։

«Ես Ադրբեջանի հրապարակած թվերին, անկեղծ ասած, երբևիցե չեմ վստահել», - ասում է գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող աշխատանքային խմբի նախկին ղեկավար Արմեն Կապրիելյանը։

Նա 12 տարի ղեկավարել է այդ խումբը։ Նրա խոսքով, ի տարբերություն Ադրբեջանի, հայկական կողմը 90-ից անհետ կորած համարվող անձանց անվանացանկ ունի՝ շուրջ հազար հոգի Հայաստանից ու Արցախից, հստակ անուն-ազգանուններով, անհետացման պատմություններով. - «Ստույգ, ճշգրիտ, տարբեր ժամանակներում ստացված, հավաստի, ինչպես նաև օպերատիվ տեղեկություններ ում վերաբերյալ որ ստացվել ա, դրանք շուրջ հարյուր հոգին էին։ Ավելի ստույգ` 98 հոգու մասին ա խոսքը»։
Կապրիելյանը շեշետում է, որ բազմաթիվ տեղեկություններ հայթայթել են օպերատիվ ճանապարհով, նույնիսկ մասնավոր կապերով։

Շատ մանրամասներ իհարկե չի կարող ասել. - «Մասնավոր անձանց տներում որպես ծառաներ ապրում և աշխատում են էդ մարդիկ։ Համապատասխան հանքերում՝ որպես ձրի աշխատուժ։ Ունեցել ենք ինֆորմացիա նույնիսկ, որ մեր հայրենակիցներից եղել են մարդիկ, ովքեր որ... էսպես ասեմ՝ տեսնող ա եղել Թուրքիայում»։

Անձանց ճակատագրերը մինչև վերջ պարզելու, ի վերջո նրանց վերադարձնելու համար երկկողմ համագործակցություն էր պետք, իսկ այն չկար, շեշտում է Կապրիելյանը։ Օրինակներից մեկն էլ «Արաբո», «Արծիվ», «Զեյթուն» ջոկատների 15 ազատամարտիկների աճյունների հարցն էր։ Կապրիելյանն ասում է, որ նրանց թաղման վայրը պարզել էին, բայց Ադրբեջանն անտեսեց նաև միջազգային կառույցների միջոցով ուղղած հայկական կողմի բոլոր դիմումները։

«Բուլդոզերով փոսը փորել են, մարդկանց լցրել են մեջը, թաղել են։ Ասեմ ավելին՝ էդ թաղման վայրի վրա մինչև վերջերս ադրբեջանական պոստ ա էղել»։

«Ընդդեմ իրավական կամայականությունների» կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանը վստահ է, որ Ադրբեջանն այժմ 90-ականների անհետ կորածների թեման շրջանառում է այն մանրամասն շահարկելու համար։ «Տարիներ առաջ միջազգային կազմակերպությունների նախաձեռնությամբ, արցախյան կողմը անհետ կորած համարվող 6 ադրբեջանցու աճյուն փոխանցեց, ու Բաքուն սկսեց խոշտանգումների մասին լեգենդներ տարածել միջազգային հարթակներից»։

«Սկսել են տարածել, որ էդ վեցին հայերը ողջ վերցրել են գերի ու գերության մեջ սպանել են։ Մնացած լեգենդները այլևս չեմ ասում», - հավելեց նա։

Այդ վտանգը հիմա էլ կա, շեշտում է Ալավերդյանն ու նշում, որ մի շարք հարցեր ունի կառավարությանն ու ղեկավարին. 108 աճյունների փոխանցմանն արդյո՞ք մասնագիտական աշխատանք է նախորդել միջազգային կառույցների ներգրավմամբ։ Ալավերդյանը մտահոգություն ունի, որ մարդասիրական այս խնդրի լուծման գործընթացը, որ երկու երկրների միջև մթնոլորտ փոխելու համար է արվում, Ադրբեջանը կդարձնի հայատյացության քարոզի նոր առիթ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG