Մատչելիության հղումներ

«Հայաստան» հրատարակչությունը նշում է հիմնադրման 100-ամյակը


Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյան (Լուսանկարը՝ «Արմենպրես»-ի)
Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյան (Լուսանկարը՝ «Արմենպրես»-ի)

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն այսօր նշեց «Հայաստան» հրատարակության՝ «Հայպետհրատ»-ի հիմնադրման 100-ամյակը։

Ժամանակին հրատարակչությունը ղեկավարել են անվանի գրողներ, իսկ վերջին 25 տարիներին «Հայաստան» հրատարակության տնօրենն էր գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Վահագն Սարգսյանը՝ աշխատելով այնտեղ դեռ խորհրդային տարիներից որպես կրտսեր խմբագիր։

Այժմ Վահագն Սարգսյանը ղեկավարում է Գրականության և արվեստի թանգարանը, որտեղ էլ այսօր հանդիսությամբ նշվեց հրատարակչության հիմնադրման հոբելյանը. - «Այսօր նշում ենք «Հայաստան» հրատարակչության՝ «Հայպետհրատի» հարյուրամյակը։ Ստեղծվել է 1921 թվականի հունիսի 10-ին Ժողկոմխորհի դեկրետով, որի տակ ստորագրել է Ալեքսանդր Մյասնիկյանը»։

Հրատարակչության անցած 100 տարվա ճանապահը բնորոշելիս Վահագն Սարգսյանն ուշագրավ համեմատություն է անում. - «Հարյուր տարվա մի ճանապարհ, որ համընկնում է մեր ժողովրդի բախտի ու ճակատագրի հետ։ Թե ինչ վայրիվերումներով անցավ և' հրատարակչությունը, և' մեր ժողովուրդը։ Մենք խորհրդային շրջանում ունեցանք կատարյալ մի հրատարակչություն՝ իր կառուցվածքով և ամեն ինչով, սակայն տեսանք նաև գլավլիտյան բռնաճնշումները։ Գրաքննության, որ մինչև այսօր իր վերքերը դեռ չի ապաքինել։ Հրատարակչությունը հիմա ղեկավարում է Նաիրա Սարգսյանը, լավ հմուտ է մեր գրական աշխարհին, գիտի գրողներին։ Նա ունի փորձ, ունի գրողների հետ շփվելու և գրահրատարակչությունը տեղից շարժելու փորձ»։

Վահագն Սարգսյանի համոզմամբ, «Հայաստան» հրատարակչության անցած ճանապարհը նշանավորվում է հենց հիմնադրման ակունքներում և դրանից հետո կանգնած նվիրյալներով, որոնցից մեկն էր նաև մեր մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցը. - «Մեզանում ոչ միայն ձևավորվեցին հրատարակչական գործի մասնագետներ, այլև այնտեղ աշխատեց Եղիշե Չարենցը, որ դրեց իր մատենաշարերով, գրքերի տպագրության որակով, բնութագրիչներով մեծ ավանդներ։ Այնտեղ աշխատեց Ռուբեն Զարյանը, հատկապես նրա աշխատած տարիները համընկան պատերազմի տարիներին, և նրա հովանավորությամբ ստեղծվեցին Դեմիրճյանի «Վարդանանքը», Ստեփան Զորյանի «Պապ թագավորը» և այլն։ Հետագայում՝ 60-ականներին գլխավոր խմբագիրն էր Մկրտիչ Սարգսյանը, որ էլի մեծ ավանդներ ստեղծեց, նրա ժամանակ գրքերի տպաքանակները հասան 50, 60, 70 հազարի, որովհետև գրքի հանդես սերը կարծես թե ավելացավ։ Հենց այդ տարիներին տեղի ունեցավ Պարույր Սևակի «Եղիցի լույս»-ի ոդիսականը։ Եվ կարծես թե դա մնաց և' խորհրդային երկրի, և' մեր իշխանավորների վրա մի խարան, դաջվածք։ Հետագայում անկախության շրջանը շատ բարդ շրջան էր, հաղթահարեցինք շատ խոչընդոտներ, բայց դիմակայեցինք։ Եվ փաստ Աստծու, հրատարակչությունը հենց նույն անկախության շրջանում տպեց բազմաթիվ գրքեր, որոնցով այսօր ինքը կարող է հպարտությամբ մտնել շուկա։ Ասենք, Գարեգին Նժդեհի առաջին լիակատար ժողովածուն հրատարակեց «Հայաստան» հրատարակչությունը, առաջինը մատուցեց այդ մեծ հայորդու անունը։ Ասենք, «Սասունցի Դավթի» համահավաք տեքստի անգլերեն առաջին թարգմանությունը մենք հրատարակեցինք և այլն, և այլն։ Մենք այսօր բաց ճակատով ենք մտնում մեր երկրորդ հարյուրամյակը»։

Անդրադառնալով Գրականության և արվեստի թանգարանին, որը «Հայպետհրատի» հասակակիցն է, Սարգսյանն ասաց. - «Թանգարանը մի մեծ մշակութային օջախ է։ Ի դեպ, ինչպես «Հայաստան» հրատարակչությունը, այնպես էլ թանգարանը համարվում են մայր թանգարան, որովհետև այստեղից ծնունդ առան հետագայում մեր մյուս թանգարանները։ Այսօր էլ, ի դեպ, շատ թանգարաններում ներկայացված են Գրականության և արվեստի թանգարանի նմուշները։ Կատարում ենք հավաքչական աշխատանք։ Հիմա ինչ-ինչ կապեր ենք ստեղծել և' Սփյուռքի հետ, և' տեղի՝ մեր հանրապետությունում ապրած և ստեղծագործած հայ մեծերի ընտանիքների հետ, որոնց արխիվը և որոնց իրերը անհրաժեշտություն կա ունենալու էստեղ։ Էլի մի բարդ ժամանակաշրջանի ենք դեմ-հանդիման հանգնել, որովհետև այս կորոնավիրուսը, մարդկանց տրամադրությունը մի քիչ ընկճում են։ Բոլոր դեպքերում մենք կանգ չեն առնում, մենք ապագային նայում ենք հավատով և ցանկանում ենք, որպեսզի նորից վերագտնի հայկական մշակույթը իրեն և նպաստի մեր ժողովրդի առաջընթացին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG