Մատչելիության հղումներ

Բաքուն պնդում է, թե հայկական կողմը չի կատարել միջազգային հումանիտար իրավունքի հիմքում ընկած պարտավորությունները


Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, արխիվ

Նա անդրադարձել է ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում զոհված ադրբեջանցի զինծառայողների և խաղաղ բնակիչների հարցին։

Այսօր Բաքվում կայացած ասուլիսում Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը անդրադարձել է ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում զոհված ադրբեջանցի զինծառայողների և խաղաղ բնակիչների հարցին, ովքեր, ըստ Բաքվի, հուղարկավորվել են զանգվածային գերեզմաններում։

Երբ օրերս Ադրբեջանը վերադարձրեց հայ գերիների վերջին՝ ութ հոգանոց խմբին, այդ երկրի գերիների և անհետ կորածների հանձնաժողովը հայտարարեց, թե Բաքուն փոխարենը Հայաստանից տեղեկություն է ակնկալում 90-ականներին ադրբեջանցիների զանգվածային հուղարկավորումների վայրերի մասին։

Բայրամովն այսօր նշել է, որ Բաքուն տասնամյակներ շարունակ ամենատարբեր հարթակներում բարձրացրել է այս հարցը: Նա պնդել է, թե 44-օրյա պատերազմից առաջ հայկական կողմը միջազգային հումանիտար իրավունքի հիմքում ընկած պարտավորությունները չի կատարել, և այս ուղղությամբ պաշտոնական Երևանի աշխատանքը զրոյական է:

Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքով, այս հարցը բարձրացվել է նաև փետրվարի 4-ին Իլհամ Ալիևի, Նիկոլ Փաշինյանի, Էմանյուել Մակրոնի և Շառլ Միշելի մասնակցությամբ քառակողմ հեռավար հանդիպման ժամանակ:

«Վիճակագրական տվյալների համաձայն, անհետ կորած անձանց թիվը 3890 է կազմում, որոնցից 719 երեխաներ, կանայք և քաղաքացիական անձինք են: Այդ քննարկման ժամանակ Հայաստանի վարչապետը խոստացել է համագործակցել այս հարցում: 30 տարի անց հայկական կողմը ամենաբարձր մակարդակով խոստացավ համագործակցել: Ավելի ուշ մենք ականատես դարձանք պարադոքսալ և անտրամաբանական հայտարարությունների: Հայաստանի ԱԳ նախարարությունը հայտարարեց, թե այս հարցով ոչ մի խոստում չի տրվել: Ամբողջովին աբսուրդ այս հայտարարությունը, որը չի տեղավորվում միջազգային իրավական և բարոյական նորմերի, մարդկայնության սկզբունքների մեջ, հիասթափություն և զարմանք և բացասական հույզեր է առաջացնում: Ադրբեջանը շարունակելու է հետևողականորեն և համառորեն զբաղվել այս հարցով: Վաղուց ժամանակն է, որ միջազգային կառույցներն ու աշխարհի պետությունները այս հարցով մեծացնեն ճնշումը Հայաստանի վրա», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Հայկական կողմը սակայն չէր հայտարարել, թե անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով ոչ մի խոստում չի տվել, արտգործնախարարությունը շեշտել էր, որ այս հարցում միակողմանի պատրավորություն չի վերցրել, և ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ արցախյան պատերազմում հայկական կողմը ևս ունի անհետ կորածներ։ Ավելին՝ այսօր վարչապետ Փաշինյանը խորհրդարանում տեղեկացրել է, որ մինչ օրս Ադրբեջանին է փոխանցվել առաջին ղարաբաղյան պատերազմում զոհված 108 ադրբեջանցու մասունք և այս գործընթացը շարունակական է լինելու։

Դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին

Բայրամովն այսօր անդրադարձել է նաև հայ - ադրբեջանական սահմանի դելիմիտացիային և դեմարկացիային՝ վերստին պնդելով, թե հայկական կողմը փորձում է նախապայմաններ առաջ քաշել. - «Խոսելով Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների մասին պետք է լուծել սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցը: Ադրբեջանը պատրաստ է հանձնաժողովի աշխատանքներին առանց որևէ նախապայմանի, բայց հայկական կողմը փորձում է նախապայմաններ առաջ քաշել հանձնաժողովի աշխատանքը սկսելու համար: Նման մոտեցումը չի նպաստում դրական դինամիկային»:

Հայկական կողմը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե սահմանային դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողովի մասին Բաքվին անցած ամիս ներկայացրած իր առաջարկները նախապայմաններ չեն, դրանք պայմանավորվածությունների իրագործում են ենթադրում։ Երևանը անցած շաբաթ նաև հայտնել էր, որ ադրբեջանական կողմը մերժել է սահմանազատման վերաբերյալ Հայաստանի առաջարկներն ու այլ տարբերակներ չի ներկայացրել։ Հայկական կողմի առաջարկների մասին շատ բան հայտնի չէ, արտգործնախարար Արարար Միրզոյանը միայն ասել էր, թե դրանք բխում են Հայաստանի և Ադրբեջանի զորքերի հայելային հետքաշման և անվտանգության մեխանիզմների ստեղծման հայեցակարգից։

Այսօր էլ խոսելով Երևանի առաջարկների մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողով - կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վերահաստատեց, որ նախ պետք է սահմանին զորքերի հայելային հետքաշում տեղի ունենա, որից հետո նոր կարող են ընթանալ սահմանազատման շուրջ բանակցությունները. - «Մեր պատկերացումը հետևյալն է, որ զինված ուժերը պետք է հայելային հետ քաշվեն։ Ի՞նչ ա նշանակում հայելային հետքաշում։ Նշանակում է, որ հայ-ադրբեջանական սահմանային գծից հավասար հեռավորության վրա պետք ա հետ քաշվեն, որից հետո սահմանի պահպանությունը պետք է հանձնվի սահմանափակ թվով սահմանապահ ծառայության ծառայողների, և արդյունքում նաև հնթացս պետք է տեղի ունենա միջազգային մոնիտորինգ ձեռք բերված պայմանավորածությունները կյանքի կոչելու իմաստով»։

Տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին

Այսօրվա ասուլիսում Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը խոսել է նաև հրադադարի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների համաձայն տարածաշրջանային տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին։

Ջեյուն Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանը հավատարիմ է մնում իր ստանձնած պարտավորություններին և այս հարցում ևս դժգոհել է հայկական կողմի մոտեցումից. - «Դեռ 2021 թվականին Ադրբեջանը սկսել է մինչև Հայաստանի սահման ձգվող 110 կիլոմետրանոց երկաթուղու շինարարությունը: Ներկայումս կատարվել է շինարարական աշխատանքների 24 տոկոսը և նախատեսվում է այն ամբողջությամբ ավարտել 2023 թվականին: Սրան զուգահեռ, ազատագրված տարածքներից Հայաստանի սահմանի երկայնքով 124 կիլոմետրանոց ավտոմոբիլային ճանապարհ է կառուցվում և ադրբեջանական կողմը շատ արագ աշխատանքներ է տանում, շինարարության 27 տոկոսն արդեն ավարտին է հասցվել: Սա ցույց է տալիս, թե Ադրբեջանը ինչ կարևորություն է տալիս իր ստանձնած պարտավորություններին և ինչ վերաբերմունք ունի: Իսկ հայկական կողմը մինչ օրս ոչ մի բան չի արել հակասական հայտարարություններից բացի: Սա ևս վկայում է այն մասին, թե կողմերը ինչ լրջությամբ են մոտենում իրենց պարտավորություններին»:

Անցած շաբաթ Ռուսաստանի փոխվարչապետի ու «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարի երևանյան բանակցություններից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, թե շատ մոտ են տարածաշրջանում ուղիների վերագործարկման առաջին արդյունքներին։

Երկաթուղու շինարարությունը հայկական կողմում, սակայն, դեռ չի մեկնարկել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG