Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ, միաձայն ընդունեց իշխող խմբակցության նախագիծը, որով զինծառայողի զոհվելու կամ անհետ կորած ճանաչվելու դեպքում, եթե բացակայում են նրա ծնողը, ամուսինը և զավակները, հատուցման շահառու հանդիսանան նաև քույրը և եղբայրը, եթե տվյալ զինծառայողների մասով նախկինում որևէ այլ շահառու գումար չի ստացել։
«Առաջարկվող փոփոխությամբ, եթե նրանք համատեղ զավակ ունեն զոհված զինծառայողի հետ, կինը նույնպես կհամարվի շահառու։ Օրենքի փոփոխությամբ ֆիքսել ենք, որ զոհված զինծառայողի հետ համատեղ զավակ ունեցող, սակայն ամուսնալուծված անձը չի համարվում շահառու», - ասաց նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանը։
Ի դեպ, իշխանական պատգամավորը ևս մեկ նախագիծ է շրջառանության մեջ դրել, որով առաջարկում է պարտադիր զինծառայությունից ազատել մարտական գործողությունների ժամանակ զոհված զինվորականի եղբորը։ Այսինքն՝ եթե պատերազմի ժամանակ զոհվել է հայրը կամ եղբայրներից մեկը, ապա ընտանիքի մյուս որդին, ըստ նախագծի, կարող է ազատվել պարտադիր զինծառայությունից։
Նախագծի հեղինակն այս մտքին եկել է 44-օրյա պատերազմի ավարտից հետո զոհվածների ընտանիքների հետ հանդիպումների արդյունքում։ Նախագիծը օրենք դառնալու դեպքում, կվերաբերի մարտական բոլոր գործողությունների ժամանակ տեղի ունեցած մահվան ելքով միջադեպերին։
Պաշտպանության նախարարությունը դեռ դիրքորոշում չի հայտնել այս նոր նախագծի վերաբերյալ։ Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգում ընդգրկվելու համար այն նախ պետք է ստանա գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը: