Մատչելիության հղումներ

ԿԳՄՍ նախարարությունն ուշագրավ ծրագրեր է իրականացնում գրահրատարակչության ոլորտում


ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ամեն տարի բազմաթիվ գրքեր և թերթեր են հրատարակվում, թարգմանական ոլորտն է աշխուժանում։

Վերջին տարիներին հատկապես մի ուշագրավ ծրագրի շրջանակներում հայ դասական և ժամանակակից գրողների գրքերը թարգմանվում և հրատարակվում են արտերկրում։

«Ազատության» հետ զրույցում այդ մասին ավելի հանգամանորեն խոսեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության գրական բաժնի ղեկավար Արմեն Սարգսյանը. - «Գրահրատարակչության ոլորտը ԿԳՄՍ նախարարության առանցքային ոլորտներից է։ Դրա մասին է փաստում ծրագրի բյուջեի մեծությունը և բազմակողմանիությունը։ Որովհետև պետական քաղաքականությունը հետևյալն է՝ ընդգրկել ոլորտի բոլոր ներկայացուցիչներին։ Իսկ ոլորտի ներկայացուցիչներն են գրողները, գրական մամուլը, գրական գործակալները, հրատարակչությունները, գրավաճառ կետերը, ընթերցողները։ Ահա նախարարության քաղաքականության արդյունքում ստեղծված և իրականացվող ծրագրերը ընդգրկում են այս բոլոր ոլորտները և միտված են այդ ոլորտների խթանմանը, զարգացմանը»։

Նախարարությունը տարբեր ուշագրավ ծրագրեր է իրականացնում։ Օրինակ, «Աջակցություն գրական և մշակութային մամուլին» ծրագրի շնորհիվ լույս են տեսնում մի շարք գրական ու մշակութային թերթեր ու պարբերականներ. - ««Գրեթերթը», - «Գրական թերթը», - «Գրանիշը», - «Կայարանը», «Նորքը» և էլի մշակութային թերթեր, որտեղ ստեղծվում է գրաքննադատական միտք, գրաքննադատներն իրենց հոդվածներն են կարողանում հրատարակել, գրողները՝ իրենց ստեղծագործությունները, և դրա դիմաց ստանալ հոնորար։ Դա լուրջ աջակցություն է, և եթե չլինի նախարարության այդ աջակցությունը, այդ պարբերականները պարզապես գոյություն չեն ունենա։ Որովհետև այսօր լրահոսը առաջնորդվում է քաղաքական թեմաներին նախապատվություն տալով, և գրական ու մշակութային մամուլը չունի այնքան հաճախելիություն, որպեսզի մասնավոր գործատուները այդ պարբերականներում, կայքերում պատվիրեն գովազդ, և այդ գովազդի բերած հասույթի շնորհիվ դրանք կարողանան իրենց գործունեությունը ծավալել»։

Գրողի աշխատանքը երկարատև է և քրտնաջան, բայց բոլոր գրողներն ստիպված են նաև աշխատել, հաճախ մի քանի տարբեր հաստատություններում, և այդ դեպքում ստեղծագործելու ժամանակ չի մնում։ Ուսումնասիրելով ոլորտը՝ նախարարությունը արդեն մի քանի տարի է, որ իրականացնում է «Ստեղծագործողներին աջակցության ծրագիրը», որով մեկամյա գործունեության համար դրամաշնորհ է հատկացվում մինչև մեկ միլիոն դրամ գումարի չափով. - «Հասկացանք, որ մինչև 19-րդ դարավերջը ստեղծված բազմաթիվ փիլիսոփայական, պատմական աշխատություններ, նաև գրական, չեն թարգմանվել հայերեն մինչ օրս, կամ թարգմանվել են միջնորդ լեզուներից։ Եվ նախարարությունը սկսեց մի ծրագիր՝ թարգմանական աշխատանքներին տրվող աջակցության, որով աջակցում է թարգմանիչներին նմանատիպ երկերը հայերեն թարգմանելու համար։ Մյուս հայ «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրն է, որով նախարարությունը աջակցում է արտերկրի այն հրատարակչություններին, որոնք ցանկանում են իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ դասական կամ ժամանակակից գրականություն։ Նախարարությունը աջակցում է այդ ծրագրերին՝ տալով գրքի թարգմանության գումարը։ Պիտի ասեմ, որ այս բացը վաղուց էր պետք լրացնել, դեռևս Խորհրդային Միության տարիներից։ Այդ տարիներին գրքերը հիմնականում թարգմանվում էին ռուսերեն ու հրատարակվում է մեծ մասամբ Հայաստանում, և այդ գրքերը Խորհրդային Միության սահմաններից դուրս չէին գալիս»։

Եվ հենց այս ծրագրի շնորհիվ նախարարության հատկացրած դրամաշնորհով արտասահմանում թարգմանաբար հրատարակվել է հայ հեղինակների ավելի քան 50 գիրք 20 լեզուներով. - «Թումանյան ենք հրատարակել հինգ լեզվով՝ լատվիերեն, լիտվերենմ հոլանդերեն, գերմաներեն... Րաֆֆի ենք հրատարակել, շատ ու շատ գրողներ։ Կոմիտասի նամակները Կանադայում շուտով լույս կտեսնի։ Րաֆֆու «Խենթը» շվեդերեն։ Ժամանակակից գրականություն տարբեր լեզուներով՝ իսպաներեն, վրացերեն։ Օրինակ, վերջերս Նար-Դոսի «Մեր թաղը» վրացերեն լույս տեսավ։ Շատ խորհրդանշական մի գիրք, որը վաղուց պետք է հրատարակված լիներ։ Ահա այդ բացը քիչ-քիչ լրացվում է, և հույս ունեմ, որ պետությունը կավելացնի այս ծրագրի գումարը հետագա տարիներին, որպեսզի մենք ավելի մեծ թվով գրքեր կարողանանք հրատարակել»։

Իսկ այս տարվանից սկսելու է գործել նոր մի ծրագիր, որը կոչվում է «Գրականության հրատարակում». - «Մենք մոնիթորինգ արեցինք աշխարհի գրադարանները և տեսանք, որ հայագիտական և հայաթեմա գրականության մեծ պակաս կա այդ գրադարաններում։ Եղած գրքերը հիմնականում վերաբերում են Ցեղասպանությանը։ Եվ նախաձեռնեցինք մի ծրագիր, որով Հայաստանում օտար լեզվով պետք է հրատարակենք Հայաստանի մշակութային ժառանգությունը ներկայացնող գրականություն և դրանով համալրենք աշխարհի կարևորագույն հինգ հարյուր գրադարանները։ Այսօր գիտնականները ենթադրենք Ամերիկայում, որոնք զբաղվում են մեր տարածաշրջանի պատմությամբ, հաճախ ակամա հղում են անում պրոադրբեջանական գրականությանը, երբ կա փաստական գրականություն, որին իրենք տեղյակ չեն։ Ահա այդ բացը մենք պիտի լրացնենք։ Այդ շարքում հրատարակվելու են Հայաստանի պատմությունը և մշակութային ժառանգությունը ներկայացնող գրականություն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG