Մատչելիության հղումներ

Երևանի ավագանին այսօր կքննարկի երեք փոխքաղաքապետերի նշանակման հարցը


Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում է ևս երեք փոխքաղաքապետերի նշանակման հարցը։ Առաջին փոխքաղաքապետը տարեվերջի նիստում էր նշանակվել։

Այժմ քաղաքապետի տեղակալների պաշտոնում առաջադրված են առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը, արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Գրիգորյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեփան Մաչյանը։

Ինչով է պայմանավորված հենց այս երեք թեկնածուների ընտրությունը։ Ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը «Ազատությանը» փոխանցեց՝ հաշվի են առնվել նրանց քաղաքական հայացքները, «երեքն էլ կիսում են իշխող ուժի տեսակետները»։

«Հաշվի են առնվել թեկնածուների թե՛ մասնավոր, թե՛ պետական համակարգում աշխատանքային փորձը, մասնավորապես, ղեկավար պաշտոններում և, բնականաբար, քանի որ Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը քաղաքական պաշտոն է, հետևաբար իրենց քաղաքական հայացքներն են հաշվի առնվել, և առաջարկվել է իրենց թեկնածությունը», - ասաց Գալջյանը։

Տարեվերջին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելուց ու փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի` քաղաքապետ ընտրվելուց հետո, մյուս փոխքաղաքապետեր Սերգեյ Հարությունյանն ու Սերգեյ Ներսեսյանը աշխատանքից ազատման դիմումներ էին գրել։

Երևանի նախին և ներկա քաղաքապետեր Հայկ Մարությանն ու Հրաչյա Սարգսյանը
Երևանի նախին և ներկա քաղաքապետեր Հայկ Մարությանն ու Հրաչյա Սարգսյանը

Երևանի քաղաքապետի չորրորդ տեղակալը՝ Գայանե Մելքոմ Մելքոմյանը ևս օրերս ազատման դիմում ներկայացրեց, գրելով՝ «իրերի այս դրության պայմաններում, Երևանի քաղաքապետարանում իմ հանրային ծառայության ավարտը համարում եմ տրամաբանական և օրինաչափ»։ Այլ մանրամասներ արդեն նախկին պաշտոնյան չէր ներկայացրել, բայց Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու օրը Մելքոմ Մելքոմյանը իշխող խմբակցության նախաձեռնությունը ոչ ժողովրդավար էր համարել ու ասել, եթե ինքը լիներ ավագանու անդամ, դեմ կքվեարկեր «Իմ քայլի» նախագծին։

«Եթե լինեի ավագանու անդամ թերև դեմ էի քվեարկելու, որովհետև չեմ կարծում, որ որոշումը բխում է երևանցիների և ժողովրդավարության շահերից», - ասաց Մելքոմ Մելքումյանը։

Քաղաքապետի նախկին տեղակալներից զատ մի շարք այլ պաշտոնյաներ ևս աշխատանքի ազատման դիմումներ էին գրել և ազատվել զբաղեցրած պաշտոններից, «Իմ քայլը» խմբակցության ավագանու մանդատից հրաժարվողներ ևս եղան։

Ավագանու տարեվերջյան նիստում քաղաքապետի առաջին տեղակալ նշանակվեց իշխող «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանը: Նա վերջին երեք տարիներին աշխատել է բանկային ոլորտում, եղել է ավագանու ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահը։

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը «Ազատության» եթերում չէր բացառել, որ կդադարեցնի աշխատանքը քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի հետ: Քաղաքապետարանի հնաբնակ պաշտոնյա Արեյանը դեռևս չի հայտարարել՝ կշարունակի աշխատանքը, թե ոչ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG