Մատչելիության հղումներ

Գրիգի «Հիսուսի կատուն» արժանացել է գերմանական «Քոբուրգեր Րյուքերտ Պրայս» մրցանակի


Երիտասարդ գրող Գրիգի «Հիսուսի կատուն» պատմվածքների ժողովածուն, որը դեռ տարիներ առաջ Հայաստանում արժանացել էր ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին, թարգմանվել և հրատարակվել է գերմաներեն, որից հետո էլ գիրքն արժանացել է գերմանական «Քոբուրգեր Րյուքերտ Պրայս» գրական մրցանակին։

Գրիգի գիրքը հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը, որն էլ շվեցարական «Կոլխիս» հրատարակչության հետ օժանդակել է իրականացնելու գրքի գերմաներեն թարգմանությունն ու հրատարակությունը արտերկրում։ Գրքի գերմաներեն թարգմանիչներն են Վիբկե Ցոլմանն ու Անահիտ Ավագյանը։

Մրցանակը երիտասարդ հեղինակին կհանձնվի մայիսին Գերմանիայում, իսկ այսօր մեր զրույցի ընթացքում նա ընդգծեց. «Սա երկրորդ մրցանակն է Գերմանիայից: Ինձ համար առաջին հերթին շատ ուրախալի է, որովհետև կարծում եմ և վստահ եմ, որ հայ ժամանակակից գրողների համար հնարավորություն է, որովհետև իմ այս մրցանակն էլ ես վստահ եմ, որ ինչ-որ մեկ այլ գրողի, ինչ-որ գրքի հարթած ճանապարհն է եղել: Կարծում եմ՝ ինչքան շատ լինեն թարգմանությունները գրողների, այնքան մեծ կլինի պահանջարկը, կիմանան մարդիկ: Ի վերջո, գոնե գերմանական հասարակությունը մեր մասին շատ քիչ բան գիտի և ունենք այլ լավ թարգմանիչներ՝ Վիբկե Ցոլման, Անահիտ Ավագյան, իրենք են իմ գրքի թարգմանիչները»:

Գրիգը վերհիշում էր, որ գրել սկսել էր դեռ ԵՊՀ ընդուվելուց առաջ, հիմնականում՝ բանաստեղծություններ. «Մի գիրք կար՝ «Անթոլոգիա», որը Ռազմիկ Դավոյանն էր կազմել, ու առաջին անգամ իմ բանաստեղծությունները տպագրվել են այնտեղ՝ Գրիգոր Շաշիկյան անուն ազգանունով»:

«Այն տեքստը, որը հիմա եմ գրում վեպ է, փորձում եմ ավարտել: Վեց տարի է գրում եմ, չեմ շտապում մի պայմանով, որովհետև նաև սովորում եմ գրել, մի քիչ բարդ է ասելը, ես անընդհատ սովորում եմ ու ինձ համար կարևոր է շատ ընթերցելը, գրել, սխալվել: Դրա համար հիմա ինչ գրում եմ նման չէ նախկինի, լեզուն ավելի բարդ է: Իսկ նախկինի մասին ես կարող եմ ասել, որ ես վախենում էի, որ մի օր ստիպված եմ լինելու մեր տան մեծ գրադարանը վաճառել, որպեսզի կարողանամ ապրել: Ինչո՞ւ էր այդ վախն ինձ մոտ առաջացել, որովհետև ես հանդիպեցի այդպիսի մարդկանց, ովքեր այնպիսի վիճակում էին հայտնվել, որ ստիպած էին այդ գրքերը վաճառել: Դե էդ վախերն իրականությունից եկան՝ դպրոցական ճնշումներ, որ հայ իրականության մեջ ես տեսել եմ, և գրում էի այդ ամենի մասին: Իսկ երկրորդ հատվածը Գերմանիայում բուժում ստացող երեխաների մասին պատմվածքներն են՝ աշխարհի տարբեր ծայրերից», - ներկայացրեց նա:

Գրիգը համոզված է, որ այսօր շատ բան է փոխվել հանրության կողմից հայ ժամանակակից գրականության ընկալման առմամբ։ Գրողները հիմա շատ են վերահրատարակվում, նրանց այսօր հանրությունը ճանաչում է և չի փորձում հակադրել դասականների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG