Մատչելիության հղումներ

ԵՄ-ն ևս ընդգծում է՝ հաղորդակցության ուղիները պետք է վերականգնվեն՝ ինքնիշխանության սկզբունքը հարգելով


«Ազատությանը» որոշ մանրամասներ են հայտնի դարձել Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի առաջնորդների և Եվրոպական Խորհրդի նախագահի միջև այսօր կայացած տեսակոնֆերանսից։

«Զրույցի ընթացքում Շառլ Միշելն ու Էմանյուել Մակրոնը վերահաստատել են իրենց լիակատար հանձնառությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերին», - «Ազատությանը» հայտնել է Բրյուսելի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, հավելելով՝ «Եվրամիությունը մնում է հավատարիմ՝ շարունակելու աշխատանքը բոլոր կողմերի հետ՝ կայուն, բարգավաճ ու անվտանգ Հարավային Կովկաս կառուցելու ուղղությամբ»։

Անդրադառնալով զրույցի բովանդակությանը՝ եվրոպացի դիվանագետը նշել է՝ «ղեկավարները հիմնվել են այն առաջընթացի վրա, որ արձանագրվել էր դեկտեմբերին Բրյուսելում կայացած հանդիպումից հետո, մասնավորապես՝ գերիների վերջին ազատ արձակման, անհետ կորածներին գտնելու շուրջ համատեղ ջանքերի, ինչպես նաև երկաթուղու առաջիկա վերագործարկման վրա»։

Նշվում է, որ կողմերը քննարկել են տարբեր ոլորտներ, որտեղ Եվրամիությունը կարող է օգնություն տրամադրել։ Բրյուսելը, մասնավորապես, առաջարկում է աջակցություն մարդասիրական ջանքերին, բոլոր ձերբակալվածներին արագորեն ազատ արձակելու և անհետ կորածների ճակատագիրը պարզելու ուղղությամբ, ինչպես նաև օգնություն ականազերծման աշխատանքներին՝ փորձագիտական խորհրդատվության, ֆինանսական աջակցության և հավելյալ միջոցներ ներգրավելու միջոցով։

Բացի այդ, Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնում խորհրդատվական աջակցություն տրամադրել հաղորդակցության միջոցների կառուցման, և դրանց աջակցելու համար, միաժամանակ ընդգծում, որ դրանք պետք է լիարժեքորեն հարգեն երկու երկրների ինքնիշխանությունը։ Առաջարկվում է նաև տեխնիկական աջակցություն՝ նպաստելու, որ հավելյալ տեսանելի քայլեր կատարվեն տեղում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ՝ սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի համատեքստում։

Բրյուսելը հաստատակամ է նպաստել նաև մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանությանը՝ աջակցելով ՅՈւՆԵՍԿՕ-ի գնահատողական առաքելության տեղակայմանը Հայաստանում և Ադրբեջանում, «Ազատությանն» ասել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ անանուն մնալու պայմանով։

Ի դեպ, հաղորդելով զրույցի մասին, Բաքուն ևս նշել էր, որ կողմերը քննարկել են ՄԱԿ-ի գիտական ու մշակութային կազմակերպության ներգրավման հարցը։

Ավելին, ըստ Ադրբեջանի նախագահական նստավայրի, կողմերը համաձայնել են «ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկել Հայաստան և Ադրբեջան»։ Ալիևի աշխատակազմը նշել էր, թե «քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը, սահմանի դեմարկացիան և դելիմիտացիան, ինչպես նաև խաղաղ համաձայնագրի ստորագրումը։

«Նախագահ Ալիևը Ադրբեջանի դիրքորոշումն է հայտնել այս հարցերի վերաբերյալ», - ասված է հաղորդագրության մեջ՝ առանց հավելյալ մանրամասների։

Հայաստանի վարչապետի գրասենյակը, այս թեմաները թվարկելուց բացի, նշել է, թե «Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորման և խաղաղության համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ներքո»։

Ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության մեջ, սակայն, այս հարցին որևէ անդրադարձ չկա։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG