Երևանի գլխավոր հատակագծով գերեզմանատների համար նախատեսված 556,9 հեկտարը գրեթե ամբողջությամբ արդեն սպառված է։ Մայրաքաղաքի 21 գերեզմանատները, վերջին տվյալներով, 540 հեկտարից ավելի տարածք են զբաղեցնում, ընդ որում, սա միայն պաշտոնական տվյալն է, իրականությունը սրանից ավելին է։
Մի քանի տարի առաջ քաղաքապետարանում նշում էին՝ գերեզմանատների տարածքը գրեթե երկու անգամ շատ է մայրաքաղաքի այգիներից։ Հիմա նման հաշվարկներ չկան։ Բայց բոլորն են համակարծիք, որ հուղարկավորությունների համար տարածքը պակասում է, պետք է լուծումներ գտնել։
«Ցավալի իրողություն է։ Պայմանավորված է եղել նաև պատերազմով, համավարակով, որ նման իրավիճակ է ստեղծվել», - ասում է քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի կամ այսպես կոչված «թաղման բյուրոյի» տնօրեն Վահե Խաչատյանը։
Նրա խոսքով, այժմ նախատեսվում է շահագործել նաև Աջափնյակի գերեզմանատունը. - «Կատարում ենք գեոդեզիական աշխատանքներ, որ կյանքի կոչենք»։
Տարեցտարի ընդլայնվող գերեզմանատներում իրավապահները վերջին տարիներին բազմաթիվ ապօրինություններ են հայտնաբերել. չթույլատրված վայերերում հուղարկավորություններ են կազմակերպվել, թույլատրելիից ավելի տարածքներ տրամադրվել։
«Հիմնականում գերեզմանները շրջապատված են ամայի տարածքներով, որոնք կա'մ պատկանում են քաղաքացիներին և հիմնականում ունեն այգեգործական նշանակություն, կա'մ պատկանում են պետության կամ համայնքներին։ Դրանք տարանջատված չեն որևէ տեսակի արգելապատնեշներով գերեզմանի տարածքներից, և աչքով դիտելիս հնարավոր չէ դրանք տարանջատել։ Եվ այս փաստից օգտվելով՝ գերեզմանի վարիչները այլ սեփականատերերի տարածքներում տրամադրել են նոր գերեզմանատեղիներ», - ասում է հողհատկացման ապօրինությունների վերաբերյալ գործերով զբաղվող ավագ դատախազ Գոհար Ադոնցը։
Ըստ նրա, ավելի քան երկու տասնյակ պաշտոնյա ազատվել է աշխատանքից։ Կոռուցպիոն ռիսկերը նվազեցնելու համար դատախազությունը առաջարկում է համակարգային լուծումներ գտնել. օրինակ, գերեզմանատների տարածքը առանձին առանձին չափագրել ու համարակալել. - «Պետք է մշակել հենց հատուկ վերահսկողական մեխանիզմներ՝ ստուգումներ կամ որևէ այլ մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան անմիջապես հայտնաբերել այդ փաստերը և տեղում լուծել խնդիրները»։
Ընդլայնված գերեզմանատները է'լ ավելի չծանրաբեռնելու տարբերակներից մեկն էլ դիակիզարանների կառուցումն է։ Մի քանի տարի է քննարկվում է նման մի ծրագիր՝ մասնավոր ներդրողների մասնակցությամբ։ Համայնքապատկան ՀՈԱԿ-ի նախկին ղեկավար Արման Իսկանդարյանն այդ նախաձեռնության խորհրդատուն է. - «Նախատեսում էինք աշխատանքները սկսել արդեն հունվար-փետրվար ամիսներին, պարզապես տեխնիկական խնդիրներ փոքր-ինչ առաջացան և շինարարությունը հետաձգվեց մի քանի ամսով»։
Նախկին պաշտոնյայի խոսքով, դիակիզարանը հնարավոր է բացվի արդեն հաջորդ տարի։ Շուտով կորոշվի վայրը, այն կլինի մայրաքաղաքից դուրս, բայց ոչ շատ հեռու. - «Տարածքը հենց եղավ, արդեն շինաշխատանքների մեկնարկը կտանք։ Երևանում հուղարկավորության տեղ չկա, գնալով սպառվում է։ Թե մեր երկրի հետ, թե աշխարհում կատարվող իրադարձությունները միայն խթանեցին, որ տարածքները ընդհանրապես չմնան»։
Երևանցիները համաձայն են, որ գերեզմաններում տարածքի խնդիր կա, և փոքր Հայաստանում անհրաժեշտ է հողը խնայողությամբ օգտագործել։ սակայն միակարծիք չէին՝ պե՞տք է Հայաստանում դիակիզարան կառուցել, թե՞ ոչ։
Հայ առաքելական եկեղեցին դեմ է դիակիզմանը՝ պատճառաբանելով, որ այդ երևույթը եկեղեցուն հարիր չէ։
Նախաձեռնության հեղինակներն ու պաշտոնյաները նշում են, որ եթե անգամ Հայաստանում դիակիզարան կառուցվի, մարդու աճյունը հողին հանձնելու, թե այրելու որոշումը պետք է նրա, կամ հարազատների ընտրությունը լինի։