Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում այսօրվանից չեղարկվում է փողոցում դիմակ կրելու պարտադրանքը


Դիմակ կրող ֆրանսիացիները հերթ են կանգնել կորոնավիրուսի թեստաման կենտրոնի մոտ, արխիվ
Դիմակ կրող ֆրանսիացիները հերթ են կանգնել կորոնավիրուսի թեստաման կենտրոնի մոտ, արխիվ

Ֆրանսիայում այսօրվանից չեղարկվում է կորոնավիրուսի տարածման կապակցությամբ կառավարության սահմանած՝ հանրային վայրերում, բաց երկնքի տակ, կրթական հաստատություններում, շուկաներում կամ հերթերում դիմակ կրելու պարտադրանքը:

Փարիզի իշխանությունները բնակիչներին հորդորում եմ «շարունակել դիմակ կրել այն վայրերում, որտեղ հնարավոր չէ սոցիալական հեռավորություն պահպանել»:

Բացի այդ, Ֆրանսիայում այսօրվանից չի գործում ընկերություններում և հիմնարկներում հեռավար աշխատանքի պարտադրանքը, որին պետք է ենթարկվեին այդ ձևաչափով գործելու հնարավորություն ունեցող բոլոր հաստատությունները:

Ֆրանսիայի աշխատանքի, զբաղվածության և ինտեգրացիայի նախարարությունը հորդորում է շարունակել հեռավար աշխատանքի պրակտիկան և հնարավորության դեպքում ծառայողներին ընձեռել տնից աշխատելու իրավունք, սակայն տուգանք այլևս չի սահմանվի այն ընկերության նկատմամբ, որն ունի, սակայն չի գործադրում հեռավար աշխատանքի հնարավորությունը:

Մշակութային և մարզական հիմնարկներում այլևս չի գործում այցելուների թվի սահմանափակումը, սակայն պարասրահների և դիսկոտեկների աշխատանքը կարտոնվի միայն փետրվարի 16-ից:

Ֆրանսիայում հունվարի 24-ից գործում է «պատվաստման անցաթուղթը», որը վկայում է անձի պատվաստման մասին:

Փետրվարի 1-ի դրությամբ երկրում ամբողջապես պատվաստվել է 52 միլիոն 700 հազար մարդ, 35 միլիոն 700 հազարը նաև խթանիչ երրորդ ներարկումն է ստացել:

Ֆրանսիայում կորոնավիրուսի համավարակի ընթացքում ախտահարվել է մոտ 19,5 միլիոն մարդ, մահացել է մոտ 130 հազար հիվանդ:

XS
SM
MD
LG