Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ն հորդորում է Հայաստանի իշխանություններին ապաքրեականացնել «ծանր վիրավորանքը» 


Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի երեկ երեկոյան ընդունած բանաձևը կոչ է անում Հայաստանի իշխանություններին ապաքրեականացնել «ծանր վիրավորանքը»։

«Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» անվամբ բանաձևի՝ հայաստանյան լրատվամիջոցներին վերաբերող հատվածում նշելով, որ ղարաբաղյան պատերազմից հետո, ի պատասխան աննախադեպ ապատեղեկատվության և ատելության խոսքի տարածման, Հայաստանի իշխանությունները մեծացրեցին վիրավորանքի ու զրպարտության համար տուգանքի չափը, ինչպես նաև քրեականացրեցին հանրային գործունեություն իրականացնող անձանց ծանր վիրավորանք հասցնելը, ԵԽԽՎ-ն վերահաստատում է իր դիրքորոշումը՝ «ծանր վիրավորանքը» չպետք է քրեականացվի։

Վեհաժողովը նաև կոչ է անում հայաստանյան իշխանություններին համոզվել, որ խոսքի ազատության ու անձի արժանապատվության ապահովման միջև հավասարակշռությունը պահպանված է, որ «ծանր վիրավորանքի» քրեականացումը չի կիրառվի կամայական՝ անհատների և լրատվամիջոցների դեմ։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ուշադրություն հրավիրեց՝ բանաձևի՝ լրատվամիջոցներին վերաբերող բաժինը, փաստորեն, միակն է, ուր քննադատություն կա Հայաստանի իշխանությունների հասցեին. «Այսինքն՝ կարելի է դա ընկալել՝ որպես վերջին տարիներին ընդունված շատ որոշումներ կասկածելի են ԵԽԽՎ-ի կողմից, խոսքը և այն որոշումների մասին է, որոնք տեղեկությունների տարածումն են սահմանափակում՝ համավարակի հետ կապված և պատերազմական իրավիճակում, և նաև լրագրողների նպատմամբ ու ընդհանրապես տեղեկություն տարածողնորի նկատմամբ տարբեր խստացումներ։ Եվ առաջին հերթին, իհարկե, խոսքը գնում է վիրավորանքի կամ ծանր վիրավորանքի ապաքրեականացման մասին, քանի որ Եվրոպայի խորհրդի մոտեցումը մնում է, որ ընդհանրապես խոսքի համար քրեական պատասխանատվության ենթարկելն ընդունելի չէ», - ասաց Նավասարդյանը։

Անցած տարի հուլիսին Ազգային ժողովն ընդունեց «ծանր վիրավորանքը» քրեականացնելու օրինագիծը՝ նոր հոդված ավելացնելով Քրեական օրենսգրքում։ Անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ նույնն է թե հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը կարող է պատժվել 100 հազարից կես միլիոն դրամ տուգանքով։ Եթե հայհոյանքը հրապարակային է եղել, կամ արվել է համացանցով, կամ եղել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, տուգանքը կկազմի կես միլիոնից մեկ միլիոն դրամ, իսկ եթե միևնույն անձի նկատմամբ և պարբերաբար է տեղի ունեցել, ապա պատիժը 1-3 միլիոն դրամի տուգանքն է կամ կալանքը մեկից երեք ամիս ժամկետով:

Հանրային գործունեությունն այս դեպքում լրագրողական, հրապարակախոսական գործունեությունն է, ծառայողական պարտականությունների կատարմումը, հանրային ծառայությունը, հասարակական կամ քաղաքական գործունեությունը։ Այսինքն` պատիժն ավելի խիստ կլինի, եթե հայհոյանքն ուղղված է քաղաքական գործչին, լրագրողին կամ հանրային ծառայողին։

«Ցանկացած ոչ հստակ ձևակերպում և ոչ հստակ սահմանում ինքը կարող է դառնալ խոսքի ազատության սահմանափակման և նույնիսկ ճնշման միջոց, իսկ կոնկրետ այդ դրույթը քրեական օրենսգրքի լուրջ անորոշության պահեր ունի իր մեջ, և դա նշանակում է, որ ընտրովի կարող է կիրառվել, իսկ ցանկացած ընտրողական վերաբերմունք, ինչպես նշել եմ, իրավապահ մարմինների կողմից, դատական իշխանության կողմից, հղի է լուրջ սահմանափակումներով և ճնշմամբ», - նկատեց Նավասարդյանը։

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն պատգամավոր Սոնա Ղազարյանը հղում կատարեց բանաձևի այն մասին, ըստ որի կովիդի և ղարաբաղյան պատերազմի հետևանքով Հայաստանը բախվել է ապատեղեկատվության ու ատելության խոսքի աննախադեպ չափերի. «Հատկապես նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, պատերազմից հետո, և նրանք իրենք էլ նշում են, որ ատելության խոսքի նման մեծ դոզայի դեպքում, այո, լեգիտիմ են իշխանության նպատակները՝ քրեականացնել հայհոյանքը, ծանր վիրավորանքը։ Զրպարտության մասով գիտեք, որ մենք չենք քրեականացրել, միայն տույժ-տուգանքն ենք ավելացրել, ինչը համարվել է սահմանադրական»։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ սկսեն ինչ-որ քննարկումներ, կամ սկսե՞լ են արդեն մտորումներն ապաքրեականացնելու, նա պատասխանեց. «Նախ և առաջ ես ուզում եմ ֆիքսենք, որ հայհոյանքի մասին, որ խոսքը գնում է, չի քրեականացվել, հայհոյանքը, օրինակ, միայն իշխանությունների կամ իշխանական մեդիայի նկատմամբ, և ըստ այդմ, պաշտպանվում են բոլոր հանրային գործիչների արժանապատվության իրավունքները։ Քանի դեռ կան խնդիրներ, ես չեմ կարծում, որ դեռ ժամանակն է, բայց այդ մասին մենք բաց ենք խոսակցությունների, մտորումների, մենք բաց ենք և մշտապես հանդիպում ենք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, մեդիա ներկայացուցիչներին, բայց ես դեռ վստահ չեմ, որ ամբողջովին այդ մթնոլորտը հաղթահարված է»։

Ապատեղեկատվության ու ատելության խոսքի դեմ պայքարելու համար բանաձևում ԵԽԽՎ-ն կոչ է անում Հայաստանի իշխանություններին պատժիչ քայլերից փոխարեն զարգացնել այլ գործիքակազմ՝ բարելավել լրագրողների վերապատրատումն ու կարգավիճակը, լրատվամիջոցների ինքնակարգավորման համակարգը դարձնել արդյունավետ, հաղթահարել մեդիա դաշտի բևեռացումը` լրատվամիջոցների սեփականատերերի մասին տեղեկությունը դարձնելով ավելի թափանցիկ։

XS
SM
MD
LG