Այսօր երեկոյան «Զանգակ» գրատանը տեղի կունենա Վահագն Դավթյանի «Բարի հսկան» խորագրով գրքի շնորհանդեսը։ Գիրքը հրատարակել է «Վերնատուն» հրատարակչությունը։
««Վերնատուն» հրատարակչությունը նախաձեռնեց գրքերի մի շարք, որը կոչվում է «Անհատներ»։ Այդ շարքով լույս են տեսնում հայտնի մարդկանց կենսագրականները հիմնականում։ Եվ Վիլյամ Սարոյանի մասին Վահագն Դավթյանի հուշագրությունը այդ շարքի կարևոր գրքերից մեկն է։ Վահագն Դավթյանի «Բարի հսկան» գիրքը վերջին անգամ լույս էր տեսել Խորհրդային Միության տարիներին, դեռևս Վիլյամ Սարոյանի կենդանության օրոք։ Գիտենք, որ Դավթյանը միշտ ուղեկցել է Սարոյանին Հայաստան իր այցերի ժամանակ։ Գիրքը պատմում է Վահագն Դավթյանի և Վիլյամ Սարոյանի բարեկամության մասին, այն հանդիպումների, որոնք եղել են Ֆրեզնոյում, Երևանում», - նշեց «Վերնատուն» հրատարակչության գլխավոր խմբագիր Արմեն Սարգյանը։
Նա նաև ընդգծեց, որ Վիլյամ Սարոյանի մահվան բոթը ստանալուց հետո Վահագն Դավթյանը սկսում է վերամշակել նրան նվիրված իր հուշագրությունների գիրքը, որի նոր, այս անգամ մոտ 50 էջով ավելացած հրատարակությունը կներկայացվի ընթերցողին այսօր երեկոյան. - «Գրքի վրա Արա Գյուլերի նկարն է՝ Վիլյամ Սարոյանը նստած, թեյի բաժակը ձեռքին։ Շատ հետաքրքիր նախապատմություն ունի նաև Արա Գյուլերի և Սարոյանի կապը, գիտենք, որ Արա Գյուլերը շատ հետաքրքիր ֆոտոշարք ունի Վիլյամ Սարոյանից։ Վիլյամ Սարոյանը այստեղ բոլորովին նոր լույսի տակ է ներկայանում։ Ասեմ ավելին, որ գրքի վերջին էջերը գրվել են, երբ Վահագն Դավթյանը կարդացել էր Վիլյամ Սարոյանի որդու՝ Արամ Սարոյանի կենսագրական հուշագրությունը հոր մասին։ Հիշում ենք՝ երկու հուշագրություն գրեց, որոնցից առաջինում բողոքում էր, դժգոհում էր հորից, ասում էր, որ վատ բնավորություն ուներ... Եվ ահա այդ ազդեցությունների տակ Վահագն Դավթյանը որոշ վերլուծություններ է անում, իհարկե որդում է մեղադրում, որովհետև, ասում է, ես շփվել եմ Սարոյանի հետ, գիտեմ, թե ինչ կարգի բարի մարդ էր։ Առաջին անգամ Վահագն Դավթյանը մի հոդված է տպում Վիլյամ Սարոյանի մասին մամուլում, վերնագրում է «Բարի հսկան»։ Եվ երբ Սարոյանը հանդիպումը է Դավթյանին, պատմում է նրան այդ հոդվածի մասին և Սարոյանը ասում է Վահագն Դավթյանին՝ այդ ի՞նչ հոդված է, վերնագիրը ի՞նչ է, Դավթյանը ասում է՝ «Բարի հսկան»։ Ասում է՝ բարին կհասկընամ, հսկան ի՞նչ է։ Թարգմանում ենք անգլերեն, հավանում է այդ վերնագիրը։ Եվ հետո էլ էդ հուշագրությունը հենց էդպես էլ կոչվում է»։
Վահագն Դավթյանի մոտ երկու հարյուր էջանոց այս հուշագրությունը շատ հետաքրքիր մանրամասներ է բացահայտում Սարոյանի կյանքից։ Այն նաև երկու տասնյակից ավել բացառիկ լուսանկարներ է պարունակում Վահագն Դավթյանի արխիվից, որոնք , արխիվային այլ նյութերի հետ մեկտեղ, սիրով տրամադրել է նրա դուստրը՝ Հասմիկ Դավթյանը։
«Ե'վ Դավթյան սիրողները սա կարող են կարդալ, և' Սարոյանը սիրողները։ Իհարկե, Վահագն Դավթյանը իրեն վայել համեստությամբ մի կողմ է քաշված գրքում, ստվերում է մնում, և առաջին լույսի տակ, բեմում Վիլյամ Սարոյանն է։ Բայց Վահագն Դավթյանը ևս մեծություն է, չմոռանանք, որ այս տարի լրանում է նրա ծննդյան հարյուրամյակը, և հետաքրքիր հարգանքի տուրք է նաև այս գիրքը Վահագն Դավթյանի վառ հիշատակին։ Ոչ միայն Սարոյանի»։