Մատչելիության հղումներ

Սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի․ Երևանի արձագանքը Բաքվին


Սահմանազատման հարցում հայկական կողմը նախապայմաններ չունի, խոսքը պայմանավորվածությունների մասին է, այսօր «Արմենպրեսի» խնդրանքով, արձագանքելով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, նշել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակն՝ ընդգծելով՝ «կարծում եմ՝ հարցի վերաբերյալ որոշակի թյուրըմբռնում կա»:

Վահան Հունանյանի խոսքով՝ նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ընդունած եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ կողմերը պայմանավորվել են «քայլեր ձեռնարկել ադրբեջանահայկական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործը տանել դեպի սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողովի ձևավորում։

«Պայմանավորվածությունը վերահաստատվել և զորքերի հետքաշման գործընթաց սկսելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում», նաև նշել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակը՝ եզրափակելով․ - «Ըստ այդմ, հայկական կողմի առաջարկները ոչ թե նախապայմանների, այլ ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու մասին են: Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ օր առաջ պետք է սկսել սահմանազատման գործընթացը՝ համաձայն վերը նշված պայմանավորվածությունների»։

Երևանի և Բաքվի միջև հեռակա այս բանավեճը սկսվեց, երբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, թե հայկական կողմը առաջարկներ է փոխանցել Բաքվին`Մոսկվայի միջոցով: Փաստաթղթի ու առաջարկների մանրամասները կողմերից որևէ մեկը մինչ օրս չի գաղտնազերծել: Երեկ, սակայն, Ադրբեջանի արտգործնախարարը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ​, անդրադառնալով հարցին, հայտարարել է, թե Բաքվի համար անընդունելի են Երևանի նախապայմանները սահմանազատումը սկսելու համար՝ շեշտելով, որ սահմանազատումը հարաբերությունների կարգավորման կարևոր բաղադրիչ է, և Բաքուն հանդես է գալիս այն անհապաղ և առանց նախապայմանների սկսելու օգտին։

«Սահմանագծման դեպքում ՀՀ որևէ համայնք, կամ տարածք չեզոք գոտում հայտնվել չի կարող»

Երեկ Ազգային ժողովում, Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ առաջարկները բխում են նաև զորքերի հայելային հետքաշման հայեցակարգից՝ նշելով, որ մանրամասները չի կարող հրապարակել, «և իմաստ էլ չունի իրականում»։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում, այդուամենայնիվ որոշ չակերտներ բացեց՝ նշելով, որ առաջարկությունները ներառում են նաև Հայաստանի որոշ գյուղերի կողքով, միջով անցնող սահմանագծի լուծումներ։

«Մեր առաջարկությունները նաև ներառում են նման իրավիճակների լուծումներ, դրա համար այնտեղ, որտեղ բնակավայրեր կան, սահմանապահ զորքերը կանգնելու են հենց բնակավայրի՝ դեպի սահմանին մոտ երկայնքով, լուծումն այդպիսինն է բնակավայրերի դեպքում», - ասաց Գրիգորյանը՝ շեշտելով՝ սահմանազատման, սահմանագծման գործընթացի դեպքում Հայաստանի Հանրապետության որևէ համայնք, կամ Հայաստանի Հանրապետության տարածք չեզոք գոտում հայտնվել չի կարող, նման հարց չկա։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը զորքերի հայելային հետքաշումը սխալ կենսագործվող քաղաքական մոտեցում էր որակել՝ նշելով, որ այն հակադրվում է մարդու իրավուքների պաշտպանության մեխանիզմներին։ «Մենք ո՞ւր պետք է հետ քաշվենք, որտեղի՞ց պետք է հետ քաշվենք, ամբողջ շփման գիծը շատ տեղերում անցնում է մեր քաղաքացիների տների միջով, մեր քաղաքացիներին պատկանող հողերի միջով։ Հետևաբար այս մոտեցումը չի ապահովում մարդու իրավունքները», ասել էր Պաշտպանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG