Մատչելիության հղումներ

Ռուբինյանը հաստատում է՝ ՀՀ-ն նոր առաջարկներ է ուղարկել դեմարկացիայի գործընթացի վերաբերյալ


ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հաստատում է՝ Հայաստանը նոր առաջարկներ է ուղարկել Ադրբեջանի հետ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի վերաբերյալ, բայց թե կոնկրետ ինչ առաջարկներ, իշխանական պատգամավորը չի մանրամասնում։ Հորդորեց դիմել կառավարությանը։

Արդեն 3 ամսից ավելի մամուլի խոսնակ չունեցող վարչապետ Փաշինյանի գրասենյակից և ԱԳՆ-ից տեղեկություն ստանալ մեզ, սակայն, չհաջողվեց։ «Ազատությունը» անցած շաբաթ նաև գրավոր հարցում էր ուղարկել արտաքին գերատեսչությանը, որի պատասխանն առայժմ չունենք։

«Պատկերացումներն ընդհանրապես այն ծիրում են, որի մասին հրապարակային հայտարարել են մեր համապատասխան գերատեսչությունները և պաշտոնյաները», - այսօր ասաց Ռուբինյանը:

Հայկական կողմից առաջարկների մասին հունվարի 14 -ին խոսել էր Ռուսաստանի արտգործնախարարը։ Սերգեյ Լավրովն ասել էր, թե Հայաստանը նոր առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողով ձևավորելու հարցով, որը ռուսական կողմի միջոցով փոխանցվելու է Բաքվին։

«Իմ տպավորությամբ` իշխանությունը ընդհանուր տրամաբանության մեջ պատկերացում էլ չունի»

Ընդդիմադիր պատգամավորները մտահոգված են, որ հերթական գործընթացի մասին հայ հանրությունը դարձյալ այլ երկրի պաշտոնյայից է տեղեկանում։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասում է՝ մինչև այժմ հասկանալի չէ, թե այս հարցում ինչ պատկերացում ունի իշխանությունը, քանի որ բազմիցս իրարամերժ հայտարարություններ են հնչել։

«Առհասարակ իմ տպավորությամբ` իշխանությունը ընդհանուր տրամաբանության մեջ պատկերացում էլ չունի, թե իրականության մեջ որ կետից է ճիշտ սկսելը և որ կետում ավարտելը: Կարծում եմ` նաև գնահատված չեն այն սպառնալիքները, որոնք այս գործընթացից, որովհետև գործընթացը բավականին երկարաժամկետ է, և պետք է գնահատել ոչ միայն մեկնարկի հետ կապված ռիսկերը, այլ այն ողջ սպառնալիքները, որոնք առաջիկա մի քանի տասնամյակը մեզ ուղեկցելու են: Որևէ զարմանալի բան չկա, որ իշխանությունը որևէ բան խորհրդարանական ընդդիմությանը չի փոխանցել: Ես նույնիսկ կասկածում եմ, որ նրանք նաև իրենց թիմակիցներին են փոխանցել, և կարծում եմ` բացառությամբ մի քանի անձանց, ամբողջական տեղեկատվություն նույնիսկ իշխանությունը չի տիրապետում», - ասում է Տիգրան Աբրահամյանը:

«Հարցերը պետք է քննարկվեն փաթեթային»

Իշխանական շատ պատգամավորներ Մոսկվայի միջոցով Բաքվին ուղարկված առաջարկների մասին մեր հարցերը անպատասխան թողեցին, ասելով, որ տեղեկություններ չունեն։ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի համար տեղի ունեցողը հուսադրող չէ։ Ասում է` Ադրբեջանը ամիսներ շարունակ զավթել է Հայաստանի սուվերեն տարածքն ու ամրանում է այստեղ, սահմանին նոր զոհեր ենք ունենում, ոչ մի նպաստավոր պայման բանակցությունների համար չկա, կարծում է պատգամավորը:

«Ի՞նչ պայմաններով, ի՞նչ իրավիճակում, ի՞նչ ֆորմատով, միայն ա՞յդ հարցն է քննարկվելու, արդյոք այդ հարցով չի փակվում Արցախի կարգավիճակի հարցը: Այո կամ ոչի պատասխան չի, պետք է ամբողջական նայել հարցին: Փաստն այն է, որ թշնամին իր քայլերով և գործողություններով այս սահմանազատման ու սահմանագծման աշխատանքն իրականացնում է, և այս պայմաններում, այս իրավիճակում մենք խոսել ենք այդ մասին, հարցերը պետք է քննարկվեն փաթեթային: Հիմա իրենք ինչ առաջարկություն են ներկայացրել` ես չգիտեմ», - նկատեց նա:

Ըստ Լավրովի՝ գործընթացը կապ չունի Լեռնային Ղարաբաղի կարգավորման հետ։ Իսկ Ռուսաստանի դերը պատկերացնում են խորհրդատուի կարգավիճակով, քանի որ Ռուսաստանի գլխավոր շտաբում են քարտեզները, որտեղ արտացոլված են սահմանների փոփոխությունները տարբեր տարիներին։

Վարչապետ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ դեմարկացիա ու դելիմիտացիա իրականացնելու՝ ՌԴ-ի առաջարկներն ընդունելի են Հայաստանի համար, բայց թե կոնկրետ ինչ առաջարկների մասին է խոսքը, մինչ այժմ ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ էլ Ռուսաստանը չեն բացահայտել։ Փաշինյանը Ալիևի հետ Սոչիի ու Բրյուսելի հանդիպումներից հետո կառավարության նիստում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարել էր կապի մեջ լինել ՌԴ գործընկերոջ հետ ու ճշգրտել դեմարկացիայի և դելիմիտացիայի մանրամասները։ Պաշտպանության նախարարությունը այս հանձնարարականից հետո գործընթացի մասին հրապարակային ոչ մի հայտարարություն չի արել։

XS
SM
MD
LG