Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները երկաթուղու գործարկման դեպքում լուրջ վտանգներ են տեսնում ապաշրջափակման գործընթացում


Ընդդիմադիրները միանշանակ չեն արձագանքում Փաշինյանի երեկվա հայտարարությանը, որ վերջին բանակցություններին վերահաստատվել է Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման որոշումը:

Գործարկման դեպքում այս երկաթուղին Հայաստանը Ադրբեջանի միջոցով կարող է կապել Իրանին և Ռուսաստանին, իսկ Ադրբեջանը՝ Հայաստանի միջոցով Նախիջևանին։

«Պատիվ ունեմ» դաշինքից Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ իշխանությունը փորձում է ընդհանուր գործընթացից պոկել երկաթուղու գործարկման հնարավորությունը և դա ցույց տալ որպես Հայաստանի ձեռքբերում, մինչդեռ ողջ գործընթացը լի է բազմաթիվ վտանգներով։

«Ադրբեջանին այս գործընթացն առաջին հերթին հետաքրքրում է, այսպես կոչված, միջանցքի պայմաններում, և եթե լինի միջանցք, ապա այս գործընթացի մնացած բաղադրիչները, որոնք նույնիսկ ձեռնտու են Հայաստանին, ուղղակի զրոյացվելու են», - ասաց Աբրահամյանը:

Ապաշրջափակման ողջ գործընթացը վտանգավոր է պատերազմից հարվածներ ստացած և այդպես էլ չվերականգնված Հայաստանի համար, վստահ է ընդդիմադիր պատգամավորը։

«Հայաստանի ներքին և արտաքին անվտանգությունն ապահովող կառույցների՝ ի վիճակի չլինելը դիմակայելու այն հնարավոր սպառնալիքներին, որոնք կարող են տեղի ունենալ և՛ գործընթացից առաջ, և՛ գործընթացի ընթացքում, և՛ հնարավոր ճգնաժամային իրավիճակներում: Հայաստանը մտել է մի գործընթացի մեջ, որտեղ իրավիճակ կառավարելու հնարավորություն չկա, որտեղ անվտանգության բաղադրիչ չկա և որտեղ Հայաստանի իշխանությունների միակ նպատակն է ներկայացնելու բացառապես տնտեսական շահը», - ընդգծեց Աբրահամյանը:

Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հնարվոր գործարկման մասին Փաշինյանից բացի վերջին օրերին խոսել է նաև Ադրբեջանի նախագահը, իսկ Բրյուսելի բանակցությունների հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր հերթին էր հայտարարել, որ «երկաթուղիների մասով կա համաձայնություն՝ սահմանային ու մաքսային հսկողությունը փոխադարձության սկզբունքով իրականացնելու շուրջ»։

Սակայն բոլոր հայտարարություններն առայժմ միայն բանավոր մակարդակում են։ Մի կողմ դնելով անվտանգության սպառնալիքները, ըստ Աբրահամյանի, պակաս էական չեն տնտեսական արդյունավետության հարցերը, եթե ծրագիրը իրագործվի։

«Արդյունավետություն կարող է լինել այն ժամանակ, երբ որ աշխատի Թուրքիայից Հայաստան, այսինքն՝ Կարսից Գյումրի մտնող այդ հատվածը, պետք է աշխատի նաև, օրինակ, Իջևանից Ղազախ և այնտեղից նաև Ռուսաստանի Դաշնություն գնացող հատվածը, այսինքն այդ ամբողջության մեջ մենք կարող ենք գնահատական տալ: Փոքր բաղադրիչների մասով որևէ էֆեկտիվության քննարկման հնարավորություն չեմ տեսնում», - ընդգծեց նա:

Երկաթուղու հարավային այս հատվածի հնարավոր գործարկումը, ըստ խորհրդարանի մյուս ընդդիմադիր խմբակցության՝ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների, ևս չի բխում Հայաստանի շահերից։

Դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանն «Ազատության» հետ զրույցում նշել էր, որ դժվար է պատկերացնել, որ Հայաստանի տեսանկյունից շահեկան է երևանում նստել գնացք անցնել Նախիջևանով, Մեղրիով, անցնել Ադրբեջանի գրեթե ողջ տարածքով, կանգնել Բաքվում, ապա հասնել Ռուսաստան. - «Դա համարել, որպես, այ, տեսեք, Ռուսաստանի հետ երկաթուղային կապի ապահովում»։

Եթե հավասարության և փոխշահավետության սկզբունքի հիման վրա բացվեն բոլոր կոմունիկացիաները, Հայ ազգային կոնգրեսում միայն ուրախ կլինեն, սակայն կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նկատում է որոշակի առաջընթաց՝ անավարտ կետերով։

«Խոսում են նրա մասին, որ վերականգնվելու է երկաթուղին պարիտետային հիմունքների վրա, բայց երբ որ փորձում ես խորանալ, հասկանալ, թե ինչ մաքսային ռեժիմ է գործելու, ասվում է, որ դա պարիտետային ռեժիմ կլինի, եթե կլինեն մաքսեր, ապա երկու կողմերից, եթե չեն լինի, ապա երկու կողմերից չեն լինի: Սա նշանակում է, որ դրա լուծումն էլ առայժմ չկա, մենք խոսում ենք ընդամենը մտադրությունների մասին, որոնք դեռ չեն եկել վերջնական հանգրվանի», - ասաց Զուրաբյանը:

Հայ ազգային կոնգեսում անվստահություն կա՝ արդյոք իշխանությունը հրապարակո՞ւմ է ողջ տեղեկությունը ընթացող գործընթացի մասին, քանի որ մինչ Հայաստանը շարունակում է պնդել, որ չի քննարկում միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց, Ադրբեջանը առաջ է տանում իր օրակարգը։ Կառավարության վերջին նիստին Փաշինյանը չխոսեց Հայաստանից Ադրբեջան, ապա Ռուսաստան գնացող երկաթուղային մյուս ուղղության՝ Իջևան-Ղազախ հյուսիսային հատվածի մասին։

«Նույն Իջևանով, Ղազախով այդ երկաթուղին կա, բայց դրա մասին ոչ մի խոսք չկա, խոսք կա երկաթուղու կառուցման մասին, չնայած մենք դեռ վերջնական թղթերը չունենք, որ ավելի պարզ և ավելի վստահ խոսենք դրա մասին, բայց կարող է բերել այն եզրակացության, որ ավելի շատ իրագործվում են միջանցքային տրամաբանություն, որի կողմնակիցն է Ադրբեջանը և ոչ թե ընդհանուր ապաշրջափակման կոնցեպտը, որը մատուցվում է Փաշինյանի կողմից», - նշեց նա:

Այս տարվա ապրիլին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ պետք է աշխատել տարածաշրջանում բոլոր ուղղությունների ապաշրջափակման շուրջ՝ չկենտրոնանալով մեկ ուղղության վրա։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG