Մատչելիության հղումներ

Կստեղծվի աշխատանքային խումբ Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու աշխատանքների իրականացման համար


Ստեղծվում է աշխատանքային խումբ՝ Հայաստանի երկաթուղու Երասխ - Ադրբեջանի սահման և Մեղրիի հատվածների վերականգնման ծրագրի աշխատանքների իրականացման նպատակով։ Այս մասին վարչապետի որոշումը հրապարակված է egov.am-ում։

Խումբը ղեկավարելու է վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը, բացի նրանից ևս ինը հոգի է մասնակցելու այդ աշխատանքներին հայկական կողմից։

Տարեվերջին նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ մեկնարկում են Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու Մեղրիի հատվածի շինարարության նախապատրաստական աշխատանքները: Իսկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեղեկացրել էր, որ Մեղրիի հատվածում 45 կիլոմետրանոց երկաթգծի կառուցումը կարժենա մոտ 200 միլիոն դոլար, շինարարությունը կտևի շուրջ երեք տարի, չէր հստակեցրել, թե երբ է մեկնարկելու երկաթուղու հայաստանյան հատվածի շինարարությունը։

Հորադիզից դեպի Հայաստան ձգվող մոտ հարյուր կիլոմետրանոց երկաթգծի կառուցման աշխատանքները Ադրբեջանում սկսվել են այս փետրվարին՝ նախագահ Ալիևի մասնակցությամբ, շինարարությունը կավարտվի 2023թ. առաջին եռամսյակում։

Հայաստանն ու Ադրբեջանը առաջիկայում վերագործարկելու են Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգիծը։ Հայաստանի կառավարությունից ընդգծում են՝ երկաթուղին գործելու է սահմանային և մաքսային միջազգային կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով և երկրների ինքնիշխանության ներքո: Մհեր Գրիգորյանի խոսքով` «Հայաստանի տարածքում այս հարցերը կարգավորվելու են Հայաստանի օրենսդրությամբ»:

XS
SM
MD
LG