Մատչելիության հղումներ

Սևան Նիշանյանը Հայաստան տեղափոխվելու վերջնական որոշում չունի


Հունական իշխանությունների` արտաքսման որոշումից հետո էլ պոլսահայ հայտնի լեզվաբան, հրապարակախոս Սևան Նիշանյանը Հայաստան տեղափոխվելու վերջնական որոշում չունի։ Առայժմ սպասում է բողոքարկման արդյունքին։

«Այս պահին զուգահեռաբար մի շարք իրավական գործընթացներ են ընթանում: Չափազանց խճճված և բարդ բյուրոկրատական ու վարչական մղձավանջի մեջ ենք հայտնվել: Չգիտեմ, թե ինչ արդյունք կլինի, առաջիկա 15 օրվա ընթացքում շատ զարգացումներ կարող են լինել, և այս ճգնաժամը կհաղթահարվի: Սակայն եթե խնդիրները չլուծվեն, ես շարունակելու եմ վարվել իմ փաստաբանների խորհուրդների համաձայն: Ճնշում են գործադրում, որպեսզի ինքնակամ լքեմ երկիրը, սակայն ես չեմ ուզում հեռանալ, տեսնենք ինչ կլինի», - «Ազատության» հայկական ծառայության հետ զրույցում ասաց Նիշանյանը՝ հավելելով․ - «Հայաստանի իշխանություններն ու ժողովուրդը մեծ նվիրումով ու սրտացավորեն ինձ աջակցեցին, և ես շատ երախտապարտ եմ ու ինչ-որ կերպ պետք է փոխհատուցեմ: Սիրով կգամ Հայաստան, Երևան, սակայն երբ և ինչքան ժամանակով՝ դեռ չեմ որոշել»:

2017 թվականի ամռանը թուրքական բանտից փախուստի դիմած և հարևան Հունաստանում ապաստանած Նիշանյանին հունական իշխանություններն անցած շաբաթ երկրից հեռանալու համար 15 օր ժամանակ են տվել: Թուրքիա արտաքսվելու դեպքում նրան երկարատև բանտարկություն է սպառնում, Հունաստանի իշխանությունները, սակայն, Նիշանյանի հայեցողությանն են թողել, թե որ երկիր կգնա նա՝ 65-ամյա մտավորականը նաև Հայաստանի քաղաքացիություն ունի։ Դեկտեմբերի վերջին տեղական իշխանությունները չերկարաձգեցին Նիշանյանի կացության իրավունքը, իսկ հաջորդ օրը նա ձերբակալվեց՝ Հունաստանում արդեն անօրինական գտնվելու պատճառաբանությամբ։

Նիշանյանն ու նրա փաստաբանները այդ որոշումն ապօրինի են համարում, քանի որ նա ամուսնացած է Հունաստանի քաղաքացու հետ և երկրում մնալու օրինական հիմք ունի: Եթե բողոքարկումներն արդյունք չտան, նա ստիպված է ինքնակամ լքել երկիրը:

Նիշանյանը «Ազատությանը» ուշագրավ տեղեկություն հայտնեց, թե վերջին օրերին իր հետ թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից են կապվել՝ առաջարկելով լուծում տալ խնդրին: Պոլսահայ լեզվաբանն իշխանությունների այս մեղմացումը կապում է հայ-թուրքական կարգավորման նոր գործընթացի հետ:

«Վերջին օրերին Թուրքիայում ինձ համար շատ զարմանալի զարգացումներ կան»

«Նախ ինձ ասացին, որ արտաքսելու են Թուրքիա: Եվ անկեղծ ասած՝ դա ինձ շատ վախեցրեց, քանի որ եթե ցանկանան, մինչև կյանքիս վերջը ինձ կարող են բանտում փակել: Հիմա այդ ճգնաժամը մի քիչ անցել է: Ինձ պաշտոնապես հայտնեցին՝ կա՛մ Հայաստան են արտաքսելու, կա՛մ ցանկացած երկիր կարող եմ գնալ: Եթե Թուրքիա վերադառնամ առանց նախապատրաստվելու, պետական մակարդակով ինչ-որ պայմանավորվածության, շատ վատ կլինի», - ընդգծեց Նիշանյանը և շարունակեց․ - «Սրան հակառակ՝ վերջին օրերին Թուրքիայում ինձ համար շատ զարմանալի զարգացումներ կան: Բավական բարձրաստիճան մարդիկ շատ անսպասելիորեն ինձ առաջարկել են գալ Թուրքիա՝ խոստանալով լուծել իմ խնդիրները: Այսպիսի նախաձեռնություն կա, որոշ դռներ են բացվել, բայց չգիտեմ ինչ կստացվի: Ենթադրում եմ, որ վերջին շրջանում հայ-թուրքական հարաբերությունները հալոցքի փուլում են, լուրջ մերձեցում է նկատվում: Գուցե այս համատեքստում ինչ-որ լուծման ճանապարհ կարելի է գտնել: Շատ լավ կլինի, եթե ստացվի»:

Սևան Նիշանյանն ուշադրությամբ հետևում է նաև հայ-թուրքական կարգավորման գործընթացին: Հուսով է, որ այս անգամ բանակցությունները հաջողությամբ կպսակվեն, ինչից կշահեն և՛ Հայաստանը, և՛ Թուրքիան․ - «Հույսով և ոգևորությամբ եմ հետևում զարգացումներին: Մինչև 2010-2011 թվականները՝ 2008-ին, 2009-ին շատ մեծ հույսով ու եռանդով աշխատում էինք արդյունքի հասնելու, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար: Հետո հոռետեսության երկար շրջան սկսվեց, մտածում էինք, որ ոչինչ էլ չի լինի ու այսպես էլ կմնա: Բայց վերջին շրջանում շատ անսպասելի մերձեցման ընթացք է սկսվել»:

«Կարծում եմ՝ Հայաստանի համար լավ կլինի, իհարկե որոշ ռիսկեր էլ կան: Սակայն տնտեսական, դիվանագիտական, ռազմական տեսանկյունից Հայաստանը միայն Ռուսաստանի վրա հույս դնելով ոչ մի տեղ չի հասնի: Ե՛վ Ռուսաստանի, և՛ մյուս հարևանների հետ լավ հարաբերությունների հաստատումը Հայաստանի համար առաջընթաց կլինի: Թուրքիայի համար էլ այս նախաձեռնությունը շատ դրական արդյունքներ կբերի: Գուցե այս կերպ ինչ-որ չափով կոտրվի Թուրքիայի մեկուսացումը աշխարհում: Եվ ես պատրաստ եմ այս գործընթացում ունենալ իմ ավանդը», - ասաց պոլսահայ մտավորականը։

2014-ին Սևան Նիշանյանը ավելի քան 11 տարվա ազատազրկման էր դատապարտվել Իզմիրի Շիրիջե գյուղում գտնվող իր սեփական այգում «ապօրինի» շինարարություն կատարելու մեղադրանքով, հետագայում նրա պատիժը հասավ 17 տարվա: Մինչև 2017 թվականի ամառը նա գտնվում էր Իզմիրի Ֆոչայի բաց ռեժիմի բանտում: Թուրքիայի իշխանությունների կողմից Նիշանյանի նկատմամբ հետապնդումները դեռ 2008-ին էին սկսվել՝ նրա աղմկահարույց «Սխալ Հանրապետություն կամ 51 հարց Քեմալիզմին և Աթաթուրքին» գրքի հրատարակումից հետո։

XS
SM
MD
LG