Մատչելիության հղումներ

«Թռչունը թռավ»․ հայազգի լեզվաբանի փախուստը թուրքական բանտից


Սևան Նիշանյան, արխիվ
Սևան Նիշանյան, արխիվ

«Թռչունը թռավ. տարոսը մնացած ութսուն միլիոնին», - հայազգի հայտնի լեզվաբան, հրապարակախոս Սևան Նիշանյանը թվիթերյան իր էջում արված այս գրառմամբ նախօրեին հայտնել էր թուրքական բանտից փախչելու մասին:

Տեղական իրավապահ մարմիններն առայժմ չեն մեկնաբանել Նիշանյանի փախուստի լուրը: Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Նիշանյանը երեկ առավոտյան դուրս է եկել Ֆոչայի բաց ռեժիմի բանտից և այդպես էլ չի վերադարձել:

Նիշանյանը, ով անազատության մեջ էր 2014 թվականից ի վեր, Dogan լրատվական գործակալության հետ հեռախոսազրույցում նշել է, որ բանտում չի գտնվում՝ չհաստատելով, սակայն, երկրից հեռանալու մասին տեղեկությունը: «Այլևս բանտում չեմ և վերադառնալու մասին չեմ մտածում: Ես էլ չգիտեմ, թե որտեղ եմ», - ասել է Նիշանյանը:

Սևան Նիշանյանը բանտից փախուստից հետո, լուսանկարը՝ Ֆեյսբուքից
Սևան Նիշանյանը բանտից փախուստից հետո, լուսանկարը՝ Ֆեյսբուքից

Թուրքական Hurriyet-ի հետ զրույցում էլ հայազգի լեզվաբանը նշել է, որ Թուրքիայից փախչելը ընդամենը գումարի հարց է: «3․5 տարին նույնիսկ շատ էր՝ անարդար, անօրինական պատիժների ենթարկվելու համար: Եվս 3 տարի չէի կարող դիմանալ: Ե՛վ այստեղ, և՛ արտասահմանում կարող եմ լինել: Որոշ ժամանակ անց արտերկիր էլ կարող եմ մեկնել: Սակայն Թուրքիան մեր երկիրն է: Անշուշտ մի օր վերադառնալու ենք: Թուրքիայից փախչելը շատ հեշտ է: Ինչպես տեսնում եք՝ որոշակի գումարի դիմաց բոլորն էլ կարող են փախչել», - ասել է Նիշանյանը՝ հավելելով, որ 48 ժամ սպասելու կարիք չկա, և իրեն արդեն փախած բանտարկյալ կարող են համարել:

Ի պատասխան Haberturk-ի հարցի, թե ինչպե՞ս է հաջողել փախչել բանտից, Նիշանյանը նշել է, որ երբ ժամանակը գա, կներկայացնի բոլոր մանրամասները:

2014-ին Սևան Նիշանյանը 17 տարվա ազատազրկման էր դատապարտվել Իզմիրի Շիրիջե գյուղում գտնվող իր սեփական այգում «ապօրինի» շինարարություն կատարելու մեղադրանքով: Տարիներ շարունակ Նիշանյանին ազատ արձակելու կոչեր հնչեցող մտավորականները պնդում են, որ նրան ազատազրկել են թուրքական իշխանություններին և պաշտոնական պատմագրությունը քննադատելու համար: 2008-ին Թուրքիայում մեծ աղմուկ էր հանել Նիշանյանի հեղինակած «Սխալ Հանրապետություն կամ 51 հարց Քեմալիզմին և Աթաթուրքին» գիրքը, որտեղ նա անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը՝ նշելով, որ ժամանակակից թուրքական պետությունը հայերի, հույների և ասորիներին ցեղասպանությունների հետևանք է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG