Մատչելիության հղումներ

Ղազախստանը՝ աշխարհի ուշադրության կենտրոնում


Ղազախստան - Զինվորներ և զինտեխնիկա Ալմաթիի գլխավոր հրապարակում, 6-ը հունվարի, 2022թ․
Ղազախստան - Զինվորներ և զինտեխնիկա Ալմաթիի գլխավոր հրապարակում, 6-ը հունվարի, 2022թ․

Ռուսաստանը ղազախստանյան իրադարձությունները դիտարկում է որպես պետության անվտանգությունը և ամբողջականությունը բռնությամբ սասանելու՝ դրսից հրահրված փորձ։ Արտգործնախարարությունն այդ մասին այսօր հատուկ հայտարարություն է տարածել՝ չմանրամասնելով, թե որ երկրներն են կանգնած այդ փորձի ետևում։

Պաշտպանելով այս իրավիճակում Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ զորքեր ուղարկելու որոշումը՝ Ռուսաստանի արտգործնախարարությունը նաև պնդել է, թե Մոսկվան կշարունակի սերտ խորհրդակցությունները ղազախական կողմի, ինչպես նաև ՀԱՊԿ գործընկերների հետ՝ անհրաժեշտության դեպքում հավելյալ, արդյունավետ քայլեր ձեռնարկելու համար։ Թե խոսքն ինչի քայլերի մասին է, Մոսկվան չի հստակեցնում։

Ավելի վաղ Կրեմլի կայքը հրապարակել էր Ղազախստան խաղաղապահ ուժեր ուղարկելու՝ Հայաստանի վարչապետ և կառույցի Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանի որոշումը։

Ղազախստանի նախագահ Տոկաևին աջակցելու մասին հայտարարել են նաև ռազմական դաշինքի անդամ Բելառուսը, որտեղ անցած տարի զանգվածային ցույցեր էին նախագահ հռչակված Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ, ինչպես նաև Տաջիկստանը։ Ղրղըզստանի իշխանությունները նախապայմանով են արձագանքել՝ խաղաղապահներ կուղարկեն կարգուկանոնը պահպանելու համար, սակայն նրանք ցուցարարներին ցրելու գործողություններին չեն մասնակցի։

Ասիական տարածաշրջանում, այդ թվում՝ Ղազախստանում, լուրջ ազդեցություն ունեցող Չինաստանի արտաքին գերատեսչության մամուլի քարտուղար Վան Վեմբինը հայտարարել է , որ Պեկինը Ղազախստանում տեղի ունեցողը համարում է երկրի ներքին գործը։ «Մենք վստահ ենք՝ իշխանությունները կկարողանան պատշաճ կերպով լուծել խնդիրը», - ասել է չինացի դիվանագետը՝ հրաժարվելով մեկնաբանել Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկելու որոշումը։

«Չինաստանը և Ղազախստանը բարեկամական հարևաններ են և մշտական ու համապարփակ գործընկերներ։ Այն, ինչ կատարվում է Ղազախստանում, այդ երկրի ներքին գործն է, Չինաստանը հույս ունի, որ իրավիճակը կկայունանա որքան հնարավոր է շուտ, և կարգուկանոնը կվերականգնվի», - ասել է Վան Վեմբինը։

Ղազախստանի ավանդական ռազմավարական գործընկեր Թուրքիայի արտգործնախարարությունը դեռևս երեկ էր հայտարարել, որ ուշադրությամբ հետևում է ղազախական զարգացումներին՝ հույս հայտնելով, որ իրավիճակը բարեկամական Ղազախստանում արագ կկարգավորվի։ Միաժամանակ, արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, իսկ ավելի վաղ՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Այսօր հայտարարություն է տարածել նաև Թյուրքական պետությունների կազմակերպությունը, որում ակնարկել է, թե Տոկաևի վարչակազմն ի վիճակի է հաղթահարել այս մարտահրավերը։ «Ղազախստանի իշխանություններն ունեն հնարավորություն երկրում կարգուկանոնը և հանգստությունը խաղաղ ճանապարհով վերականգնելու համար», - հայտարարել է կազմակերպությունը, որին անդամակցում են Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Ուզբեկստանը։ Կառույցը նաև պնդել է, թե պատրաստ է տրամադրել Ղազախստանի կառավարությանն ու ժողովրդին անհրաժեշտ աջակցություն։

Արևմուտքից առայժմ զուսպ են արձագանքում։ Միացյալ Նահանգները երկրորդ օրն է՝ հորդորում է դադարեցնել բռնությունները, հարգել օրենքներն ու մարդկանց հիմնարար իրավունքները, այդ թվում՝ ցույցեր անցկացնելու և ազատ խոսքի։ Եվրամիությունից այսօր արձագանքել են, թե ի գիտություն են ընդունել Ղազախստան խաղաղապահներ ուղարկելու ՀԱՊԿ-ի որոշումը։ Կառույցի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը միաժամանակ պնդել է, որ «նմանատիպ ցանկացած միջամտություն պետք է հարգի Ղազախստանի ինքնիշխանությունն ու անկախությունը»։

«Եվրամիությունն ուշադրությամբ հետևում է իրավիճակին․ մենք դատապարտում ենք բռնությունները և վանդալիզմը Ալմաթիում և ցավակցում զոհերի հարազատներին։ Հորդորում ենք զսպվածություն ցուցաբերել և հասնել իրավիճակի խաղաղ հանգուցալուծման», - հայտարարել է ԵՄ արտգործնախարարի խոսնակ Նաբիլա Մասրալին։

Դիվանագետը նշել է, որ Բրյուսելը պատրաստ է աջակցել կողմերի միջև երկխոսությանը։

Սոցիալական ցանցերում փորձագետներն ու անկախ լրագրողները քննադատում են Ղազախստանի գործերին դրսից միջամտելու, ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր գործուղելու որոշումը։ Լրագրող Իլյա Բարաբանովը գրում է․ - «Ինչ-որ պատմական հեգնանք կա նրանում, որ հենց ժողովրդական հուզումների ալիքի վրա իշխանության եկած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ստիպված է հայտարարել Ղազախստան ռազմական զորախումբ ուղարկելու մասին»։

Քաղաքագետ Ստանիսլավ Բելկովսկին էլ «Էխո Մոսկվի» ռադիոկայանի իր բլոգում գրել է, թե Պուտինը շտապում է, որպեսզի հունվարի 10-ին մեկնարկող ռուս-ամերիկյան բանակցություններին ցույց տա ամերիկացիներին, թե միայնակ չէ, այլ խոսում է մի ամբողջ ռազմական դաշինքի անունից, ինչպես «սառը պատերազմի» տարիներին Խորհրդային Միությունը խոսում էր Վարշավյան պայմանագրի անունից։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG