Մատչելիության հղումներ

Չպատվաստված ու չթեստավորված մարդկանց մուտքը կարգելվի սննդի ու ժամանցի վայրեր


Ով պատվաստված չէ կամ չունի բացասական պատասխանով քովիդ թեստ, նրա մուտքը ռեստորան, սրճարան, թանգարան ու ժամանցի այլ վայրեր կարգելվի։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության այսօրվա նիստում ասաց՝ կառավարության հրամանը կհրապարակվի երկուշաբթի օրը և ուժի մեջ կմտնի տասնհինգ օրվա ընթացքում։ Կորոնահամաճարակի նոր սահմանափակումը հունվարի վերջից կգործի։

«Առաջիկա 15 օրվա ընթացքում այն ևս ուժի մեջ կմտնի, մենք 15 օր ժամկետ կտանք հրապարակելուց հետո, որպեսզի հանրությանը նաև իրազեկման և տնտեսվարողներին ժամանակ տանք հարմարվելու», - ասաց նա:

Հանրային վայր մուտք գործելու համար թեստը առնվազն երեք օր առաջ պետք է արված լինի։ Չպատվաստված ու աշխատող քաղաքացիները թեստ պարտավոր են հանձնել 7 օրը մեկ, սակայն սննդի ու ժամանցային վայրեր մտնելու համար թեստի պատասխանը պետք է առնվազն երեք օրվա վաղեմության լինի։

«Պետք է ներկայացնեն կամ ՊՇՌ բացասական թեստի արդյունք վերջին 72 ժամվա ընթացքում իրականացված, կամ պատվաստման սերտիֆիկատ, կամ ռապիդ թեստի արդյունք վերջին 24 ժամվա ընթացքում իրականացված», - նշեց նախարարը:

Համավարակի դեմն առնելու այս սահմանափակումը աշխարհի շատ երկրներում վաղուց գործում է: Հայաստանում քաղաքացիները դրան կբախվեն հունվարի վերջից: Այսօր Երևանում «Ազատությանը» հանդիպած մարդիկ տարբեր կերպ էին արձագանքում այս սահմանափակմանը, համաձայն են` ժամանցի վայրերին գուցե ֆինանսապես հարվածի, բայց մյուս կողմից էլ հանրային առողջության հարցն է:

90-ամյա Արկադի Ահարոնյանը կառավարության այս որոշմանը դեմ է։ Ոչ պատվաստվել է, ոչ էլ թեստ է հանձնում։ Բայց հակահամաճարակային կանոններին խիստ հետևում է։ Եթե որոշումն էլ ուժի մեջ մտնի, միևնույն է` նույն կերպ է շարունակելու:

Սիփան Ղազարյանը Սարյան փողոցի ռեստորաններից մեկում բարմեն է։ Վստահ է՝ նոր սահմանափակումը բացասաբար կազդի ռեստորանային բիզնեսի վրա, բայց կարծում է` այդ սահմանափակմամբ հնարավոր կլինի ստիպել մարդկանց պատվաստվել. «Մի կողմից` ինքը թեթև հարված է, բայց պետք է, որ սա այս կանոնին հետևեն»:

Ճիշտ հակառակ կարծիքին է նրա հարևանությամբ գործող մեկ այլ ռեստորանի մենեջեր Միքայել Խաչատրյանը։ Նրա կարծիքով՝ մարդիկ ռեստորան, ժամանցի վայրեր այցելելու համար դժվար թե պատվաստվեն կամ հատուկ թեստ հանձնեն։ Վստահ է՝ այս որոշումը հերթական հարվածը կլինի սննդի ու ժամանցի վայրերի բյուջեին. «Դե եթե ազդեցությունը ինչպես մենք կանխատեսում ենք` լինի, կարծում եմ` ոլորտի վրա ֆինանսապես կազդի»:

Միքայել Խաչատրյանի կարծիքով` պատվաստման ցուցանիշը բարձրացնելու բեռը պետք է կառավարությունը, Առողջապահության նախարարությունը կրեն։ Պետք է ճիշտ քաղաքականություն վարեն ու մարդկանց կարողանան համոզել, որ պատվաստվեն։ Առանց այդ էլ սպասարկման ոլորտը նոր է ոտքի կանգնել։ Նախ կորոնահամաճարակի, ապա պատերազմի պատճառով լուրջ տուժել են։

«Բացասական հետք են թողել, այսինքն` ով խոշոր սեփականություն կամ բիզնես չուներ, կորցրեց իր բիզնեսը, կորցրեցին աշխատատեղ, չկարողացան տարածքի վարձավճար վճարել, մյուս ռեստորանները առանց շահույթի աշխատեցին կամ չաշխատեցին, ու վատ վնաս եղավ, անընդհատ սպասարկման ոլորտը կրում է դժվարություններ», - նկատեց նա:

Կառավարության այսօրվա նիստում Վարչապետ Փաշինյանը վստահեցրել է, թե կորոնահամաճարակային իրավիճակը Հայաստանում հանգիստ է, կայուն։ Նախորդ օրը մահացության երեք դեպք է արձանագրվել։

XS
SM
MD
LG