Մատչելիության հղումներ

Կառավարությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» իր 15 տոկոսի կառավարումը հանձնեց ԱՆԻՖ-ին


Կառավարության նիստ, արխիվ
Կառավարության նիստ, արխիվ

Կառավարությունն այսօր որոշեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» սեփական 15 տոկոս բաժնեմասը կառավարման հանձնել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ընկերությանը, ինչպես գրել են հիմնավորման մեջ «կառավարման արդյունավետության բարձրացման» նպատակով, ներկայացրեց փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։

«Առաջարկվում է նաև հանձնարարել վարչապետի աշխատակազմին Հայաստանի Հանրապետության անունից կնքել հիշատակված հավատարմագրային կառավարման մասին պայմանագիրը», - նշեց Մաթևոսյանը:

«Հետաքրքրությունների ֆոնդը» կամ ԱՆԻՖ-ը պետական սեփականություն հանդիսացող առևտրային կազմակերպություն է, որի տնօրենների խորհրդի նախագահը նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է, իսկ գործադիր տնօրենն է Դավիթ Փափազյանը, ով նախկինում աշխատել է բանկային ոլորտում։

Հայտնի է, որ այս տարի կոմբինատի բաժնեմասերի 15 տոկոսը ձեռք բերած կառավարությունը ներկայացուցիչ կունենա նաև կոմբինատի տնօրենների խորհրդում: Նոյեմբերին գործադիրը հայտնել էր, որ Ավինյանը կարող է նշանակվել պղնձամոլիբդենայինի այդ խորհրդի անդամ, նրա վերջնական նշանակման մասին տեղեկություն առայժմ չկա։

«Մեր բաժնեմասի չափով Հայաստանի Հանրապետության կառավարությունը կունենա ներկայացուցիչ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» տնօրենների խորհրդում», - հայտարարեց վարչապետը:

Հայաստանի խոշոր հարկատուների առաջին եռյակում գտնվող կոմբինատի 15 տոկոսի պետականացման մասին հայտնի դարձավ 3 ամիս առաջ, երբ պարզվեց, որ ռուսական «Գեոպրոմայնինգը» ձեռք է բերել դրա 60 տոկոսը, որից 25 տոկոսը նվիրել է կառավարությանը։ Գործագիրը այդպես էլ չմեկնաբանեց, թե ինչպես հաջողվեց ձեռք բերել թանկարժեք այս բաժնեմասը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տարակուսած էր, թե փորձ է արվում բաժնեմասերի մի մասի անցումը կառավարությանը ներկայացնել բացասական լույսի ներքո, այնինչ 2000-ակններից ի վեր առաջին անգամ է նման ձեռքբերում գրանցվել։

«Այն, որ պետությունը իր հիմնական ռազմավարական ակտիվից երկար տարիներ զրկվում էր և զրկված է եղել, դա փաստորեն կասկածելի չի, իսկ այն, որ պետությունը ձեռք է բերում, ոմանք փորձում են դրա մեջ կոռուպցիոն հետքեր և գործարքներ գտնել: Ես ուզում եմ պարզաբանել, որ կոռուպցիայի արդյունքում պետությունը ոչ թե ստանում է, այլ կոռուպցիայի արդյունքում պետությունը կորցնում է», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը հավելեց, որ 2000-ակններից ի վեր իշխանությունների հետ փոխկապակցված մարդիկ դարձել են այդ կոմբինատի սեփականատեր, նա անուններ չնշեց. - «Հիմա հակառակ պրոցեսն է տեղի ունեցել և հիմա 15 մի փոքր ավելի բաժնետերերի սեփականատերը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն է»:

Նախկին իշխանությունների՝ պղնձամոլիբդենայինում մասնաբաժին ունենալու թեմային Փաշինյանն անդրադարձել էր նաև 2021-ի հունիսին նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ ակնարկելով, որ նրանց հարցը լուծվելու է, կրկին առանց անունների։

«Հայաստան» դաշինքից պատգամավոր, պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ -ի նախկին ադմինիստրատիվ տնօրեն Վահե Հակոբյանը մինչդեռ վստահեցնում է՝ նախկին իշխանություններից որևէ մեկը մասնաբաժին այնտեղ չի ունեցել։

«Նախկիններից որևէ պաշտոնյա որևէ անգամ, երբեք չի ունեցել այնտեղ առնչություն, առավել ևս փայամաս, երբևիցե չի եղել Քոչարյանը այնտեղ որևէ կերպ կամ իր հետ արծարծված մարդիկ առնչություն չեն ունեցել կոմբինատի հետ: Ես չեմ ունեցել մասնաբաժին, երբեք», - ասաց Հակոբյանը:

Ինչպե՞ս հաջողացրեց կառավարությունը ձեռք բերել կոմբինատի բաժնեմասերի 15 տոկոսը, Հակոբյանի խոսքով, «ճնշումներ գործադրվեցին»։

«Ազատության» հարցին, թե ճնշումները ո՞ւմ նկատմամբ կիրառվեցին, ՓԲԸ -ի նախկին ադմինիստրատիվ տնօրենը պատասխանեց. «Դրանից ավելի չեմ կարող ոչ մի բան ասել»:

XS
SM
MD
LG