Մատչելիության հղումներ

Ալմաթիում ցուցարարները գրավել են քաղաքապետարանի շենքը, այնտեղ հրդեհ է բռնկվել


Ղազախստան - Հրդեհը Ալմաթիի քաղաքապետարանի շենքում, 5-ը հունվարի, 2022թ․
Ղազախստան - Հրդեհը Ալմաթիի քաղաքապետարանի շենքում, 5-ը հունվարի, 2022թ․

Ղազախստանի խոշորագույն քաղաքում՝ Ալմաթիում ցուցարարները գրավել են քաղաքապետարանի շենքը, ինչից հետո այնտեղ հրդեհ է բռնկվել։ «Ազատության» ղազախական ծառայության փոխանցմամբ՝ 1980 թվականին կառուցված շենքը պետական նշանակության հուշարձան է։

Ղազախստանում երրորդ օրն է բողոքի ալիքը չի մարում։ Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ անցած գիշեր բողոքի զանգվածային ցույցերը ցրելու ժամանակ «ավելի քան 200 մարդ» է բերման ենթարկվել։

«Չնայած տեղական գործադիր մարմինների և դատախազության նախազգուշացմանը՝ քաղաքացիները տրվել են սադրիչ կոչերին և սկսել անօրինական գործողություններ կատարել՝ վտանգ ներկայացնելով բնակչության խաղաղությանն ու անվտանգությանը», - ասված է Ղազախստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում։ Դրանում նշվում է, որ «քաղաքացիների որոշ խմբեր փակել են ճանապարհները, արգելափակել տրանսպորտի երթևեկությունը»։

Ըստ պաշտոնական աղբյուրների՝ Ալմաթի, Շիմքենթ և Տարազ քաղաքներում փորձեր են արվել «հարձակվել ակիմատների (վարչակազմերի) շենքերի վրա», «կոտրվել են պատուհաններ և դռներ, հասցվել են նյութական վնասներ»։

Ոստիկանությունը նշում է նաև ցուցարարների կողմից «քարերի, փայտերի, գազի, պղպեղի և «մոլոտովյան կոկտեյլների» կիրառման դեպքեր։

«Ապօրինի գործողությունների արդյունքում տուժել է ներքին գործերի մարմինների 95 աշխատակից։ Վնասվել է 37 ծառայողական ավտոմեքենա», - հայտնում են Ղազախստանի պաշտոնական աղբյուրները։

Իշխանությունները ցուցարարների շրջանում զոհերի թվի մասին չեն հաղորդում։

Ըստ տեղից ստացվող հաղորդումների՝ բերման ենթարկվածներն ավելի շատ են, քան ներկայացվող պաշտոնական թվերը։

Հեղուկ գազի թանկացման դեմ բողոքի ակցիաները վերածվել են զանգվածային ցույցերի, որոնց մասնակիցները պահանջում են գործող իշխանությունների հրաժարականը։

Կառավարության հեռացումն էլ, այդուհանդերձ, չի թուլացրել լարվածությունը։ Երկրի մի շարք խոշոր քաղաքներում արտակարգ դրություն է հայտարարվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG