Մատչելիության հղումներ

Զանգվածային ցույցեր Ղազախստանում՝ հեղուկ գազի կտրուկ թանկացումից հետո


Ղազախստան - բողոքի ակցիա Ուրալսկում, 4-ը հունվարի, 2022թ.

2022 թվականը Ղազախստանում մեկնարկեց բողոքի ակցիաներով։ Արդեն երրորդ օրն է, ինչ երկրի արևմտյան մի շարք քաղաքներում բազմամարդ բողոքի գործողություններ են, որոնց մասնակիցները պահանջում են նվազեցնել հեղուկ գազի գինը։ Եթե Ամանորից առաջ գազի մեկ լիտրի գինը 95 ղազախական թենգե էր, ապա այժմ այն բարձրացել է՝ հասնելով 120 թենգեի, ինչը այսօրվա փոխարժեքով հավասար է մոտ 30 ցենտի։

«Երբ գազի գինը 80 թենգե էր, մարդիկ այն ժամանակ էլ էին բողոքում», - «Ազատության» ղազախական ծառայության աշխատակցի հետ զրույցում նշում էր բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը՝ հիշեցնելով, որ երկրի բնակիչների մի զգալի մասի ավտոմեքենաները հենց հեղուկ գազով են աշխատում։

Տեղացիների համոզմամբ՝ գազի գնի բարձրացումը անխուսափելիորեն նաև սննդամթերքի և առաջին անհրաժեշտության մյուս ապրանքների գների աճի է հանգեցնելու։

Բողոքի ակցիաների կենտրոնը Մանգիստաուի մարզի Ժանաոզեն քաղաքն է։ Սա այն նույն քաղաքն է, որտեղ ուղիղ տասը տարի առաջ, նավթարդյունաբերության ոլորտի աշխատակիցների ցույցը ցրելու ընթացքում ղազախ ուժայինները առնվազն 14 մարդ էին սպանել։ Եվ պատահական չէ, որ նախօրեին հենց Ժանաոզենում հնչեցին առաջին քաղաքական պահանջները։

«Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարում էր, որ գյուղապետերը պետք է ընտրովի լինեն։ Մենք պետք է ընտրենք նաև մարզպետերին և քաղաքապետերին», - հայտարարում էր ցուցարարներից մեկը։

Մանգիստաուի մարզի առայժմ նշանակովի ակիմը՝ մարզային վարչակազմի ղեկավար Նուրլան Նոգաևը, երեկ ժամանեց Ժանաոզեն՝ փորձելով հանգստացնել ցուցարարներին։ Նրա խոսքով՝ նախագահ Տոկաևի հրամանով հեղուկ գազի մեկ լիտրի գինը հունվարի 4-ից կիջեցվի մինչև 85 թենգեյի։ Իշխանությունների այս զիջումը, սակայն, ցուցարարներին արդեն չէր բավարարում։

«Իշխանավորները գնել են Իսպանիայի ծովափնյա շրջանները, Շվեյցարիան, Ֆրանսիան։ Ո՞ւր են գնում [պետության] փողերը», - հռետորական հարց էր հնչեցնում բողոքի գործողության մասնակիցներից մեկը։

Ժանաոզենից 130 կիլոմետր արևմուտք, Կասպից ծովի ափին գտնվող Ակտաու քաղաքի կենտրոնական հրապարակում անցած գիշեր ևս հազարավոր մարդիկ էին հավաքվել՝ հնչեցնելով «Ծերուկ հեռացիր» կարգախոսը։ Վանկարկումներում հիշատակվող ծերուկը Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն է, որը թեև 2019 ին լքել էր երկրի ղեկավարի պաշտոնը, այնուհանդերձ շարունակում է որոշիչ դերակատարություն ունենալ ներքաղաքական կյանքում։

Նազարբաևի հաջորդը՝ գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, այսօր վաղ առավոտվանից փորձում է հանդարտեցնել կրքերը։ Twitter-ում արված գրառմամբ՝ Ղազախստանի ղեկավարը այսօր տեղեկացրել է, որ երկրի արևմտյան շրջաններում սկսել է աշխատել հատուկ կառավարական հանձնաժողովը, գործունեությունն է շարունակում նաև հանրապետական շտաբը։

«Հանձնաժողովին հանձնարարված է ծագած խնդրի փոխադարձ ընդունելի լուծում գտնել՝ հանուն երկրի կայունության։ Իրավապահներին հանձնարարվել է բացառել հասարակական կարգի խախտման դեպքերը։ Ցուցարարները պետք է պատասխանատու մոտեցում ցուցաբերեն՝ երկխոսության պատրաստակամություն հայտնելով», - գրել է Տոկաևը։

Չնայած իշխանությունների ջանքերին, բողոքի ակցիաների մասնակիցների թվաքանակն օրվա ընթացքում աճում էր, ընդլայնվում էր նաև ցույցերի աշխարհագրությունը։ Կեսօրին հայտնի դարձավ, որ բողոքի ակցիաներին են միացել նաև երկու խոշոր նավթահորերի՝ «Կալամկասի» և «Կարաժանբասի» աշխատակիցները։ Օրվա երկրորդ կեսին գործադուլ է հայտարարել Ակտաուի քաղաքային տրանսպորտի վարորդների մի մասը։ Դրան զուգահեռ, ըստ տեղական աղբյուրների, այսօր Ակտաուի օդանավակայան է երկու տրանսպորտային օդանավ է վայրէջք կատարել, որոնք, մի շարք տեղեկությունների համաձայն, հավելյալ ոստիկանական ուժեր են քաղաք բերել։ Ոչ մեծ բողոքի ակցիաներ են կազմակերպվել նաև երկրի մի շարք այլ քաղաքներում։

Բողոքի ակցիաները Ակտոբեյում, 4-ը հունվարի, 2022թ.
Բողոքի ակցիաները Ակտոբեյում, 4-ը հունվարի, 2022թ.

Ակտոբեյում ցուցարարներն անգամ կարողացել են ճեղքել ոստիկանական պատնեշը՝ մոտենալով քաղաքապետարանի շենքին։

Ուրալսկում ցուցարարներն այսօր փորձել են արգելափակել Սամարա-Շիմկենտ միջազգային մայրուղին։

Ղազախստանի խոշորագույն քաղաքում՝ Ալմաթիում ևս բողոքի ցույցեր կազմակերպելու փորձ է կատարվել, որի ընթացքում բերման է ենթարկվել նաև «Ազատություն» ռադիոկայանի ղազախական ծառայության տեղի գրասենյակի ղեկավար Կասիմ Ամանժոլը։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ տնտեսական պահանջներին աստիճանաբար փոխարինելու են գալիս քաղաքականները։ Այսօր ամենահաճախ հնչող կոչերից մեկը երկրի կառավարության անհապաղ հրաժարականն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG