Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին հայտնել է, որ արտամուսնական փոքրիկ աղջիկ ունի՝ 1,5 տարեկան Էլիս Մարիա Սաակաշվիլի


Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Թբիլիսիի դատարանում, 2-ը դեկտեմբերի, 2021թ․
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Թբիլիսիի դատարանում, 2-ը դեկտեմբերի, 2021թ․

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին շարունակում է զարմացնել հանրությանը։ Ռուսթավիի կալանավայրից դեկտեմբերի 31-ին նա հայտնել է, որ արտամուսնական փոքրիկ աղջիկ ունի՝ Էլիս Մարիա Սաակաշվիլի։

«Սա առաջին տարին է, որ հեռուստացույցի էկրանից մայրիկի հետ միասին մեզ կողջունի «Մթավարի Արխի» հեռուստաընկերության ամանորյա համերգի ամենափոքրիկ մասնակիցը՝ Էլիս Մարիա Սաակաշվիին։ Իմ ամենասիրելի աղջիկն ու ամենափոքր երեխան», - Ֆեյսբուքում գրել է Սաակաշվիլին` տեղադրելով նաև տոնական համերգի տեսագրությունից մի լուսանկար, որտեղ նրանք ելույթ են ունենում։ Տոնական հաղորդումը ցուցադրվելու է Ամանորի գիշերը։

Սաակաշվիլին դստեր մոր անունը չի նշել, բայց ըստ վրացական լրատվամիջոցների՝ նա ճանաչված երգչուհի Սոֆո Նիջարաձեն է։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Միացյալ Նահանգներում բնակվող երգչուհին անցած տարվա ամռանը աղջիկ է ունեցել։ Սաակաշվիլիի ձերբակալությունից հետո նրանք վերադարձել են Վրաստան։

Միխեիլ Սաակաշվիլիի անձնական մեկ ուրիշ կապի մասին հայտնի էր դարձել նրա ձերբակալության օրը՝ հոկտեմբերի 1-ին։ Ուկրաինացի քաղաքական գործիչ, պատգամավոր Լիզա Յասկոն Ֆեյսբուքում մի տեսանյութ էր հրապարակել, որտեղ Սաակաշվիլին ասում է, թե նոր ընտանիք է կազմել նրա հետ ու նոր կյանք են սկսում։ Տեսանյութը նկարահանվել էր Կիևում։

Վրաստանում Սաակաշվիլիի ձերբակալությունից մի քանի օր անց Լիզա Յասկոն ժամանել էր Թբիլիսի, Ռուսթավիի բանտում տեսակցել Սաակաշվիլիին ու լրագրողների հետ զրույցում հայտարարել, որ Միխեիլ Սաակաշվիլին քաղբանտարկյալ է, Վրաստանի ժողովուրդը պետք է պաշտպանի նրան ու երկրի ապագան։

Սաակաշվիլիի նոր ընտանիքի մասին լուրն անակնկալ էր նրա կնոջ՝ հոլանդուհի Սանդրա Ռուլոֆսի համար։ Նրանք ամուսնացել են 1993-ին ու երկու որդի ունեն՝ Էդուարդն ու Նիկոլոզը։ Լիզա Յասկոյի տեսանյութը հրապարակվելուց հետո Սանդրա Ռուլոֆսն ասել էր, թե չի կասկածել ամուսնու նոր հարաբերությունների մասին, բայց նա ևս պաշտպանել էր Սաակաշվիլիին։ «Չնայած անձնական էմոցիաներին, ես հանդարտություն եմ պահպանում և հավատում, որ մենք հաղթանակած դուրս կգանք այս պայքարից։ Միխեիլ Սաակաշվիլին քաղբանտարկյալ է, և ես միանում եմ նրան ազատ արձակելու պահանջներին», - հոկտեմբերի սկզբին Ֆեյսբուքի իր էջում գրել էր Սանդրա Ռուլոֆսը։

Բայց կալանավորված ամուսնուն նա մինչև հիմա չի այցելել։

Վրաստանի նախկին նախագահն այսօրվա ուղերձով նաև շնորհավորել է երկրի բոլոր բնակիչների Նոր տարին, հույս հայտնել, որ 2022-ը կլինի փոփոխությունների տարի։

«Ինչ էլ նրանք անեն, ես նրանցից բոլորովին չեմ վախենում։ Ընդհակառակը՝ բարձրանում է իմ մարտական տրամադրությունն ու հաղթանակի հավատը։ Մի՛ ներվայնացեք ինձ համար։ Հիմա կարևորը միասնությունն է և գլխավոր հարձակմանը նախապատրաստվելը։ Մոտ ապագայում կգա այդ հարձակման ժամանակը։ Ինչ վերաբերում է ինձ, ապա շատ շուտով կբուժեմ վնասվածքները, որ ստացել եմ Գորիում՝ չակերտավոր վերականգնման ժամանակ, և ավելի մեծ էներգիայով կկանգնեմ շարքում, չնայած հիմա էլ ես առույգ եմ և լավատես»,- դեկտեմբերի 31-ին Ֆեյսբուքում գրել է Վրաստանի կալանավորված նախկին նախագահը։

Երկարատև հացադուլից հյուծված Միխեիլ Սաակաշվիլիին վերականգնողական կուրս էր անցնում Գորիի զինվորական հոսպիտալում, նախօրեին գիշերվա ժամերին նրան հետ են տարել Ռուսթավիի կալանավայր։

XS
SM
MD
LG