Մատչելիության հղումներ

Փաշինյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան, «կլինի շփում» նաև Ալիևի հետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան:

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ, Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

ԱՊՀ-ին անդամակցում են նախկին խորհրդային հանրապետությունները՝ բացառությամբ Բալթյան երեք երկրների:

Ադրբեջանը ևս ԱՊՀ անդամ է, և այսօր Սանկտ Պետերբուրգում կարող է հանդիպում տեղի ունենալ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև:

Նրանց վերջին երկու հանդիպումը, եռակողմ ձևաչափով, տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ին և 15-ին Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում՝ նախ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ապա Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի մասնակցությամբ:

Այս տարի ավելի վաղ Փաշինյանն ու Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ և մասնակցությամբ հանդիպել են Մոսկվայում հունվարի 11-ին, ապա նոյեմբերի 26-ին Սոչիում:

Մի քանի օր առաջ տված ասուլիսում Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե հանդիպելո՞ւ է արդյոք Իլհամ Ալիևի հետ, ասել էր, որ պաշտոնական երկկողմ հանդիպման առաջարկ չկա, բայց անպայման կլինի շփում Ադրբեջանի նախագահի հետ, որովհետև այնտեղ են լինելու ԱՊՀ երկրների բոլոր ղեկավարները, սակայն, նրա խոսքով, բանակցության պաշտոնական առաջարկ չի եղել:

XS
SM
MD
LG