Մատչելիության հղումներ

Աշխատողները, վկայակոչելով ՍԴ որոշումը, պարտավոր չեն այլևս իրենց հաշվին թեստավորվել. Արամ Վարդևանյան


Սահմանադրական դատարանն այսօր հրապարակեց կորոնավիրուսի թեստերի վերաբերյալ անցած շաբաթ կայացրած որոշման պատճառաբանական մասը։ Քննելով ընդդիմադիրների բողոքը՝ Բարձր դատարանը հակասահմանադրական էր ճանաչել առողջապահության նախարարի հրամանի դրույթը, ըստ որի՝ ՊՇՌ հետազոտությունը պետք է իրականացվի «աշխատակցի հաշվին»։

Բարձր դատարանը պնդել էր, որ նախարարը լիազորված չէ որոշել, թե ով պետք է վճարի թեստավորման համար: Այդ դեպքում ո՞վ կամ ովքե՞ր են պարտավոր վճարել աշխատողի փոխարեն, այս հարցի պատասխանը Բարձր դատարանը չտվեց ոչ անցած ուրբաթ, ոչ էլ այսօր հրապարակված մանրամասն վերլուծության մեջ։

Ընդդիմադիրների բողոքը Բարձր դատարանում ներկայացրած «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ Սահմանադրական դատարանը չէր էլ կարող մատնանշել, թե ով պետք է վճարի պատվաստվել չցանկացող և պարտադիր թեստի բացասական արդյունքի փաստաթուղթ գործատուին ներկայացնող աշխատողի փոխարեն։ Ընդդիմադիր պատգամավորը կրկին պնդում է՝ այդ պարտականությունը պետք է իր վրա վերցնի պետությունը։ Այս մասին հստակ նշում, սակայն, Սահմանադրական դատարանի վճռում չկա։ Միայն նշվում է, որ պետությունը կարող է իր վրա վերցնել սոցիալական որոշ խմբերի վճարման բեռը։

«Դրական հանգամանք արձանագրել է, որ պատվաստումներն իրականացվում են անվճար, և այդ տեսանկյունից պետությունը որոշակի բեռ վերցրել է, ՊՇՌ ծախսերի վերաբերյալ, այսինքն՝ մյուս այլընտրանքի նշել է, որ պետությունն այս իրավիճակում պետք է ենթադրի, որ կարող է ստանձնել պարտականություններ ՊՇՌ ծախսերի մասով։ Դա դիտարկել որպես պարտականություն, այդպես չի գրել Սահմանադրական դատարանը, բայց, կներեք, նման բան ես չէի էլի պատկերացնի, որ Սահմանադրական դատարանը պետք է գրի։ Սահմանադրական դատարանը սևը սպիտակով հղում է տվել նախկինում արտահայտված ՍԴ որոշումներին, որտեղ պետությունը պետք է իր հոգածությունը ցուցաբերի մարդու նկատմամբ, պետք է հաշվի առնի գնային քաղաքականությունը և նվազագույն ամսական աշխատավարձը։ Դա էլ է գրված ՍԴ որոշման մեջ», - նշեց պատգամավորը։

Կառավարությունը, սակայն, տրամագծորեն հակառակ կերպ է մեկնաբանում։ Առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետ Աննա Մկրտումյանը Սահմանադրական դատարանի նույն վճռիը կարդացել ու եզրակացրել է՝ դրա համաձայն աշխատողները նախկինի նման պետք է վճարեն թեստավորման համար։ Պարզապես, ըստ նախարարության իրավաբանի, դա չպետք է ամրագրվի նախարարի հրամանով։

«Այստեղից հստակ ևս մեկ հետևություն, որ ՍԴ որոշմամբ պետության կամ գործատուի համար որևէ պարտականություն չի առաջացել աշխատողի համար ՊՇՌ հետազոտություն անցնելու վճարում իրականացնելու համար», - նկատեց նա։

Սակայն ընդդիմադիր պատգամավոր Արամ Վարդևանյանը պնդում է՝ աշխատողները, վկայակոչելով Բարձր դատարանի վերջին որոշումը, պարտավոր չեն այլևս իրենց հաշվին թեստավորվել ու պատասխանը ներկայացնել գործատուին։ Այդ դեպքում ի՞նչ անի գործատուն, եթե տեսչական մարնմից ստուգումների գան։ «Գործատուն այդ ժամանակ պետք է բողոքարկի տեսչական մարմնի այդ վարչական ակտը՝ հղում անելով Սահմանադրական դատարանի որոշմանը՝ ասելով, որ մինչ օրս որոշված չէ, թե ում կողմից պետք է այդ ծախսի բեռը կրվի»։

Սահմանադրական դատարանի որոշումից հետո ընդդիմադիրները նաև հարց են բարձրացնում մինչ այժմ քաղաքացիների վճարած գումարները վերադարձնելու մասին։ Առողջապահության նախարարությունը կտրականապես հերքում է նման մեկնաբանությունն ու պնդում՝ գումարների վերադարձի կամ դրա անհրաժեշտության մասին որևէ հիշատակում Սահմանադրական դատարանի որոշման մեջ չկա։

XS
SM
MD
LG