Մատչելիության հղումներ

Սպիտակ տան խոսնակը հակադարձել է Պուտինի հայտարարություններին


Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսաքի
Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսաքի

Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսաքին, հակադարձելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններին, թե «ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցներն են ագրեսիվ և Ուկրաինայի սահմաններին լարում են իրավիճակը», ասել է, թե փաստերը այլ բանի մասին են խոսում։

«Դե ինչ, փաստերը զվարճալի բան են և փաստերը հստակ ցույց են տալիս, որ միակ ագրեսիան, ինչը մենք տեսնում ենք Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին, դա ռուսների ռազմական ուժի կուտակումն է և Ռուսաստանի նախագահի ռազմատենչ հռետորաբանությունը»,- ասել է նա։

Արձագանքելով նաև Պուտինի ամենամյա ասուլիսի այն հատվածին, ուր նա խոսել էր հունվարին նախատեսվող ԱՄՆ-ի հետ բանակցություների մասին՝ Ջեն Փսաքին ասել է, թե «մենք նույնպես գտնում ենք, որ դա լավագույն և ճիշտ ճանապարհն է առաջ շարժվելու»։

Եվ երրորդ պահը, որ առանձնացրել է Սպիտակ տան խոսնակը, վերաբերում է ՆԱՏՕ-ին։ «Երրորդը, որ ես կցանկանայի նշել, դա այն է, որ ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, այն ագրեսիվ դաշինք չէ, հակառակ որևէ ապացույց չկա։ Եվ, իհարկե, մեր ջանքերը ՆԱՏՕ-ի մեր գործընկերների հետ աշխատելն ու պաշտպանելն է», - ասել է Փսաքին։

Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի նախագահների հնարավոր բանակցությունների մասին Սպիտակ տան խոսնակն ասել է, թե ժամկետի ու վայրի հարցում վերջնական համաձայնություն չկա, աշխատում են դիվանագիտական բանակցությունների ուղղությամբ։

«Ռուսների կողմից ներկայացված առաջարկներ կան, որոշների հետ համաձայն ենք, որոշների հետ իհարկե՝ ոչ», - ասել է Սպիտակ տան խոսնակը՝ նշելով՝ աշխատում են վերջնական տեսքի բերելու ուղղությամբ, համաձայն են, որ դիվանագիտական ճանապարհը առաջընթացի ճիշտ ուղին է։

«Ասոշիեյթեդ փրեսի» փոխանցմամբ, Սպիտակ տան բարձրաստիճան մի պաշտոնյա, իր անունը չհրապարակելու պայմանով, ասել է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է մեծացնել աջակցությունը Ուկրաինային՝ օգնելու նրան պաշտպանելու իր տարածքը։

Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի ագրեսիայի հետ կապված երեկ հեռախոսազրույց են ունցել ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը։ Հեռախոսազրույցի մասին Թվիթերի իր էջում գրել է Բրիտանիայի արտգործնախարարը՝ մի քանի նախադասությունով ներկայացնելով իրենց դիրքորոշումը։

«Ռուսաստանի որևէ ներխուժումը Ուկրաինա ռազմավարական մեծ սխալ կլինի և լուրջ հետևանքներ կունենա։ ՆԱՏՕ-ն և «Մեծ յոթնյակը» (G7) միասնական են Ուկրաինային աջակցելու հարցում։ Ռուսաստանը կարիք ունի ներգրավվելու բանակցությունների, որը հարգում է ինքնիշխանությունը», - գրել է Թրասը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG