Մատչելիության հղումներ

Հայ-ռուսական հարաբերությունների դինամիկան պետք է պահպանվի և զարգանա, ընդգծում են Փաշինյանը և Պուտինը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ողջունում է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, Մոսկվա, 27-ը դեկտեմբերի, 2018թ.

Կրեմլում այսօր հանդիպել են Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները։

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում է կարճատև աշխատանքային այցով։ Նրա հետ հանդիպումը սկսելիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախ շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքի ղեկավարին դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և հաջողություն է նրան մաղթել։

«Սա Ձեր առաջին այցն է ընտրություններում համոզիչ հաղթանակից հետո, Ձեր և Ձեր կողմնակիցների հաղթանակից հետո: Ցանկանում եմ Ձեզ մաղթել հաջողություններ, բոլոր ծրագրերի իրականացում, որ դրել էիք Ձեր առջև, Ձեր թիմի առջև ի բարօրություն Հայաստանի և հայ ժողովրդի», - Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ ասել է Պուտինը:

«Մեր հարաբերությունները բնութագրման կարիք չունեն: Դրանք իսկապես դաշնակցային հարաբերություններ են` բավական մեծ բովանդակությամբ լեցուն: Բավական է նշել, որ մենք վստահորեն պահպանում ենք առաջին տեղն օտարերկրյա պետությունների շարքում Հայաստանի հետ տնտեսական համագործակցության ոլորտում. Ռուսաստանին բաժին է ընկնում 25.5 տոկոսը: 2000-ից ավելի ձեռնարկություն է աշխատում, 2200 ձեռնարկություն: Աճում է ապրանքաշրջանառությունը. նախորդ տարի այն աճել է գրեթե 30 տոկոսով` 29.7 տոկոսով: Այս տարվա 10 ամսվա կտրվածքով այն ավելացել է գրեթե 18 տոկոսով` 17.5 տոկոսով», - նշել է Ռուսաստանի նախագահը:

Պուտինը նաև հավելել է. - «Կարծում եմ` դինամիկան լավն է, պետք է այն պահպանել: Մենք պատրաստ ենք մեր կողմից դա անել: Կանենք այն ամենը, ինչ կախված է մեզնից, որպեսզի հարաբերությունների այսպիսի մակարդակը մեզ մոտ պահպանվի և ոչ միայն այս ոլորտում, այլև մյուս ուղղություններով: Նկատի ունեմ նաև անվտանգության ապահովման ոլորտը, ՀԱՊԿ շրջանակում համագործակցությունը, Եվրասիական տնտեսական միության շրջանակում բազմակողմ տնտեսական համագործակցությունը: Մի խոսքով` մենք շատ հարուստ, հագեցած օրակարգ ունենք: Շատ ուրախ ենք Ձեզ տեսնել: Բարի գալուստ»։

Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը հաստատել է իր պատրաստակամությունը՝ զարգացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով, ընդգծելով, որ Հայաստանը դրական է տրամադրված Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրմանը:

«Ես էլ եմ շատ ուրախ տեսնել Ձեզ, տեսնել մեր գործընկերներին: Ես արդեն կորցրել եմ հաշիվը, թե սա մեր որերորդ հանդիպումն է: Բայց օդանավակայանում արարողակարգի աշխատակիցներն ինձ հուշեցին, որ ես Ռուսաստանի Դաշնություն ամենահաճախ այցելող օտարերկրյա ղեկավարներից եմ, ավելի կոնկրետ` ես ղեկավարների եռյակում եմ: Վստահ եմ, կարծում եմ` դա ընդգծում է մեր առանձնահատուկ ռազմավարական հարաբերությունների համատեքստը: Վստահ եմ, որ մեր հարաբերությունների այսպիսի դինամիկան կպահպանվի: Հույս ունեմ, որ նաև կզարգանա: Իհարկե, մենք մյուս տարի սպասում ենք Ձեզ պաշտոնական այցով Հայաստանում: Դա մեզ համար շատ ուրախալի կլինի», - պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հայտարարել է Փաշինյանը և շարունակել. - «Իհարկե, մեր քաղաքական և տնտեսական հարաբերություններն զարգանում են: Ուրախալի է տեսնել, որ աճում է ռուսաստանցի զբոսաշրջիկների հետաքրքրությունը, մասնավորապես, Հայաստանի նկատմամբ. ռուսաստանյան ԶԼՄ-ներում հրապարակում կար, որ ամանորյա սեզոնին Հայաստանը ռուսաստանցի զբոսաշրջիկների ամենահայտնի ուղղությունն է, և նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկների հոսքը կաճի 70 տոկոսով: Դա առնվազն նշանակում է, որ մարդիկ ոչ միայն հետաքրքրված են, այլև Հայաստանում ռուսաստանցի զբոսաշրջիկներին շատ լավ են ընդունում, նրանք իրենց շատ լավ են զգում, և դա ընդգծում է մեր հարաբերությունների խորությունը: Դրանք ոչ միայն քաղաքական, տնտեսական, այլև մարդկային հարաբերություններ են, մշակութային հարաբերություններ են, և վստահ եմ, որ այդ բոլոր հարաբերությունները կզարգանան»:

«Վերջերս Հայաստանում անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Շատ ուրախ եմ, որ այդ ընտրություններն անցան օրենքին համապատասխան, դրանք ազատ ընտրություններ էին: Շատ ուրախ եմ, որ դա արձանագրեցին նաև միջազգային դիտորդները, այդ թվում նաև` Ռուսաստանի Դաշնությունից դիտորդները. բավական շատ դիտորդներ էին մասնակցում այդ ընտրություններին», - ընդգծել է Հայաստանի կառավարության ղեկավարը:

«Մենք մտադիր ենք զարգացնել մեր հարաբերությունները բոլոր ուղղություններով: Վստահ եմ, որ նորընտիր խորհրդարանը կզարգացնի նաև մեր միջխորհրդարանական հարաբերությունները: Մենք դրական ենք տրամադրված նաև մեր տնտեսական հետագա հարաբերությունների առումով: Մենք հետաքրքրված ենք Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիայի հետագա խորացմամբ, և մենք շատ լուրջ ենք վերաբերվում Եվրասիական տնտեսական միությունում մեր նախագահությանը: Վստահ եմ, որ մեր նախագահության արդյունքում կունենանք ավելի արդյունավետ ինտեգրում ԵԱՏՄ շրջանակում: Վստահ եմ, որ այսօրվա քննարկումների համար բավական մեծ օրակարգ ունենք, և մենք դրական ենք տրամադրված: Վստահ եմ` դրական արդյունքներ կունենանք», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Հանդիպման այլ մանրամասներ այս պահին դեռևս հայտնի չեն։ Ավելի վաղ տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ կոնկրետ խոսք չկար գազի գնի շուրջ բանակցություններից, բայց Փաշինյանն ասել էր՝ զրույցի թեմաներից մեկն էլ դա է լինելու:

Մինչև սահման 150 դոլարով գազը, ըստ պայմանագրի, հայաստանցիներին կարող է հասնել մինչև այս տարեվերջ։ Հայ-ռուսական պայմանագրի ժամկետը ավարտվում է, ենթադրվում է, որ կարճ ժամկետներում գազի նոր գնի շուրջ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն:

Կրեմլի պաշտոնական կայքում նշված է, որ Փաշինյանն ու Պուտինը քննարկելու են երկկողմ հարաբերությունների առանցքային հարցերը և Եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն կազմակերպություններում երկու երկրների փոխգործակցությունը:

Հարցերից մեկը, որ Փաշինյանն ու Պուտինը ամենայն հավանականությամբ քննարկել են, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի հարցն է:

Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Զասն արդեն հասցրել է առանձին հանդիպումներ ունենալ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների, այդ թվում՝ Պուտինի հետ: Ռուսական կողմը Պուտին-Զաս հանդիպման վերաբերյալ հաղորդագրություն չէր տարածել:

«Նեզավիսիմայա գազետա»-ն երեկ գրել էր, թե ամենայն հավանականությամբ Պուտինին կհաջողվի համոզել Փաշինյանին ընդունել Զասի թեկնածությունը, ընդունել, որ Հայաստանի ներկայացուցիչ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հետ կանչելուց հետո ՀԱՊԿ գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնը ռոտացիոն կարգով կանցնի Բելառուսին ոչ թե 2020 թվականից, այլ արդեն եկող տարվանից:

Ռուսաստանյան նույն պարբերականը գրել է, որ Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգում է նաև գազի հնարավոր թանկացման հարցը։ Էներգակիրների հետ կապված՝ վերջին շրջանում Ռուսաստանը կոշտ դիրքորոշում է որդեգրել նաև իր ամենամտերիմ դաշնակից Բելառուսի հետ բանակցություններում:

Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները հավանաբար կքննարկեն նաև ղարաբաղյան խնդիրը: Սա ավանդական հարց է երկու երկրների ղեկավարների հանդիպումների օրակարգում:

Վերջին անգամ Պուտինն ու Փաշինյանը հանդիպել էին դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում, որտեղ հավաքվել էին հետխորհրդային երկրների ղեկավարները:

Մոսկվայում է նաև Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, նա բանակցություններ է անցկացրել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ «Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ», - հայտնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ առանց հավելյալ մանրամասների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG