Մատչելիության հղումներ

Ստամբուլում հրատարակվող ամենահին հայկական «Ժամանակ» օրաթերթն ահազանգում է` փակման վտանգի առաջ է


Ստամբուլում հրատարակվող ամենահին հայկական «Ժամանակ» օրաթերթը իր 114-ամյակը նշեց տխուր խմբագրականով: Թերթը ահազանգում է՝ ֆինանսական դժվարին կացության մեջ է և փակման վտանգի առաջ է կանգնած:

Վերջին մեկ տարում թերթի միջոցները գնալով պակասում էին, վարչությունն ու խմբագրակազմը ամեն կերպ հետաձգում էր իր տագնապի բարձրաձայնումը, սակայն հիմա ստիպված են օգնության դիմել՝ վիճակը օրհասական է: Վերջին շրջանում Թուրքիայում գնալով խորացող տնտեսական ճգնաժամը, ինչպես նաև տպագիր մամուլի հանդեպ հետաքրքրության նվազումը բացասաբար են անդրադարձել թերթի գործունեության վրա:

Ժամանակի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը «Ազատության» հետ զրույցում նշեց նաև մեկ այլ կարևոր հանգամանք՝ վերջին տասնամյակում պոլսահայ համայնքի խիստ պառակտումը. «Համավարակի շրջանում առաջացած տնտեսական դժվարությունները, նաև այս վերջին տարիներին Թուրքիայի տեղական արժույթի և տարադրամի սակագների միջև եղած ահավոր տատանումները տնտեսական ծանր բեռ են առաջացրել: Ոչ հեռավոր անցյալում 10-12 տարվա բավականին ցնցումային շրջան ունեցավ թուրքահայ համայնքը: Ներքին ցնցումների, ալեկոծումների մեջ ահավոր բևեռացումներ և պառակտումներ են առաջացել մեր համայնքի մեջ, և այս իրավիճակում հազար ափսոս, որ որոշ շրջանակներ սկսեցին թիրախավորել «Ժամանակ» օրաթերթը»:

Ավելի քան մեկ դար թուրքահայության կյանքի կարևոր դրվագները, Հայաստանի և Սփյուռքի առանցքային զարգացումները լուսաբանող պարբերականի գործունեության ամենակարևոր սկզբունքը անկախությունն է: Գոչունյանը շեշտում է՝ «Ժամանակը» ոչ մեկից կախում չունի և այս բարդ շրջանում էլ օգնություն ակնկալելիս ձգտում է հավատարիմ մնալ իր դավանած արժեքներին:

«Սփյուռքի սակավաթիվ անկախ լրատվամիջոցներից մեկն է, և այս պահին ես այս ահազանգը որ հնչեցնում եմ, այդ ահազանգի արձագանքներն արժևորելիս միշտ թերթը ուզում է շեշտել, որ ինքը բոլոր լուծումները որոնում է այն նպատակով, որ ցանկանում է գոյատևել, ցանկանում է շարունակել որպես անկախ լրատվամիջոց», - ասաց նա:

Գոչունյանը նշում է՝ պարբերականի ֆինանսական միջոցները ձևավորվում են բացառապես Թուրքիայի հայության միջոցներով, և հենց այդ եկամուտների նվազումն է հանգեցրել նման ցավալի իրավիճակի: Հույս ունի, որ խնդիրները ժամանակավոր են, իրենց ահազանգը լսելի կդառնա, և հայությունը չի զրկվի համազգային արժեք ներկայացնող Պոլսո «Ժամանակից»:

Թերթի ղեկավարությունը ճգնաժամից դուրս գալու համակարգային լուծումներ է փնտրում, առաջնային նպատակն է ապահովել գոնե առաջիկա մեկ տարվա անխափան գործունեությունը: Ակնկալում են, որ հիմնական աջակցությունը պետք է լինի տեղական համայնքային կառույցներից, բայց հուսով են նաև, որ աշխարհասփյուռ հայությունը ևս անարձագանք չի թողնի իրենց զորակցության կոչը. «Ուզում ենք ապահովել թերթի առաջիկա մեկ տարվա բյուջեն, և եթե մենք առաջիկա մի տարին շահենք, այն իմաստով, որ ավելի միջնաժամկետ և երկարաժամկետ որոնումների արդյունքով ինչ որ կկարողանանք մենք ունենալ, բնականաբար, լավատես հաշվարկների մասին է խոսքը, խնայել, և առաջիկա տարվա տնտեսական եկամուտն էլ, որ հիմա չենք իմանում` ինչ պիտի լինի, դա էլ իր հերթին առանց ծախսելու դնենք և գոյացնել միջոց, որով կկարողանանք «Ժամանակ» օրաթերթի ապագան կազմակերպել»:

Ամենահամեստ հաշվարկներով պարբերականի մեկ տարվա բյուջեն՝ տարածքի վարձակալության, տպագրության և աշխատակազմի ծախսերը, մոտ 150 հազար դոլար է կազմում: Գոչունյանի կարծիքով՝ սա մեծ գումար չէ, և համատեղ ուժերով հնարավոր է հոգալ այս ծախսը և փրկել թերթը փակումից. «Մենք պետք է հաշվենք, որ «Ժամանակ» օրաթերթի ամսական բյուջեն շուրջ12 հազար դոլարին համապատասխանող գումար է, որոշ ընթացիկ ծախսերի շուրջ մենք նաև զարգացման որոշ ծրագրեր պետք է առաջ տանենք: Այս պահին հիմնական ակնկալիքները մոտավորապես, ըստ էության, 180 հազար ԱՄՆ դոլարի համապատասխան գումարի մասին է խոսքը, որը անհավատալի գումար չէ, ըստ երևույթին»:

Պոլսո «Ժամանակի» արդեն չորրորդ սերնդի խմբագիր Արա Գոչունյանի համոզմամբ` չնայած տպագիր մամուլը գնալով կորցնում է իր նշանակությունը, բայց անաչառ և ճշգրիտ լրատվությունը միշտ էլ պահանջված է լինելու: Խմբագիրը հույս ունի, որ «Ժամանակը» դեռ հարյուրամյակներով շարունակելու է իր առաքելությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG