Մատչելիության հղումներ

ԿԳՄՍ փոխնախարարն ամփոփեց ավարտվող տարին


Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյան
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյան

Այսօր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) փոխնախարար Արա Խզմալյանի տարեկան ամփոփիչ ասուլիսը, որի ընթացքում փոխնախարարը ներկայացրեց 2021 թվականին մշակույթի տարբեր ոլորտներում գրանցած ձեռքբերումները, կատարված աշխատանքը։

Խզմալյանն ասուլիսը բացեց երկու լավ նորությամբ. - «Գիտեք, որ 2021 թվականին համավարակի և պատերազմի ողբերգական հետևանքներով մի քանի անգամ պետական բյուջեն կրճատվեց, կրճատվեց այդ թվում մշակութային միջոցառումներին հատկացվելիք գումարը։ Սակայն, բարեբախտաբար, մենք 2022 թվականին մշակութային միջոցառումներին հատկացվելիք գումարը հասցնում ենք այն շեմին, որը կար 2020 թվականին։ Ըստ այդմ, 2020 թվականին հատկացվել էր շուրջ 834 միլիոն դրամ, 2022 թվականին՝ շուրջ 1 միլիարդ 600 միլիոն դրամ։ Տարբեր ուղղություններով. այստեղ մենք ընդունում ենք և' ուղղակի դրամաշնորհները, և' մրցութային կարգով հատկացվելիք գումարները։ Սա, կարծում եմ, բոլորիս համար կարևորագույն լուրերից մեկն է»։

Երկրորդ լավ նորությունը, ինչպես նշեց 2021 թվականին մշակույթի ողջ ոլորտը համակարգող փոխնախարար Արա Խմալյանը, վերաբերում է թատրոնների, համերգասրահների, թանգարանների հիմնանորոգմանը, նյութատեխնիկակական բազայի բարելավմանն ու արդիականացմանն ուղղվող գումարներին, որոնք այս տարի կազմել են շուրջ 175 մլն դրամ, իսկ հաջորդ տարվա համար դրանց ծավալը խիստ աճել է՝ հասնելով 1 մլրդ դրամի. - «2021 թվականին թատերահամերգային կազմակերպությունների նյութատեխնիկական բազային համալրման ծրագրով հատկացվել է 174, 8 միլիոն դրամ։ Այստեղ և Պարոնյան թատրոնին հատկացվելիք 1,5 միլիոն դրամն է, Երևանի կամերային պետական թատրոնին, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնին, որ, գիտեք, բոլորովին վերջերս կառավարության որոշմամբ 168 միլիոն դրամ հատկացվեց Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնին։ Ես սա համարում եմ տարվա լավագույն ձեռքբերումներից մեկը, և առիթից օգտվելով, շնորհավորում եմ Նարինե Գրիգորյանին և թատրոնի ողջ կազմին։ Եվ գիտեմ, որ սա վերջը չէ, պետական բյուջեով գրեթե նույն ծավալով հատկացում կլինի նաև 2022 թվականին։ Այսինքն՝ մենք կունենանք լիարժեք զինված, վերազինված մի կառույց, և կարծում եմ, սա շատ համահունչ է այն արդյունքներին, որ թատրոնը գրանցում է վերջին ժամանակաշրջանում»։

Խզմալյանը հանգամանալիորեն ներկայացրեց մշակույթի տարբեր ոլորտներում իրականացված ամենատարբեր, ծավալուն ծրագրերը՝ անդրադարձավ նաև այս տարվա ընթացքում մշակույթի ոլորտում ամենաաղմկահարույց իրադարձությանը՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնների միավորման խնդրին՝ շեշտելով. - «Այսուհետև, գոնե քանի դեռ ես պատիվ ունեմ լինելու այս պաշտոնում, մամուլի ասուլիսներով, նամակներով, աղմուկով, ցույցերով հնարավոր չի լինելու կանխել լիազոր մարմնի գործառույթների տրամաբանության մեջ և լիազոր մարմնին վերապահված որոշումների կայացումը։ Ես համարում եմ սա անթույլատրելի բան։ Որովհետև եթե մենք կառավարման իրավասություն չունենք, եկեք չկոչվենք լիազոր մարմին, դառնանք պարզապես պետական միջոցները բաշխող կառույց։ Ես համարում եմ, որ մենք գործել ենք մեր իրավասությունների շրջանակներում, մենք այսօր ամեն ինչ անում ենք, որ ստեղծագործական կազմը և ընդհանրապես թատրոնի կոլեկտիվը առավելագույնս տեղավորենք մեր տարբեր կառույցներում, և այս օրինակը ես համարում եմ օպտիմալացում կոչվածի լավագույն օրինակը։ Լավագույն կոլեկտիվներից մեկը՝ սիմֆոնիկ նվագախումբը, գրեթե հարյուր մարդ, գործիքները վերցրած, յուրաքանչյուր օր փորձի համար տեղափոխվեն կառույցից կառույց։ Մի կոլեկտիվ, որը լավագույն միջազգային համագործակցությունն ունի և ամենապրոակտիվ կոլեկտիվներից մեկն է։ Եվ մենք, որպես լիազոր մարմին, միանգամայն ճիշտ ենք վարվել՝ միավորելով երկու կառույցները և տարածքը հատկացնելով մեկ այլ լավագույն կառույցի»։

Մշակույթի ոլորտում առկա խնդիրներին ընդհանուր առմամբ փոխնախարարը գերադասեց չանդրադառնալ՝ կատակով նկատելով, թե դրա համար ամիսներ կպահանջվեն։ Այդուհանդերձ փոխնախարարին խնդրեցի 1-2 հիմնախնդիր առանձնացնել։ Խզմալյանն ասաց. - «Մեծագույն խնդիրը կադրային խնդիրն է՝ պրոֆեսիոնալ կառավարիչներն պետական համակարգ ընդգրկելու խնդիրը, հուշարձանների պահպանության խնդիրը, որը ոչ միայն գույքային ու ֆինանսական խնդիր է, այլև ազգային գիտակցության խնդիր է։ Եվ այդ արժեքների վերականգնման, ռեստավրատորներին ինստիտուտի կայացման խնդիրը»։

Գաղտնիք չէ, որ անկախացումից հետո արդեն երեք տասնամյակ մշակույթի ոլորտի ֆինանսավորումը միմիայն պետության խնդիրն է։ «Ազատության» հարցին, թե արդյոք չեն պատրաստվում ինչ-որ կերպ նվազեցնել այդ բեռը՝ ընդունելով մեկենասության կամ հովանավորչության մասին օրենք, ինչպիսիք գործում են աշխարհի տարբեր երկրներում, փոխնախարարը պատասխանեց. - «Իմ ասած կառավարիչների խնդիրը հենց կառույցների ֆինանսական ինքնավարությունը բարձրացնելը պիտի լինի։ Մեր նպատակը դա է։ Պետությունը չի խուսափում այսքան կառույցի պատասխանատվությունը ստանձնելուց, պետությունը ուզում է ճշտել, թե որ կառույցը ինչ արդյունք է տալիս։ Մենք ստեղծել ենք տասնյակ մշակութային հաստատություններ, այդ հաստատությունների վրա դրել ենք նշանավոր մարդկանց անուններ, այդ անուններով դարձրել ենք անձեռնմխելի այդ կառույցները... մենք բազմաթիվ մշակութային կառույցների տվել ենք գերեզմանի կարգավիճակ։ Եվ երբ ուզում ես որևէ կառույց միացնել մեկ այլ կառույցի, կամ արդյունավետ աշխատող կառույցը ավելի ուժեղացնել մեկ ուրիշ կառույցի ռեսուրսներով, դու դառնում ես գերեզմանափոր ուղղակի, դու դառնում ես դավաճան, դու դառնում ես սրբապղծությամբ զբաղվող մեկը; Պիտի փոխենք մեր վերաբերմունքը պետական կառույցների հանդեպ։ Պետական կառույցը հիշողություն չէ մշակութային, պետական կառույցը թանգարան չէ, պետական կառույցը կենդանի բովանդակություն գերենացնող, հանրության գեղարվեստական պահանջները բավարարող և երկրի վարկանիշը բարձրացնող կառույց պիտի լինի։ Ովքեր որ չեն համապատասխանում այդ չափանիշներին, պետության իրավասությունն է ուղղակի չեղարկելու իր մասնակցությունը այդ ամենին։ Սա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վճարած հարկերի արդյունավետ օգտագործման խնդիրն է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG