Մատչելիության հղումներ

Ավագանու անդամների վրա ճնշումների հայտարարությունների առնչությամբ Իոաննիսյանը հաղորդում է ներկայացրել դատախազություն


«Փորձում էին դրանով ինձ շանտաժի ենթարկել` ասելով, որ քո բացակաների հիման վրա քեզ կհանենք», ավագանու անդամների այս ու այլ հայտարարությունները, ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանի, ուղիղ ճնշում են Երևանի ավագանու անդամների վրա։

Դեռ երեկ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն` պնդելով` քաղաքապետ Հայկ Մարությանի հեռացման, իմպիչմենթի դիմումի տակ ստորագրելու կամ ինքնաբացարկ հայտնելու ու հրաժարական տալու ճնշումները քրեորեն պատժելի արարքներ են։

«Իրական կամ ենթադրյալ ազդեցության օգտագործումն է, որը օգտագործվում է նրա համար, որպեսզի հանրային պաշտոն զբաղեցնող անձին պարտադրվի ինչ-որ գործողություն կատարել կամ ինչ-որ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալ», - նշեց նա:

Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» հայտնեցին, որ հանցագործության մասին հաղորդումը դեռ չեն ստացել։

Ճնշումների մասին խոսակցությունները հասան ավագանու նիստ

Ճնշումների մասին հայտարարություններն այսօր հաստատեց նաև Հայկ Մարությանը իրեն անվստահություն հայտնելու օրակարգով ավագանու արտահերթ նիստի ընթացքում:

«Դեզինֆորմացիայից ու մանիպուլյացիայից հետո սկսեցին գործի դնել շանտաժի գործիքները: Ավագանու մի շարք անդամներին ստիպելով ստորագրել իմ անվստահության որոշման տակ, բառացի մեկին սպառնում էին աշխատանքից հանել, մյուսին ասում էին` փողիցդ կկտրենք և այլն` հին ու բարի մեթոդներով», - հայտարարեց Մարությանը:

Ավելի վաղ իշխանական խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հերքել էր ճնշումների մասին պնդումները։ Իշխանական խմբակցությունը լքած ավագանու անդամ Վահե Գևորգյանն էր այսօր հարց բարձրացնողը. «Դուք ընդունո՞ւմ եք, որ շանտաժի և սպառնալիքների միջոցով փորձել եք ազդել ավագանու անդամների ազատ կամարտահայտման վրա»:

«Ո՛չ, չեմ ընդումում», - եղավ պատասխանը:

Երեկ «Իմ քայլի» անդամներից նաև Լուսինե Մխոյանն էր «Ազատությանը» պատմել, որ իրեն սպառնացել են հաշվել բացակայությունները, երբ հղիության, այնուհետև քովիդով վարակված լինելու պատճառով նիստերին չի մասնակցել.

«Իմ քայլի» այլևս նախկին անդամներից Գրիգոր Երիցյանն էլ այսօր հենց ամբիոնից նորից հիշեցրեց՝ ինչպես են իրեն ստիպել վայր դնել մանդատը։ Նրա խոսքով՝ խմբակցության ղեկավարը վերջին հանդիպման ժամանակ ասել է. «Մեզ պետք է մեկը, ով որ կգա ցուցակի ներքևից և կքվեարկի Մարությանին դեմ, դու էդ մարդը չես, դու պիտի գնաս»:

«Երբեք իմ մտքով չէր անցնի, որ իմ գործընկերների կողմից իմ առաջ խնդիր է դրվելու, որ եթե համաձայն չես, եթե չես քվեարկում իր դեմ, ուրեմն պետք է գնաս», - այսօր ասաց նա:

Չուշացավ Գալջյանի պատասխանը. «Այդ մարդը, ով որ ստեղ եկել, ասում էր` ինձ ճնշում են, 6 ամիս առաջ ինձ նամակ է գրում, ասում է` ես պատրաստ եմ ՔՊ մտնել, բայց ինձ անցողիկ տեղով պատգամավորի մանդատ տվեք»:

Իոաննիսյանը դատախազությանը խնդրել է պաշտպանել վկաներին

Ճնշումները կարող են շղթայական բնույթ կրել, կարծում է «Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավարը, որը դատախազությանը խնդրել է նաև միջոցներ ձեռնարկել վկաների պաշտպանության ուղղությամբ, քանի որ «ճնշում գործադրողները բարձրաստիճան պաշտոնատար անձինք են»։

«Այդ նույն ասող մարդիկ կարող են հանգիստ ասել, որ եթե դու սրա մասին հայտնես իրավապահներին, եթե դու սրա մասին բարձրաձայնես, քեզ գործից կհանենք, այսինքն` նույն ճնշման լծակներն այդ մարդկանց նկատմամբ ունեն, և այստեղ շատ կարևոր է, որ իրավապահ մարմինները ձեռնարկեն միջոցներ վկաների պաշտպանության մասով, առավել ևս մենք խոսում ենք, օրինակ, մի ժողովի մասին, որին մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը: Հետևաբար, ճնշումները կարող են նաև շատ բարձր մակարդակի լինել: Այս առումով իրավապահները, իհարկե, պետք է դրսևորեն բավարար անկախություն և պաշտպանեն վկաներին, բայց նորից եմ ասում` ես չեմ սպասում, ցավոք սրտի, որ իրավապահներն այդ գործողությունները կկատարեն», - ասաց նա:

Ի դեպ, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հանցագործության մասին հաղորդում է պատրաստում այլևս նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի՝ այսօր արած մի շարք հայտարարությունների առնչությամբ ևս։ Մարությանը հայտարարել էր, որ զանգեր է ստացել քաղաքապետարանի աշխատակիցներին աշխատանքից ազատելու պահանջներով` սոցցանցերում քաղաքական հայացքների արտահայտման համար, ինչպես նաև տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներին պատկանող ապօրինի շինությունները օրինականացնելու հորդորով։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG